Հայտարարություն-պահանջ

Հայազն միությունը հայտարարում է, որ 

Հայ ազգի համար Արցախի հարցը չի կարող ունենալ միջազգային լուծում: Առավել ևս չի կարող ունենալ մի լուծում, որը հիմնված կլինի հայատյաց Բաքվի հետ ձեռքբերվելիք ինչ-որ անհասկանալի փոխզիջման վրա: Արցախի հարցը փաստացի և վաղուց լուծված է հետևյալ իրադարձությունների արդյունքում.
- Արցախի ժողովուրդը, դեռ խորհրդային տարիներին, բազմիցս արտահայտել է իր վճռական կամքը Ադրբեջանական անօրինական տիրապետությունից ազատվելու և հայրենի պետության կազմ վերադառնալու մասին: Արցախահայության ինքորոշման իրավունքը, ի վերջո, ամրագրվել է Հայկական ԽՍՀ ԳԽ-ի և Արցախի ազգային խորհրդի 1989թ դեկտեմբերի 1-ի համատեղ որոշմամբ, որը ցայսօր Արցախի կարգավիճակին վերաբերող միակ օրինական և գործող իրավական ակտն է: 
- Ադրբեջանը, Արցախը նորից նվաճելու և հայ բնակչությունից ազատվելու նպատակով, պատերազմ սանձազերծեց խաղաղ հայ բնակչության դեմ, ինչպես Արցախում, այնպես էլ իր տարածքում, սակայն Արցախում հանդիպեց հերոսական դիմադրության և պարտվեց: Փոխարենը, 1991-94թթ մարտական գործողությունների արդյունքում, Բաքուն կորցրեց վերահսկողությունը նախկինում հայաթափված, սակայն պատմականորեն և աշխարահագրորեն Հայաստանին և Արցախ աշխարհին պատկանող տարածքների մի մասի նկատմամբ նույնպես: 
- Ադրբեջանական բնակչությունը, որն ակտիվորեն ներգրավված էր հայերի դեմ թշնամական գործողություններում և քաջ գիտեր այդ շրջանների հայապատկանության մասին, անմիջապես լքեց դրանք: Ազատագրված շրջանները արդեն շատ վաղուց բնակեցված են Հայաստանի քաղաքացի հանդիսացող բնակչությամբ, այդ թվում Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից փախստականներով: Այսօր բոլոր շրջանները արդյունավետորեն ներառված են հայկական պետականության վարչական կառույցում: 

Հակառակ Արցախյան հիմնահարցի վաղուց լուծված լինելուն, հակառակ ԵԱՀԿ Մինկսի խմբի կողմից ներկայացված կարգավորման բացարձակ անընդունելի սցենարներին և Բաքվի չհաշտվող կեցվածքին, Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շարունակում են միջազգային լուծում փնտրել: 
Դեռ 1991թ., միջազգային լուծմանը ապավինելու պատճառաբանությամբ, Հայաստանում իշխող վերնախավը շտապեց Արցախը Հայաստանից անջատ ներկայացնել` բնականաբար պահպանելով նրա նկատմամբ բացարձակ վերահսկողությունը: Հետագա տարիներին այս վիճակը շարունակվեց որպես մի զիջում հայկական կողմից, որը Արցախի կարգավիճակը քննության ենթակա էր դարձնում բանակցություններում: Միջազգային հանրությունն, իր հերթին, երբեք չէր կարող ճանաչել ինքնուրունության ոչ մի հայտանիշ չունեցող տարածքի անկախությունը, չէր կարող նրան համարել բանակցային կողմ, այլ միայն վիճելի տարածք Երևանի և Բաքվի միջև:
Իբր միջազգային հանրությանը հասցեագրված այս խաղարկությունը տարիների ընթացքում ավելի մեծ չափով քարոզվեց Հայաստանի ներսում ու հատկապես Արցախում: Արդյունքում, Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիները զրկվեցին համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից և գոյացան բազմաթիվ այլ իրավական անհեթեթություններ:
Իրականում, այսպես կոչված ԼՂՀ անկախությունը հակասում է 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշմանը: Այն չէր կարող և չի ճանաչվել Հայաստանի և ոչ մի կառավարության կողմից: Փաստացի Արցախը շարունակում է մնալ Հայաստանի մաս, նրա բնակիչները` Հայաստանի քաղաքացիներ: 

Այսօր, տարբեր քաղաքական միավորներ հանդես են գալիս ԼՂՀ անկախությունը ճանաչելու առաջարկությամբ: 
Մենք հայտարարում ենք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է և նրա անկախությունը ճանաչելը նշանակում է ճանաչել նրա անկախությունը Հայաստանից: 
Մենք դատապարտում ենք Արցախը Հայաստանից առանձնացնելու ցանկացած փորձ կամ քայլ, քանի որ դրանք տրամագծորեն հակասում են մեր ազատագրական պայքարի ոգուն ու գլխավոր պահանջին: 
Փոխարենը պահանջում ենք Հայաստանի իշխող վարչախմբից և ազդեցություն ունեցող բոլոր քաղաքական միավորներից.
- Վերականգնել Արցախում բնակվող Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես համապետական ընտրություններին մասնակցելու կարևոր իրավունքը;
- Արցախը բացահայտ ներառել ՀՀ վարչատարածքային բաժանման մեջ;
- Քննարկել և լուծել Արցախի ներկայիս փաստացի ինքնավար հանրապետության կարգավիճակը ՀՀ սահմանադրությանը, մասնավորապես մարզային բաժանմանը համապատասխանեցնելու հարցը;
- Վերացնել բոլոր իրավական հակասությունները և Արցախը մնացած Հայաստանից առանձնացնող դրույթները,
- Ապահովել տարածքի միասնականությունը քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, տեղեկատվական, հեռահաղորդակցության, բնակչության ներքին շարժի և բոլոր մյուս իմաստներով:

Մենք գիտակցում ենք, որ Բաքուն պատրաստվում է պատերազմը ողջ ծավալով վերսկսելուն և Հայաստանի նկատմամբ, հատկապես Արցախի ուղղությամբ, տարածքային նոր ոտնձգությունն իրականացնելուն: Դա են վկայում Ադրբեջանի արագ աճող ռազմական ծախսերը, հակահայ լայնածավալ քարոզչությունը, ադրբեջանական կողմից շփման գծում իրականացվող ու բազմաթիվ կյանքեր խլող սադրանքների աճող հաճախականությունը, մարդասպանների հերոսացումը: 
Սակայն մտավախությունը, թե Արցախի ավելի բացահայտ ներառումը Հայաստանի մեջ կարող է հանգեցնել պատերազմի անհիմն է, քանի որ Ադրբեջանի կողմից պատերազմի չսկսելու միակ պատճառը իր անբավարար պատրաստությունն է, իսկ որպես առիթ «միացումը» «անկախության ճանաչումից» ոչինչով չի տարբերվում:

«Հայազն» Միություն
15.09.12

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել