Lurer.com–ը գրում է.
ԿԲ խորհուրդը 2014թ. նոյեմբերի 11-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%:
2014թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մոտեցել է տատանումների միջա կայքի ստորին սահմանին՝ ամսվա վերջին կազմելով 2.2%: Խորհրդի կարծիքով, առաջիկա ամիսներին գնաճը կշարունակի մոտենալ իր նպատակային ցուցանիշին և կկայունանա դրա շրջակայքում:
Արտաքին հատվածում հիմնականում պահպանվում են արտաքին պահանջարկի վերականգնման դանդաղ տեմպերը, ինչի ներքո ապրանքահումքային շուկաներում շարունակվում են դրսևորվել գնանկումային միտումներ: Այնուամենայնիվ, խորհուրդն արձանագրել է, որ աշխարհաքաղաքական զարգացումները դեռևս պահպանում են էական անորոշություններ՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների և ապրանքահումքային շուկաների հետ:
ՀՀ տնտեսությունում 2014թ. երրորդ եռամսյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի ավելացում, այնուամենայնիվ, տնտեսական աճը շարունակում է մնալ ցածր մակարդակում: Չնայած արտաքին և ներքին տնտեսություններում պահպանվող ցածր պահանջարկին, ԿԲ խորհուրդը միակարծիք է, որ մինչ օրս իրականացված դրամավարկային պայմանների շարունակական թուլացումը և ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարճաժամկետում կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը: Վերջինիս հնարավոր է նպաստի նաև հ ոկտեմբերից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը: Արդյունքում, 2015թ. և կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում 12-ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշին մոտ տատանվելով թույլատրելի միջակայքի սահմաններում:
Միջնաժամկետ հատվածում արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ ապահովելով այդ ժամանակահատվածում գնաճի նպատակի իրագործումը:



