Խնդիրը, որն ուզում եմ բարձրացնել այսօր, վերաբերվում է բոլոր այն մարդկանց խոսքին ու ելույթներին, ովքեր համարվում են հասարակական դեմքեր: Խոսքս, իհարկե, մեզ՝ պատգամավորներիս էլ է վերաբերվում, գուցե և հենց առաջին հերթին:
Մենք ապրում ենք բավականին բաց հասարակությունում: Հայաստանում գործում են տեղեկատվական բազմաթիվ համակարգեր՝ միանգամից մի քանի լեզուներով: Մեզնից յուրաքանչյուրի ամեն մի խոսքը հաշված րոպեների ընթացքում կարող է հասանելի դառնալ աշխարհի ցանկացած անկյունում: Այն, ինչ ասում ենք ինչ-որ միջավայրում, էմոցիոնալ ինչ-որ աստիճանում, շատ արագ գրավոր նախադասությունների տեսքով առանց էմոցիայի ու առանց համատեքստի դառնում է Հայաստանից հնչած կարծիք ողջ աշխարհի համար՝ իրենց հասկանալի լեզուներով:
Հիմա: Ինչն է ինձ մտահոգում: Բոլորիդ հայտնի է՝ ինչպիսի երկիր է Ադրբեջանը: Աշխարհին է հայտնի: Այդ երկրում որևէ կիսաազատ խոսք ասողը միանգամից հռչակվում է Հայաստանի լրտես, հետո կալանավորվում, աքսորվում կամ սպանվում: Սա գիտի ողջ աշխարհը: Այս տեսանկյունից Հայաստան-Ադրբեջան հարթությունում որևէ գործընթացի վրա մեր ու հարևան երկրի իրողությունների տարբերությունը միշտ էլ ազդում է: Միգուցե ինչ-որ տեղ չի երևում, բայց, միևնույն է, դա կա: Հազար անգամ եմ տեսել ինքս:
Վերջին ժամանակներում բոլորս ենք ականատես լինում, որ չգիտես ինչու, Հայաստանում էլ սկսել են հանրային մարդիկ այլոց պիտակավորել Ալիևի հետ առնչությունների, Ադրբեջանից ֆինանսավորվելու ու նման արտահայտություններով: Հիմա խնդրում եմ վերցրեք այդ արտահայտությունների գրավոր հոդվածները անգլերեն ու ռուսերեն լեզուներով ու կարդացեք: Հեշտ կգտնեք. մեր թշնամիները դրանք շատ մեծ հաճույքով տիրաժավորում են աշխարհում: Կարդացեք, ու դրանցով փորձեք գաղափար կազմել Հայաստանի իրողությունների մասին ոչ հայաստանցու աչքերով: Հավատացնում եմ՝ ենթագիտակցական հավասարության նշանը Ադրբեջանի ու Հայաստանի միջև միանգամից առաջ է գալիս: Սա կեղծ իրականություն է անշուշտ, սակայն չեմ կարողանում հասկանալ՝ ինչի ենք մենք այն ստեղծում, ինչի ենք կրկնում ադրբեջանցիներին: Փոխանակ նրանք քաղաքակրթվեն ու գան մեր ճանապարհով, որ կարողանանք ավելի հեշտ խնդիրները լուծել, մե՞նք ենք իջնում նրանց մակարդակին: Ի՞նչ է սա տալու մեզ, բացի վնասից:
Խնդրում եմ խորհել սրա մասին: