Քանի որ շփման գծում տեղի ունեցած ողբերգությունից հետո համացանցում անհամեմատ աճել են մեր հայ քոմմենթչիները՝ իրենց անփոխարինելի պաթոսախառն արտահայտություններով ու խորհուրդներով, որոշեցի մի իրավիճակ նկարագրել, որտեղ մեր նախարարը գեներալների հետ մշակում է Ադրբեջանի վրա հարձակման պլանը՝ քոմմենթչիների խորհուրդներով:

Նախարար- Պարոնայք գեներալներ, շփման գծում իրավիճակի սրման պատճառով պիտի նորից հակահարված տանք թշնամուն, բերեք այս անգամ օգտվենք մեր ֆեյսբուքյան օգտատերերի խորհուրդներից, օրինակ, դուք ո՞ր օգտատերի խորհուրդը կհամարեիք առաջնային։
Գեներալ- Պարոն նախարար, մենք տարբեր կայքերում շատ հանդիպում ենք «masivci lktina» օգտատերի քոմմենթներին, որտեղ նա բացի թուրքի մաման հայհոյելուց առաջարկում է Նախիջևանն էլ գրավել Բաքվից հետո, հետո մտնել Մասիս սարն էլ հետ բերել, հասնել մինչև Անկարա:
Նախարար- ՕՕՕՕ շատ հանդուգն միտք է, գրեթե անիրագործելի, բայց եթե նման հզոր տղաներ ունենք, ի կատար կածվի մեր ցանկացած նպատակ, իսկ նա ո՞ր զորամասում է ծառայել, ի՞նչ զենքի է տիրապետում, պրոֆիլի նկարին որ նայում եմ, դեմքը շատ ծանոթ է:
Գեներալ- Պարոն նախարար, իհարկե ծանոթ է, սա այն տղան էր, որ հոր պոչկեն վաճառել, կաշառք էր տվել իրենց զինկոմին, որ չծառայի, բայց զինկոմը բռնվեց դատվեց, իսկ նա ծառայությունից խուսափելու այլ տարբերակ չգտնելով՝ ինքն իրեն ամորձատեց:
Նախարար- Պարզ է, իսկ ուրիշ ի՞նչ խորհուրդներ են տալիս։
Գեներալ- օրինակ՝ Tatoik Ashotovna xachatryan-ն իր հույժ կարևոր կարծիքն է հայտնում, որ պիտի իրենք էլ ծառայեն հայոց բանակին, նա անընդհատ տարբեր լրատվականների տակ մեկնաբանություն է թողնում, որ tenc ardarr chi inci piti tghanery gnan inqy voch, կարելի է նրա խորհրդին հետևել, բայց մի քանի օրից կանչենք զինկոմիսարիատ, քանի որ իր այսօրվա 8000-երորդ սելֆիից հետո գրառում է թողել, որ ինքն ահավոր վախեցել է, մարշրուտկայի մեջ մի թեթև խմած իզվրաշեն սեռաքաղց հայացքով նայում էր իր ոտերին, ու քանի որ իր յուբկան շաաատ կարճ էր, ստիպված ոտքերը պայուսակով ա ծածկել: Խեղճ աղջիկը շատ էր վախեցել հանրային վայրում այդ լկտիի հայացքից:
Ուրիշ գեներալ- Պարոն նախարար, մեկ էլ «Հրապարակ.ամ»-ը պահանջում է, որ բոլոր տագնապների ու հարձակման պլանների մասին իրենց լուսաբանեք, քանի որ որոշ սպաների կանայք անհանգստանում են, դա կանանց իրավունքների ահավոր մեծ ոտնահարում է:
Գեներալ- Հա, մի բան էլ մոռացանք, լրագրողներից մեկն իրավացիորեն նկատել էր, որ մեր ուղղաթիռը խոցել են ռուսական զենքով, մենք պիտի արհամարհենք այդ ստահակ ռուսներին ու էլ չօգտվենք իրենց զենքից, բայց մի ուրիշն էլ ասում է՝ Իսրայելն էլ դե ցեղասպանությունը չի ճանաչել, նրանց զենքերից էլ չօգտվել, իսկ մյուսը՝ ԱՄՆ-ի զենքերից էլ, Օբաման տենց էլ չասեց ցեղասպանություն բառը, էն մյուսը՝ եվրոպականից էլ չէ, դրանք գենդեռ են քարոզում, պղծում են մեր ազգը:
Նախարար- դե այս բոլորի մասին ես կզեկուցեմ Պարոն նախագահին, միասին կխորհրդակցենք։
Գեներալ- պարոն նախարար, հանրապետական երիտօգտատերերը կվիրավորվեն Ձեր արտահայտությունից, ոչ թե Պարոն նախագահի, այլ Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ԶՈՒ Գերագույն Գլխավոր հրամանատար, Շախմատի ֆեդերացիայի նախագահ մեծարգո Պարոն Սերժ Սարգսյանի հետ պիտի խորհրդակցեք, չի կարելի նման սխալներ թույլ տալ, եթե ադրբեջանցիներից չեք վախենում, դա չի նշանակում որ սաքուլիկենցից չպիտի վախենաք:
Նախարար- Դե բերեք ամփոփենք, փաստորեն մենք հարձակվելու ենք առանց զենքի, հասնելու ենք Բաքու, հետ բերենք Մասիսը, գերի չվերցնենք հետներս, որ Արթուր Սաքունցը չնեղվի, հետներս դոլմա ենք տանելու, որ իրենց սպանելուց առաջ միասին հետներն ուտենք, որ մեր կոսմոպոլիտ եվրոպամետ խաղաղասերները չսրտնեղվեն, էլ Ադրբեջան տերմինը չենք օգտագործելու, ասելու ենք ազերշակալներ, ազերբառաններ, որ մեր ֆեյսբուքչի պաթոսասերների ինքնասիրությունը չվիրավորենք, մարտական ոգին բարձրացնելու համար Հախվերդյանի ոչ մի երգ չերգենք, քանի որ նա, ըստ որոշ երիտկուսակցականների, դավաճան է, խմող, պիտի երգեն տղերքը Միհրան Ծառուկյանի ու Վարդայի երգերը, քանի որ էդ երգը մեր երկրում զինվորների ֆլեշմոբից շատ դիտումներ ունեցավ: Ինձ թվում է՝ այսպես բոլորը գոհ կլինեն՝ թե գայլերը կուշտ կլինեն, թե գառները ամբողջական, դե խեղճ Հովիվին էլ Աստված ողորմի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել