Magaghat.am-ը գրում է․
Մեր օրենքները ոչ բոլորին են հայտնի, դրանք մեզ իշխող արիստոկրատների փոքրիկ խմբի գաղտնիքն են: Մենք համոզված ենք, որ այդ հնագույն օրենքները հստակորեն պահպանվում են, սակայն, այնուամենայնիվ, անսահման տանջալից է, երբ քեզ ղեկավարում են օրենքներով, որոնք դու չգիտես: Ընդ որում ես նկատի ունեմ միանման մեկնաբանություններն ու այն վնասը, որ հասցվում է մարդկանց օրենքների մեկնությանը` ոչ թե ամբողջ ժողովուրդի, այլ միայն անհատների մասնակցության պատճառով: Հնարավոր է՝ այդ վնասն այնքան էլ մեծ չէ: Չէ՞ որ օրենքները գալիս են խոր հնադարից, նրանց մեկնաբանության վրա մարդիկ դարեր են աշխատել, այնպես որ ինքը` բացատրությունն արդեն օրենքի ուժ է ստացել, և թեև ազատ մեկնության հնարավորություններ դեռևս կան, բայց դրանք արդեն շատ սահմանափակ են: Որևէ հիմք չկա ենթադրելու, որ արիստոկրատիան ի շահ սեփական հետաքրքրությունների թույլ տա մեկնաբանություն ոչ մեր օգտին. չէ՞ որ օրենքներն ի սկզբանե այսպես թե այնպես ընդունվել են ի շահ արիստկրատիայի, դրանք արիստոկրատիայի վրա չեն տարածվում, ըստ էության, այդ իսկ պատճառով էլ ամբողջությամբ նրա ձեռքերում են: Իհարկե, դրանում կա ճշմարտության զգալի բաժին. ո՞վ է կասկածի ենթարկում հին օրենքների իմստությունը. սակայն մեզ համար սրանում կա նաև տառապանք, որ, հնարավոր է, անխուսափելի է:
Եվ այդ կասկածելի օրենքների գոյությունն իսկ լոկ ենթադրություն է: Միայն ըստ ավանդույթի է ընդունված համարել, որ դրանք գույություն ունեն և ի պահ են տրված արիստոկրատիային իբրև գաղտնիք, բայց դա ընդամենը տրադիցիոն մոտեցում է՝ արժանի ճանաչման միայն իր ավանդույթի ուժով, ու ոչինչ ավելի, և կամ հենց այդ օրենքների բնույթն է պահանջում, որ դրանց առաջացումը գաղտնի պահվի:
Սակայն եթե մենք` ժողովուրդը, ուշադիր ուսումնասիրենք արիստոկրատիայի գործողությունները` հնագույն ժամանակներից սկսած, եթե մենք ուսումնասիրենք այս մասին մեր նախնիների աշխատանքները, բարեխղճորեն շարունակենք դրանք և անհամար փաստերի շարքում գտնենք հիմնական գծերը, որ թույլ կտան գնահատելու պատմական այս կամ այն որոշումները, և եթե մենք այս մանրամասնրեն ընտրված և կանոնակարգված հետազոտությունների, եզրհանգումների հիմքի վրա փորձենք ինչ-որ բան գտնել ներկայի ու ապագայի համար, ապա պարզ կդառնա, որ այդ ամենը շատ անկայուն է, ավելի շուտ ուղեղի խաղ, և կամ այն օրենքները, որոնք մենք փորձում ենք գտնել, հնարավոր է, ամենևին էլ գոյություն չունեն: Գոյություն ունի փոքր խումբ, որն իսկապես այդպես է մտածում և փորձում է ապացուցել, որ եթե անգամ օրենքը գոյություն ունի, ապա դա կարող է միայն մի բան նշանակել. այն, ինչ անում է արիստոկրատիան, օրենք է: Այս խումբը տեսնում է միայն արիստոկրատիայի կամայական հաստատումը և հերքում է ժողովրդական ավանդույթը, որը, ըստ այդ խմբի, լոկ չնչին և պատահական օգուտ, իսկ ավելի հաճախ լուրջ վնաս է բերում, քանի որ ժողովրդի մեջ գալիք իրադարձությունների նկատմամբ ծնում է կեղծ, խաբուսիկ և թեթևամիտ վստահություն: Այդպիսի վնասը չի կարելի ժխտել, սակայն մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը դրա պատճառը տեսնում է նրա մեջ, որ ավանդույթն ամեն ինչ չէ, որ ընդգրկում է. այն անհրաժեշտ է առավել խորությամբ ուսումնասիրել, և նույնիսկ նրա մեջ եղած նյութը որքան էլ մեծ, միևնույնն է շատ անբավարար է, և դեռ դարեր պիտի անցնեն, մինչ այն կընդգրկի ամենը. այդ հեռանկարների ունայնությունը ներկայում արտացոլվում է ընդամենը այդպիսի գալիք ժամանակների հավատով, երբ վերջապես կանգառ կլինի, կավարտվեն ավանդույթների ուսումնասիրությունները, ամեն ինչ կհստակվի և օրենքը կպատկանի միայն ժղովրդին, իսկ արիստոկրատիան կանհետանա: Սա արիստոկրատիայի նկատմամբ ատելությունից չի ասվում, ամենևին ոչ, ոչ մի դեպքում այդպես չէ: Ավելի ճիշտ՝ մենք ինքներս ենք մեզ ատում, որովհետև մեզ դեռևս չի կարելի օրենք վստահել: Ուստի և նշված խումբը՝ շատ գրավիչ հայտնի պատճառներով, ոչ մի օրենքի ըստ էության չի հավատում և մնացել է այդպես փոքրաթիվ, և կամ այն ամբողջությամբ ընդունում է արիստոկրատիային և գոյության նրա իրավունքը:
Սա կարելի է արտահայտել յուրօրինակ պարադոքսի օգնությամբ. եթե որևէ կուսակցություն օրենքի նկատմամբ հավատով հանդերձ դուրս շպրտեր և արիստոկրատիային, ապա այդ իսկ վայրկյանին նրա կողքին կհայտնվեր ամբողջ ժողովուրդը, սակայն նման կուսակցություն չի կարող հայտնվել, որովհետև ոչ ոք չի համարձակվում դուրս շպրտել արիստոկրատիային: Եվ դանակի այս սայրին էլ մենք ապում ենք: Մի գրող ժամանակին այդ միտքը ձևակերպել է այսպես. միակ տեսանելի, աներկբա օրենքը, որին մենք պարտավոր ենք ենթարկվելու, արիստոկրատիան է, և հանուն այդ միակ օրենքի մենք պետք է ինքներս մեզ զոհե՞նք: