Hayeli.am-ը գրում է.
Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած՝ 7 անձի մահվան պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են պատահարի մի շարք հանգամանքներ և տուժած անձանց ինքնությունը։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչ Մ.Վարդանյանը, աշխատելով «Իմէքս-Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իրեն ամրացված «Կամազ-53202» մակնիշի 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արթիկ քաղաքից երթևեկել է դեպի Գյումրի։
Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ ճանապարհահատվածում երթևեկելով երկրորդական ճանապարհով՝ բեռնատարը մուտք է գործել գլխավոր ճանապարհ և բախվել «Գազ-32213» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեքենայի վարորդը` Ռազմիկ Մկրտչյանը, և ևս վեց ուղևոր ստացած մարմնական վնասվածքներից և այրվածքներից տեղում մահացել են։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը կից հրապարակում ենք վթարի հետեւանքով մահացած ուղևորների տվյալները՝
- Մարինե Արշավիրի Նազարյան (ծնված 1959թ,. ք. Գյումրի),
- Արամայիս Գուրգենի Թումանյան (ծնված 29.05.1954թ., ք. Գյումրի),
- Վանիկ Լևոնի Սարգսյան (ծնված 28.01.1995թ., ք. Գյումրի ),
- Հաբեթ Սեդրակի Սեդրակյան (ծնված 17.08.1962թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ),
- Գայանե Աղասու Սեդրակյան (ծնված 28.12.1955թ., Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան ),
- Ռազմիկ Համբարձումի Մկրտչյան (ծնված 15.03.1955թ., ք. Գյումրի, «Գազ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդ),
- Դավիթ Կարուշի Հարությունյան (ծնված 22.02.1994թ., ք. Գյումրի):
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, նյութագիտական, հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական համալիր և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
«Կամազ-53202» մակնիշի վարորդ Մ.Վարդանյանը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին