Չգիտես ինչու ուզում եմ գրել Կարոտի մասին: Մինչև այսօր չեմ հասկացել դրական զգացում է, թե բացասական:Համենայնդեպս զգացել եմ, որ լավ ընկերոջ նման հավատարիմ է. Հերիք է տխրես, մենակ մնաս ու անպայման կգա հյուր:
Բայց զգացել եմ, որ Կարոտն էլ է երբեմն բավականին ագրեսիվ (չնայած չեմ զարմանում, մեր օրերում բոլորի նյարդային համակարգը նման է հաց ուտող շնիկի-հերիք է մոտենաս ու կբորբոքես երբեմնի խելոք շնիկի մեջ թաքնված գազանին): Դե կենդանու դեպքում հասկանալի է, բնական, իսկ երբ զգացումն է ագրեսիվ....ես կասեի թող ու փախի:
Սովորական ժամանակ, երբ կգար հանգիստ, հաճախ քաղցր հիշողությունների ուղեկցությամբ, ագրեսիվ ժամանակ գալիս է աննկատ, լրիվ պատահական, փաթաթվում է ոտքերիդ ու օձի նման դանդաղ սողալով բարձրանում վերև` ամբողջ մարմինդ ընդգրկելու:Սկզբում ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ հաճելի, այնքան դուրեկան, որ ժպիտով օգնում ես վեր բարձրանալ: Ուղղակի վայելում ես Կարոտի ներկայությունը: Իսկ երբ արդեն հասնում է ամենանուրբ օրգանիդ ու թունավոր լեզվով լիզում է նրան բոլոր կողմերից, անկախ քեզանից թուլանում ես: Իսկ այն հանգստացնող կաթիլները, որ պատրաստ սպասում են սահուն այտերիդ ջերմությունը զգալուն, ակամայից գլորվում են: Իսկ ի՞նչ է պետք անել: Ուղղակի սթափվել, քանի դեռ կարոտ կոչվածը վեր չի բարձրացել ու չի բռնել կոկորդիցդ: Մի թողեք նրան նման դաժանություն: Չէ որ եթե փորձես Կարոտին այլ ուղղություն տալ, որ բարձրանա ոչ թե մարմնիդ ձախ, այլ աջ հատվածով ու հասնի ոչ թե սրտիդ, այլ ուղեղիդ, ամեն ինչ ավելի հեշտ կլինի ու վերջապես թրջված դեմքի փոխարեն կունենաք պայծառ, ժպտացող հայացք:-)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/avanesov.artur/posts/405732759481773
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել