Armsport.am-ը գրում է․
Շվեդական «Ասիրիսկայի» հարձակվող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լեւոն Պաչաջյանն armsport.am-ի հետ զրույցում խոսեց Եվրո-2016-ի ընտրական փուլի վաղը կայանալիք Պորտուգալիա – Հայաստան հանդիպման վերաբերյալ.
«Ես շատ դիտարժան եւ հարձակվողական ֆուտբոլ եմ ակնկալում: Քանի որ թե՛ մեր հավաքականը, թե՛ պորտուգալացիները միավորների կորստով են մոտենում առաջիկա խաղին, ուստի պայքարը շատ ավելի թեժ է լինելու: Կարծում եմ՝ մեր տղաները պետք է շատ հարձակվեն, քանի որ Պորտուգալիայի դեմ 90 րոպե պաշտպանվելով ոչնչի չենք հասնի: Մրցակցի ամենաթույլ օղակը, թերեւս, պաշտպանությունն է, որից պետք է անպայման օգտվել: Դրա հետ մեկտեղ մեր հաջողության գործում որոշիչ կլինի նաեւ թիմային պաշտպանությունը»:
Պաչաջյանը, ով 2007 թվականին խաղացել է Պորտուգալիայի հետ տնային եւ արտագնա հանդիպումներում, խոսեց նաեւ իր հիշողությունների մասին.
«Երեւանում կայացած խաղում մենք շատ ոգեւորված էինք գործում. դրական հիշողություններ ունեմ այդ խաղից: Հաղթելու լավ հնարավորություն ունեինք, սակայն հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց: Մրցակցի հարկի տակ խաղում, ճիշտ է, զիջեցինք 0:1 հաշվով, սակայն խաղը հավասար էր եւ շատ լարված: Կարծում եմ՝ Պորտուգալիայի հավաքականը հարմար մրցակից է եւ կարող ենք դրական արդյունքի հասնել»:
Խոսելով Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին չեզոքցնելու վերաբերյալ՝ 31-ամյա ֆուտբոլիստն ասաց հետեւյալը.
«Կարծում եմ՝ ինչպես 2007 թվականին այնպես էլ հիմա, Ռոնալդուին անհատապես հսկելու առաջադրանք չի լինի: Պետք է նրա դեմ խաղալիս փոխօգնությամբ գործել: Ինչ խոսք, նա այժմ իր մարզավիճակի գագաթնակետում է գտնվում, սակայն ճիշտ մարտավարության դեպքում հնարավոր կլինի չեզոքացնել նրան: