Քաղաքական դաշտում վերջին օրերին հաճախ է քննարկվում, թե ինչպես կզարգանան Եռյակի և իշխանության միջև ձևավորված հարաբերությունները: Եռյակի ներսում տիրող կոնսեսուսի բացակայությունն իր հերթին դժվարացնում է ստեղծված դրությունը: Այնուամենայնիվ, այս ֆոնին Եռյակն անդավաճան է մնում իր կողմից Կառավարությանն առաջարկած 12 կետանոց պահանջին: Բազմիցս ոչ իշխանականների հայտարարությունների մեջ շեշտվում էր, որ գործադիր իշխանությունը արհամարհանքով է վերաբերվում իրենց կողմից առաջարկված պահանջին: Չնայած հնչեցվող դժգոհություններին՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով քննարկում է ընդդիմության առաջարկած բոլոր հարցերը:
Օրերս ՀՀ Նախագահն «Արմենպրեսի» հետ զրույցում, անդրադառնալով 12 կետերի պահանջին, Կառավարությանը կոչ է արել ևս մեկ անգամ քննարկել այդ կետերը և նշել կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են դրանք, ինչպես նաև յուաքանչյուր կետի համար գծել փոքրիկ ճանապարհային քարտեզ և նշել ժամկետներ: Մեջբերեմ ՀՀ Նախագահի խոսքը. «Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»:
Նախագահի մոտեցումը թերևս պարզ է: Նա կոչ արեց Կառավարությանն ու ոչ իշխանական ուժերին ևս մեկ անգամ բանակցության սեղանի շուրջ նստել և պրակտիկ քայլեր մշակել 12 կետերի վերաբերյալ:
Նախագահի ելույթից հետո տրամաբանական էր, որ Կառավարությունը ևս հանդես կգա հայտարարությամբ: Մասնավորապես՝ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադառնալով ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջին կրկին անդրադառնալու թեմային, ասել է, որ Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչև վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Ինչպես նաև Գոհար Պողոսյանը հավելել է, որ վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձևաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները և շարժվել առաջ:
Ստացվում է՝ իշխանությունները լիովին պատրաստակամություն են հայտնել Եռյակի հիմնական պահանջի շուրջ անցնել գործնական քայլերի:
Եթե մի փոքր հետ նայենք, ապա կհիշենք, որ հանրահավաքների օրակարգային անհամաձայնության ֆոնին Եռյակը հայտարարություն արեց, որ ոչ իշխանական ուժերի առանցքային և հիմնական հարցը Կառավարության ներկայացրած 12 կետանոց պահանջն է:
Այսպիսով կայացավ Եռյակի և իշխանության դիալոգը և «գնդակը Եռյակի դաշտում է»: Արդյո՞ք Եռյակն իրոք նպատակ ունի հասնել իր կողմից Կառավարությանն առաջարկված կետերի իրականացմանը, թե՞ պարզապես ոչ իշխանականները ցանկանում են խաղալ ընդդիմադիր զանգվածի հույզերի հետ, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններին ապահովեն համապատասխան ձայներ: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: