Tert.am-ը գրում է․
Ադրբեջանի կողմից Արցախի ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը խուճապ չի առաջացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ արցախցին չի կորցրել իր ուժն ու կորովը և պատրաստ է հանուն իր արժանապատվության և հանուն երկրի անկախության շարունակել պայքարել:
«Արցախցին սգում է երեք զոհերի մահը, սակայն այդ ողբերգական միջադեպը որևէ ձևով չի ազդել մեր կորովի, մեր ուժի վրա, և արցախցին պատրաստ է հանուն իր երկրի անկախության, հանուն իր ժողովրդի արժանապատվության պայքարել թշնամու դեմ»,- ասել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Արցախում ուղղաթիռի խոցվելուց հետո շարունակվել և ավարտին են հասցվել նաև ուսումնամարզական վարժանքները:
«Ուղղաթիռը ռազմական գործողությունների համար նախատեսված չի եղել, չի պարունակել զինամթերք և ընդամենը ուսումնամարզական վարժանքներ է իրականացրել: Ուղղաթիռը որևէ վտանգ չի ներկայացրել հակառակորդին: Ադրբեջանական կողմը ուղղաթիռը խոցել է թիկունքից, և սա հերթական անգամ ապացուցում է Ադրբեջանի դեմքն ու մոլագարության այն աստիճանը, որ կա այդ երկրում: Նրանք կարողանում են հարվածել միայն թիկունքից` այն էլ անզեն ուղղաթիռին»,- ասել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ ողջ Արցախն է սգում երեք օդաչուների մահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



