«Պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն միայն կարելի է հետաձգել` ի օգուտ հակառակորդի»
Նիկոլո Մաքիավելի 1532թ.
Վստահ կարելի է ասել, որ Ազատության հրապարակում մեկնարկած համաժողովրդական շարժումը Հայաստանում իշխանությունը բռնազավթած խմբավորման դեմ մեկնարկած ազատագրական պատերազմ է: Իսկ հանրահավաքները այս պատերազմի յուրատեսակ ռազմական գործողություններն են, որոնք ուղղված են հակառակորդի շրջափակմանը և նրա վերջնական ջախջախմանը: Կարելի է ասել, որ հոկտեմբի 10-ի և 24-ի հանրահավաքները ժողովրդական ուժերի առաջին հարձակումներն էին ռեժիմի ուժերի ուղղությամբ, որոնք անխուսափելիորեն ստիպելու են Սերժ Սարգսյանին այլևս անցնել ինքնապաշտպանության և նախապատրաստվել հակահարձական:
Նման իրավիճակում, երբ բացահայտված է չորս ընդդիմադիր քաղաքական ուժերի վերջնական շտուրմին անցնելու նպատակը (այն ըստ էության արդեն սկիզբ է առել), հարձակման թափը էլ ավելի պետք է ուժեղանա՝ հնարավորություն չտալով Սերժ Սարգսյանին լիարժեքորեն իրագործել պաշտպանական ծրագրերը: Հենց այս նպատակով էլ մեկնարկել է համաժողովրդական շտաբների ձևավորումը, որը, ինչպես նշված էր Կոնգրեսի հայտարարության մեջ, զուգորդված Ազատության հրապարակում ակտիվ գործողությունների հետ կարող է իրականացնել քաղաքացիների մոբիլիզացիան, շարժման թիկունքի ամրապնդումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստումը:
Այստեղ հարկավոր է հաշվի առնել, որ ավազակապետի ամենաուժեղ և փորձված զենքը մշտապես եղել և մնում է հակառակորդի բանակում անվստահության և հուսահատության տարածումն, ինչի ականատեսն ենք մենք այժմ: Հաջորդ գործողությունների վերաբերյալ անորոշությունը օգտագործելով՝ իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն ձեռնամուխ է եղել շարժման վարկաբեկման և առաջին հանրահավաքներից հետո խուճապահար եղած սեփական թիմի ամրապնդմանը:
Նման իրավիճակում միայն ընդդիմության գերակտիվությունը և զանգվածային գործողությունների մոտալուտ մեկնարկի մասին հստակեցումը կարող է խթանել թե՛ նույն շտաբների արդյունավետ աշխատանքը, թե՛ դառնալ ժողովրդի ոգևորության պատճառը և թե՛ կանխել ապատեղեկատվության տարածումը: Ժողովրդական ուժերի վերջնական հարձակման ալիքի անխուսափելիությունը կստիպի Սերժ Սարգսյանի ողջ թիմին մոտալուտ ջախջախման ահը սրտերում օրեր հաշվել, սեփական գլխի ճարը տեսնել, այլ ոչ թե մտածել իշխանության ապագայի մասին: Հռոմեացի պատմիչ Տիտոս Լիվիոսը նման իրավիճակների համար մի պարզագույն ձևակերպում է տվել. «Միասին նրանք քաջ են, սակայն երբ ամեն մեկը սկսում է մտածել անձամբ իրեն սպառնացող վտանգի մասին, նրանք դառնում են թույլ և փոքրոգի»:
Հ.Գ. 1 Եթե շարունակենք Հայաստանում մեկնարկած քաղաքական գործընթացները համեմատել ռազմական գործողությունների հետ, ապա կարելի է ասել, որ ընդդիմության առաջին հարձակումից հետո իշխանական ամրոցի պարիսպը ճաքեր է տվել և այժմ անհրաժեշտ է հակառակորդին այդ ճաքերը փակելու հնարավորություն չտալով՝ շարունակել հարձակումները՝ քանդել պարիսպները, մտնել ամրոց և գերակշռող ուժերով հասնել վերջնական հաղթանակի:
Հ.Գ. 2 Սերժ Սարգսյանի հանձնարարությունը կառավարությանը՝ անդրադառնալ ընդդիմության պահանջներին, նշանակում է մեկ բան. նա, հասկանալով, որ համաժողովրդական շարժման հապաղումն է իր միակ փրկությունը, ուղղակի աղաչում է շարժման ղեկավարությանը չանցնել վճռական գործողությունների: Սարգսյանը, սակայն, մեկ կարևոր բան պետք է գիտակցի. այլևս ոչ մի զիջման իմիտացիա նրան չի կարող փրկել, շատ մոտ ապագայում նրան խորը հիասթափություն և իշխանությունը պահելու ծրագրերում կատարյալ ձախողում է սպասվում: