Ստատիկ կայունության համակարգերին բնորոշ է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կառուցվածքների գոյություն ունեցող կանոնների պահպանություն ու համակարգի վերարտադրողականություն: Դրանք համակարգի կատարելագործման նկատառումներով երբեմն որդեգրում են ակտիվ արտաքին (միլիտարիզացիա, ռազմական, դիվանագիտական ու ինֆորմացիան ագրեսիա, էքսպանսիա և այլն) ու ներքին (ռեպրեսիաներ, քաղաքական պլյուրալիզմի դրսևորումների ոչնչացում, ռեսուրսների բաշխման կրճատում և այլն) քաղաքականության կուրս: Այս քաղաքականությունը հիմնականում սկսում է առաջանալ, երբ տվյալ համակարգն իր կայունությանը սպառնացող արտաքին ու ներքին ազդակներ է նկատում:
Վերջին ժամանակներում Ադրբեջանը, որին տիպական է ստատիկ կայունությունը, սկսել է հար և նման քաղաքական կուրս որդեգրել: Դրան մենք ականատես ենք լինում ՀՀ ու ԼՂՀ դեմ ագրեսիայի մեծացման, ՄԱԿ-ում Ալիևի՝ իր երկրի «պրոգրեսիվ տնտեսական զարգացման ու գլոբալ խնդիրներում նրա ներգրավման պատրաստվածության» մասին ելույթի, ընդդիմադիրների ու լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մեծացման և «սուլթանադստեր» կազմակերպության կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողության ծավալման տեսքով: Սակայն քաղաքագիտական էմպիրիկ դատողության համաձայն՝ նման նախաձեռնությունները, որպես կանոն, դատապարտվում են անհաջողությամբ, եթե դրանք հաշվի չեն առնում զարգացման օբյեկտիվ ընթացքը, ժամանակը, չեն հենվում սոցիալական շահերի վրա, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական իրավիճակը, հնարավորությունները, միջազգային հանրության ռեակցիան: Այդ դեպքում նման համակարգերը սկսում են գնալ կործանման, քանի որ կամ ինքնաոչնչանում են, կամ էլ տեղի ունենում ճիշտ ադապտացիայի կորուստ: Իսկ որ հարևան երկրում վերը շարադրված հանգամանքները գրեթե բացակայում են, աներկբա է:
Իսկ եթե ադրբեջանական ոճի այս գործընթացը ենթարկենք նաև քաղաքական գործընթացի մակրոմակարդակային վերլուծության, որը երևույթների դեդուկցիան է, ապա համակարգի որդեգրած զարգացման ընթացքը կսկսի վնասել առանձին կարևոր սուբյեկտների և որոշ ենթագործընթացներ՝ արտաքին ու ներքին մակարդակներում, և տվյալ զարգացումը կգնա ռեգրեսիվ ճանապարհով: