Cosmo.am-ը գրում է․
Ընկերություն՝ պարզ, հասարակ, բառիս բուն իմաստով, հակառակ սեռերի ներկայացուցիչների միջև, դե աղջկա ու տղայի, էլ ոնց ասեմ... Լինո՞ւմ է, հնարավո՞ր է կամ գոյություն ո՞ւնի... Չէ, արդեն մի տեսակ Շեքսպիրյան հարցադրումների նման է հնչում: Ընկերուհիներս մի բան են ասում, հոգեբանները մի բան են պնդում... Փաստը մնում է փաստ, բոլորիս կյանքում էլ գոնե մեկ անգամ եղել է թաքուն «Բրուտոս»։
Ըստ Լուսինե Բարսեղյանի
«Մեր երկար ընկերությունից հետո` մեկ էլ մի պահ զգացի, դե ոնց ասեմ, մի բան փոխվել է: Մտածեցի` եթե չեմ ուզում այսպես շարունակվի, ամենաճիշտը` միանգամից նրա հետ խոսելն ու ամեն ինչ բացատրելն է: Խոսեցինք, փորձեցի կանխել ամեն ինչ, քանի դեռ չէր խորացել: Նա պարզապես լուրջ չընդունեց փաստարկներս ու գիտես, մեր ընկերությունը արհեստական մի բանի վերածվեց: Դադարեցինք շփվել առհասարակ: Ճիշտ որոշում էր»:
Մարինե, 21 տարեկան
«Ես սկսեցի ամեն ինչ ավելի շուտ զգալ, նրա հայացքները, վերաբերմունքի փոփոխությունը, հոգատարությունը, որն այլևս ընկերական չէր, ավելի ճիշտ` ոչ միայն ընկերական: Որոշեցի նրան ծանոթացնել ընկերուհիներիցս մեկի հետ: Անընդհատ, համատեղ հանդիպումներ էի կազմակերպում, բզբզում, նրան` ընկերուհուս մասին պատմում: Հետո էլ, մի որոշ ժամանակ դադարեցրեցի մեր ակտիվ շփումն ու... ամեն ինչ ստացվեց: Հիմա նրանք միասին են»:
Անի, 24 տարեկան
«Ընկերությունից ավելի ուրիշ ֆորմատի անցնելուն նպաստում են միասին մենակ մնալը կամ ճամփորդելը։ Բայց ախր ընկերներ եք, ոնց խուսափես դրանից: Ինձ հետ պատահած մի քանի նմանատիպ դեպքերից, ավելի շուտ փորձերից հետո` հիմա աշխատում եմ` էլ առիթներ չտալ, մենակ չեմ մնում ընկերներիցս ոչ մեկի հետ, ու անընդհատ շեշտում եմ, որ սիրում եմ իրենց, ինչպես հարազատ եղբորս կսիրեի: Համենայն դեպս, օգնում է»:
Հասմիկ, 28 տարեկան
«Բայց ինչի համար, անընդհատ ինձ դավաճանված կամ խաբված զգամ, ինչիս է պետք։ Համոզված եմ, որ ոչ մի տղա իմ հետ չի կարող անկեղծ ընկերություն անել։ Այսքան գեղեցիկ աղջկան ոնց անտարբեր վերաբերվեն :) Չեմ ասում, թե փակվել եմ մենաստանում ու շփվում եմ միայն աղջիների հետ, ընկերական շրջապատումս շատ տղաներ կան, բայց էլ ոչ մեկին դրանից մոտիկ չեմ թողնում, գաղտնիքներ չեմ պատմում, որ հետո խղճի խայթ չզգամ»:
Նարե, 23 տարեկան
Պատահական ոչինչ չի լինում
Ցանկացած տիպի շփումները պայմանավորված են փոխադարձ համակրանքով ու կապվածությամբ: Տղամարդկանց մոտ դա ավելի արտահայտիչ է. նրանք առաջին հայացքից գնահատում են կնոջ սեքսուալությունը, արտաքին տվյալները, հետո նոր` մարդկային այլ հատկանիշներ,- նշում է հոգեբանը:
Այնուամենայնիվ, դժվար է բացարձակ ժխտել` կանանց և տղամարդկանց միջև իրական կամ «անշահախնդիր» ընկերության փաստը։ Խոսքն այստեղ, իհարկե, կին և տղամարդ գենդերային ընկալման մասին է: Հաճախ աղջիկները հաջողությամբ ընկերություն են անում գեյ տղաների հետ և «բրուտոսություն» չի լինում, իսկ ահա մնացյալ դեպքերում...
Հայկական տարբերակում, նշում է փորձագետը, ամուր ու երկարատև ընկերություն հնարավոր է` նախկինում սեքսուալ կապ ունեցող կնոջ և տղամարդու միջև, եթե նրանք կարողացել են` գրագետ, առանց իրար ցավեցնելու և վիրավորելու, բաժանվել միմյանցից: Կա նաև ավելի «հասուն» տարիքային ընկերություն կնոջ և տղամարդու միջև, պայմանավորված` ընտանիքների միջև մտերմության, ապա նաև` նրանց երեխաների ընկերության գործոնով:
Միշտ չէ, որ հնարավոր է խուսափել Բրուտոսներից՝ առանց «հետին մտքերի» վստահում, ու հետո դավաճանվում ենք։ Գործիր, եթե չես ուզում կորցնել արական սեռի «ընկերուհուդ»։