Մի թեթև պարզաբանում
Ըստ ամենայնի, իմ քաղաքը որոշ չմարած մեղքեր ունի:
Արդեն քանիերորդ անգամ նախատինք եմ կարդում գյումրեցոնց ու Գյումրու հասցեին, թե բա` չեք ամաչու՞մ` զենքի հեղինակ Կալաշնիկովի արձանը դրել եք Գյումրիում, դեռ չեմ կարդացել, որ ասեն` գետինը մտնեք գյումրեցիներ, բայց դրա փոխարեն ահագին անդուր բաներ կարդացի մեր մասին. թասիբի, արժանապատվության, նամուսի, ազգային ավանդույթների ոտնահարման, հոգևոր աղետի և ոգու սովի մասին, այն «սպառիչ» մոմենտով, որ Գյումրիում այդ արձանն է դրվել:
Հիմա երկու հասարակ հարց մնաց.
Ա. Ցույց տվեք այն գյումրեցուն, որ մեղավոր է այն բանի համար, որ Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն ՄԻՋՊԵՏԱԿԱՆ պայմանագրով Գյումրիում և Հայաստանում ռուսական ռազմաբազա է տեղակայվել, այդ ռազմաբազայի զորամասերից մեկում` փշալարերի, պարիսպների ու պահակակետերի ետևում իրենք իրենց որոշում` արձան են դնում: Երևի Պոլոզ Մուկուչն է ստորագրել այդ պայմանագրերը: Իսահակյանն արդեն մեռած էր, Պոլոզն արած կլինի:
Բ. Ցույց տվեք այն գյումրեցուն, որ մեղավոր է այն բանի համար, որ ՀՀ Պաշտպանության նախարարը գալիս է այդ արձանի բացմանն ու ռուսերեն հրապարակային խոսք է ասում և ողջունում, կարո՞ղ է` ով Գյումրի է գալիս, կալաշնիկով, ներողություն` ավտոմատ կերպով գյումրեցի է դառնում, չգիտեինք: Օհանյանն ի՞նչխ է` աշես:
Շատ չխորանամ, լիքը տակառ ունեմ պահած, բայց գործեր էլ կան: Այսով` թե հարցերիս պատասխաններն ունեք` տվեք, իմանանք` մնա՞նք, թե՞ գնանք, թե չունեք` բարի եղեք ձեր մեղադրական եզրակացությունների տակ մի թեթև ուղղում արեք, հա՞ սիրելիներս: Թե չէ ես հո գիտեմ, որ մենք ենք մեղավոր հայոց բոլոր մեղքերի համար, դուք մեղք չունեք, դուք ի՞նչ կապ ունեք, որ նախարարը 2011-ի սեպտեմբերի 21-ի Հայաստանի Անկախության ռազմաշքերթին ռուսական զորք էր բերել իրենց դրոշներով, անցկացնում էր հրապարակով ու ռուսերեն էր ողջունում նրանց, որ` Սերժ Սարգսյանը առիթը բաց չի թողնում ռուսերեն խոսելու ու Հայաստանի ինքնիշխանությունը քանդելու և մաս-մաս Կրեմլին նվիրելու, որ` այդ և այլ պաշտոնյաները միայն գյումրեցու պաշտոնյաներն են, մեր բոստանը չսիրող խրոխտ քաղաքացիների պաշտոնյաները չեն:
Հա, անկեղծորեն` կներեք, որ երեկ չկարողացա զոլաշապիկ հագնել ու Ավետիսյան Հունանի պես նետվել Կալաշնիկովին արձան դրած զորամասի դզոտի ու փշալարերի վրա: Տեղում չէի ուղղակի, գործուղման էի ... Թե չէ, հիմա ուրիշ պոստեր կլինեին ֆեյսում, կգրեիք, երևի, հայ-ռուսական 800-ամյա բարեկամությունը խաթարել կամեցող մի հոգեկան հիվանդի մասին, որ երկու զրահամեքենաներով հարձակվել էր 102-րդ ռազմաբազայի պարիսպների վրա և պատշաճ կերպով գնդակահարվել ճիշտ ժամանակին... Կամ կգրեիք, որ հերոսի մահով այս մեկը գնաց... Բայց չէ, առաջին տարբերակով կգրեիք:
Աչքի գերանների մասին` էլ չգրեմ, դա էլ մնա հաջորդ դասին: