Newmag.am-ը գրում է․
Ընթրիքն ավարտվել էր, երբ պարզվեց, որ ընկերներից ոչ մեկի գրպանում այդ պահին փող չկա. Նյու Յորքում էր, 1924 թվականին: Տնտեսագետ Ֆրանկ Մագ Նամարը ծոցագրպանից հանեց բանկային չեկը, վերջին ստվարաթղթե էջին գրեց իր անունը, սեղանի անձեռոցիկին էլ խոստում, որ կփակի ռեստորանի հաշիվը: Գումարը մատուցողը ստացավ հաջորդ առավոտյան, իսկ Ֆրանկ Մագ Նամարը պատմության մեջ մտավ որպես բանկային քարտի նախահայր. նրա նախաձեռնությամբ 1950-ին ամերիկյան 27 ռեստորաններ համաձայնեցին 200 վստահելի հաճախորդի ընդգրկել նորաստեղծ Diners Glub-ում, իսկ տարեվերջին ակումբի անդամների բանակը հասավ 20. ООО-ի: Որոշ ժամանակ անց շատ ավելի հարուստ մարդիկ` մյուսներից տարբերվելու նպատակով, իրենց համար պատվիրում էին ոսկեջրած, պլատինե կամ ադամանդով զարդարված քարտեր: Այդ օրերից է մեզ հասել սովորականից մեծ հնարավորություններով օժտված gold կամ
platinum քարտերի գաղափարը:
Իրականում բանկային քարտի գաղափարը ծնվել է 1880 թվականին: Միացյալ Թագավորությունում հագուստի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն մի օր վերցրեց ու թողարկեց այսպես կոչված վարկային վաուչեր: Կտրոններն ընկերության առևտրային տանը գրանցելուց հետո հաճախորդները դրանով որոշակի խանութներից գնումներ կատարելու իրավունք էին ստանում:
Կանխիկ փողը մասամբ ավելորդ դարձավ դրամապանակում, երբ այնտեղ տեղավորվեց բանկային ամբողջ հաշիվը` պլաստիկ քարտի վրա: Այս մասին կարող է վկայել հիմա արդեն նաև Հայաստանի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ: Բայց թողարկված քարտերի ու քարտապանների թվով մենք դեռ բավական զիջում ենք աշխարհում պլաստիկ քարտ ամենաշատն օգտագործող ճապոնացիներին ու շվեդներին:

Եթե ճանապարհորդության եք պատրաստվում, շտապեք ձեռք բերել VISA կամ MasterCard քարտեր, որոնք հնարավոր է ձեռք բերել հայաստանյան բոլոր բանկերում, քանի որ արտասահմանում նույնիսկ փողկապի կամ օծանելիքի համար կանխիկ վճարելն ընդունված չէ: Հայաստանում ձեռք բերված VISA և MasterCard քարտերը չեն զիջում արտասահմանում ստացածներին: Միջազգային VISA և MasterCard համակարգերից բացի, Հայաստանում 2001 թվականից գործում է ազգային «ԱրՔա» վճարահաշվարկային ցանցը, ինչպես Ռուսաստանում «ԶԲԵՐ-Կրեդիտն» է, Ադրբեջանում` «ՄԻԼԻ-Քարտը», Վրաստանում` «ՊԻՊՕԼ-Քարտը»:
Պլաստիկ քարտերի վրա կարելի է աշխատավարձի ու այլ փոխանցումներ ստանալ, դրանցով կատարել գազի, ջրի, հեռախոսի ու էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումներ, Ինտերնետ ծառայություն պատվիրել և խանութներից գնումներ կատարել` անգամ ավտոմեքենա, եթե բանկային հաշվի Ձեր մնացորդը դրա հնարավորությունը տալիս է: Եթե խնայողությունները քիչ են, պետք է credit-ային քարտերից օգտվել, այս դեպքում բանկը վարկային գիծ է բացում, եթե հասցնեք պարտքը սահմանված ժամկետում մարել, նույնիսկ տոկոս չեք վճարի:
Պլաստիկ քարտով կանխիկացման գործարքներ իրականացնելիս Հայաստանի տարածքում գանձվող միջնորդավճարը, որպես կանոն, տատանվում է զրոյից մեկ տոկոսի սահմաններում, իսկ արտասահմանում կանխիկացնելիս` 2-3 տոկոս:
Հայկական շուկայում առաջին տեղական պլաստիկ քարտը շրջանառության մեջ է դրել նախկին «Միդլենդ-Արմենիա»` այժմ արդեն «HSBC բանկ Հայաստանը»: Սովորական կոչվող ATM քարտը թողարկվել է 1997 թվականին:
Ամբողջ աշխարհում պլաստիկ քարտերը դասակարգվում են երեք խմբի
Դեբետային քարտեր` գործարքները կատարվում են միայն հաճախորդի հաշվին, նրա ունեցած փողի սահմաններում
Կրեդիտային` գործարքները հաճախորդի միջոցներից բացի կարող են ֆինանսավորվել բանկի թույլատրած վարկի հաշվին, ընդ որում տոկոս պետք չէ վճարել, եթե վարկը մարվում է բանկի սահմանած ժամանակահատվածում
Կանխավճարային` նախապես բանկային հաշվին մուտքագրվում է գումար, որը հետո օգտագործվում է քարտային համակարգում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



