Համացանցը հարթակ է, որտեղ հստակ գործում է «առաջարկ - պահանջարկ» (դիտարկումս մասնագիտական չէ, չի ենթադրում միանշանակ արձագանք) բանաձևը։ Համացանցային հարթակը ճիշտ օգտագործելու դեպքում ստանում ես հարաբերական ցանկալի արդյունք։ Այսօր համացանցային օգտատերերի մեծ մասն այլևս անխոցելի են՝ ինֆորմացիան առավել հավաստի աղբյուրներից «պեղելու» հնարավորության պատճառով: Սակայն, ինչ վերաբերում է կոչերին, վերամբարձ հորդորներին, անհրաժեշտ է ընդգծել` ինչի պահանջարկ կա, օգտատերը, համապատասխանաբար, ընթերցողին առաջարկում է ցանկալի նյութի մասին  գրառումը։ Կոնկրետ ՖԲ-ի դեպքում դժվար է հստակ նշել՝ պահանջարկն է խթանում առաջարկի գործակցի բարձրացմանը և դառնում դրա ավելացման անմիջական պատճառը, թե հակառակը։ Ցանկացած դեպքում, այս ռեսուրսը գրագետ օգտագործելու դեպքում խոսքը կարելի է գործի վերածել։

Եկեք քննարկենք մի պատահական դեպք՝ նշելով դրա բացասական և դրական կողմերը։ Երբ կոչ ենք անում համախմբվել և կյանքի կոչել որևէ գաղափար, որ, հավանական է, օգուտ կբերի սոցիալական ցածր շերտում գտնվող քաղաքացիների թեկուզ փոքր շերտի, տեղի է ունենում հետևյալը. կազմակերպում ենք առցանց մամուլի ասուլիս, պատասխանում մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ներկայացնում միջոցառման մանրամասները, կազմակերպչական անձնակազմի առաջիկա պլանները  և այլն։ Այնուհետև օգտատերը որոշում է մասնակցել, թե ոչ։ Դրական որոշման դեպքում մենք ձեռք ենք բերում մեծաքանակ մարդկային ռեսուրս, ինչից էլ բխում են ֆինանսական և տարատեսակ աջակցություններ, ցանկալի լծակների առաջացում։ Սակայն, ինչպես ասում են, մեդալն ունի երկու կողմ։ Շատերը նման միջոցառումներն ընդունում են ոչ լուրջ, հաճախ ցուցաբերում են անպատասխանատու վարքագիծ և անընդունելի վերաբերմունք: Գաղափարը կյանքի կոչելու, համացանցային (այնուհետ` իրական) համակիրներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նախապես սեփական օգտագործման հարթակը զինել արժանահավատ տեղեկատվությամբ, որը, անշուշտ, պիտի լինի նաև հետաքրքիր և քննարկելի՝ զերծ կտրուկ քննադատություններից և վիրավորական արտահայտություններից։ Տվյալ դիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ այսօր առանց առցանց շփման անհամեմատ դժվարանում է թիմակիցներ ձեռք բերելը: Շնորհիվ համացանցային ընկերների՝ մենք բազմիցս իրականացրել ենք տարբեր միջոցառումեր, օգնել ենք տարբեր մարդկանց: Հատկանշական է` առցանց միջոցառման կազմակեպումը չի ենթադրում ֆինանսական ծախս, ինչը, իմ կարծիքով, կարևորագույն գործոն է: Կատարելով զրոյական ֆինանսական ներդրում` ունենում ենք արդյունք. գումար, հագուստ, տեխնիկա և այլն: Առհասարակ, համացանցը, միանշանակ, միայն դրական կողմեր չունի: Չենք մոռանում բազմաթիվ գիտնականների կատարած բազմաքանակ հետազոտությունները, որոնց ուսումնասիրության ժամանակ առերեսվում ենք մի շարք խնդիրների, որոնք հանգեցնում են հարաբերությունների վատթարացմանը, ժամանակի անիմաստ վատնմանը, իրականությունից ժամանակավոր կտրվելու և սեփական «արկղի մեջ» ապրելուն: Օգտվել համացանցից, որոշել դրա օգտագործման սահմանները` յուրաքանչյուր օգտատիրոջ անձնական ընտրությունն է: Դառնալ թիրախային օղակի անդամ, թե այդ օղակի կառավարողը` նույնպես սեփական ընտրություն է: Չմոռանաք սեփական ուժերը չգերագնահատել այդ որոշումները կայացնելիս: Հաճախ ավելի ձեռնտու է լինել օգտագործվող, քան օգտագործող:))

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել