Խորեն ՊալյանMagaghat.am-ը գրում է․

Համազգային զարթոնքը դեռ չէր սկսվել, բայց խմորումները վաղուց սկսվել էին: Դա արտահայտվում էր մտավորականության համարձակ ելույթներով, հայագիտական գրքերի հրապարակ գալով և անշուշտ` գաղտնարաններից հանված երգերի ու շարականների կատարումներով: Որևէ մեկին վիրավորած չեմ լինի, եթե ասեմ, որ զարթոնքի առաջին ծիլերը կանաչել են հենց արտերկրի համար հեռարձակվող հաղորդումների խմբագրություններում, դրանք սփյուռքահայերի ունկերին էրն հասցնում հայրենիքում կատարվող դրական փոփոխությունները: Յուրաքանչյուր բաժին, չուրաքանչյուր ռադիոլրագրող աշխատում էր եթեր հասցնել լավագույն հաղորդումը:

Լավագույնի մրցահանդեսում կյանք էին առնում այն ժամանակների համար աննախադեպ շատ հաղորդումներ Կարծում եմ` այդ ցանկում էին իմ երկու ռադիոշարքերը` «Հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագները» և «Հայաստանյայց առաքելական եկեղեցու կաթողիկոսները»: Առաջինը վարում էին ԳԱ պատմության ինստիտուտի երիտասարդ պատմաբանները, իսկ երկրորդի համար ավելի հարմար թեկնածու չգտանք, քան հայ հոգևոր երաժշտության ու գրաբարի գիտակ Խորեն Պալյանը:

– Խնդրեմ, մեծ սիրով կվարեմ,- անմիջապես համաձայնեց նա,-բայց հաղորդաշարը մեկ տարուց ոչ պակաս ժամանակ է պահանջում, հարկավոր է թե մեր հոգևոր առաջնորդների կյանքը ներկայացնել, թե պատմական ժամանակաշրջանը, չէ՞ որ դրանք անխզելիորեն միասնական են:

Ղեկավարությունն առանց հակաճառության պայմանն ընդունեց, և Խորեն Պալյանն ու ես անցանք գործի: Մեկ տարի շարունակ շաբաթական մեկ անգամ հանդիպում էինք, նա բացառիկ բարեխղճությամբ հերթական շարադրանքը բերում էր, որպեսզի խմբագրեմ, իսկ արդեն հաստատվածը վերցնում բարձրանում էինք ստուդիա` ձայնագրելու և ձևավորելու համար:

Երբ ակնարկում եմ խմբագրելու պարագան` ամոթից շիկնում եմ, որովհետև Պալյանն այն փնտրված մտավորականներից էր, ում խոսքը չէր կարելի ուղղել, նրանից կարելի էր միայն սովորել: Մենք ավելի շատ երաժշտական ձևավորման հարցն էինք քննարկում, քան հաղորդման շարադրանքը:

Սկզբից ևեթ պայմանավորվել էինք, որ առավելապես օգտագործվելու են Լուսինեի հոգևոր ձայնագրությունները, Եկմալյանի «Պատարագի» հատվածները, ինչպես նաև շարականների սիմֆոնիկ ու կամերային կատարումները: Իր մասին խոսք չէր եղել այն պատճառով, որ հաղորդաշարի հեղինակն ինքն էր, կարծես դա մի արգելանք էր, միանգամայն հասկանալի պարագա: Բայց ես դավադրորեն ամեն անգամ ստուդիա էի գնում մի հեռանկար փայփայելով, որ ռեժիսորի հետ նրան կհամոզեմ իր ձայնը ևս հաղորդմանը միացնել:

Դա շատ անգամներ հաջողվեց և անշուշտ` ի նպաստ հաղորդման: Չուրաքանչյուր «հաղթանակիցս» հետո նա ստուդիայից դուրս սկսում էր մեր հոգևոր երաժշտության մասին ոգեշունչ դատողություններ անել:
Այն փաստը, որ հենց Խորեն Պալյանն է Խորհրդային Հայաստանում եկեղեցական երաժշտությունը բեմ հանել`բանավեճի առարկա չէ, ապացույցը` Լուսինեի համերգները, որոնց կնքահայրն ու կազմակերպիչը միշտ եղել է ինքը`ամուսինը: Հասարակությունը տվյալ իրողությանը վերաբերվում էր հարգանքով, սակայն մի վերապահում ուներ, թե այդ վերերկրյա ընտանիքում ամեն ինչ հենց Արարչի կամոք է հաջող ընթացք ունենում:

– Կարծում եք հե՞շտ էր Լուսինեին գրական հայերեն սովորեցնելը,- մի անգամ սիրտը բացեց Խորեն Պալյանը: – Նրա առաջին կատարումները ռուսատառ հայերենով էին: Այո, այո, հայկական շարականները նա անգիր էր անում ռուսատառ: Իսկ երբ սկսեցի նրան գրաբար սովորեցնել…այ, դա տառապանք էր:

Պարոն Պալյանը գրեթե մոտեցել էր զարմանքիս սահմանագծին, որը չուշացավ` պոռթկաց:

– Բայց նա ապշեցուցիչ լսողություն ուներ, արդյոք լեզվի հարցում կդժվարանա՞ր:

– Հենց դա էլ նրան օգնեց: Հենց երաժշտականությունն էլ նրան դարձրեց հայ հոգևոր երաժշտության աստվածուհի: Միջակ կարողությունների տեր երգչին դա երբեք չէր հաջողվի:

Խորեն Պալյաննն ինքը ձայնի հոգեպարար հնչերանգ ուներ, մի անգամ ասացի, որ իր ձայնը, ինչպես Լուսինեինը, ստեղծված է տաճարում ղողանջելու համար:

– Շնորհակալ եմ,-արտիստական խոնարհում արեց նա,-բայց այն ամենը, ինչը հայ էությունը երկնել է` ստեղծված է ազատ ու արձակ հնչելու համար: Եթե ես և Լուսինեն միայն Մայր աթոռում երգեինք ու բեմահարթակ չբարձրանայինք` մեր անմահ շարականները ժողովրդի համար կմնային անհասանելի, կմնային սոսկ որպես ծիսական-կրոնական երևույթներ: Եկեղեցին` եկեղեցի, մերն է ու պետք է պահպանենք, սակայն մշակույթի տեղը աշխարհիկ կյանքն է, ազգի հոգին, այնտեղից էլ կարող ենք մեր կամքը երկինք առաքել:

Վախենամ, թե Խորեն Պալյան գործչի ու Լուսինեի բռնած լուսաողող ուղին այսօր մի փոքր ոլորվել է, շատ երգիչների համար դարձել անցանկալի կամ անհաղթահարելի: Կուզենայի սխալված լինել և օրերից մի օր համոզվել, որ Աննա Մայիլյանից ու նրա սաներից բացի շարականներով ուրիշ հմայվածներ կան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել