1in.am–ը գրում է.

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ համաձայն որի Գերմանիան կարող է մերժել ԵՄ այլ երկրներից գործազուրկ ներգաղթյալներին նպաստ վճարելու հայցը, եթե նրանք «տնտեսապես ակտիվ չեն» կամ էլ ոչ բավարար ջանասիրությամբ են աշխատանք փնտրում:
Այդ մասին գրում է The Guardian թերթը:
Դատարանի կողմից Եվրոպայի համար աննախադեպ որոշման հիմքում ընկած է Ռումինիայի 25-ամյա քաղաքացի Էլիսաբեթ Դանոյի հայցը, ով ապրում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Կինը 371 եվրոյի չափով նպաստ է ստացել որդու համար, ով ծնվել էր 2010-ին: Տեղի իշխանությունները հրաժարվել են նրան գործազրկության նպաստ տալ, երբ որոշել են, որ նա ոչ բավարար ջանասիրությամբ է աշխատանք փնտրում: Բացի այդ նա կրթություն չունի և չի տիրապետում գերմաներենին:
Եվրոպական դատարանը վճիռը կայացրել է ի օգուտ իշխանությունների՝ որոշելով , որ կինն ու նրա որդին չեն կարող Գերմանիայում բնակության իրավունք ստանալ, քանի որ գոյատևման բավարար միջոցներ չունեն:



