Cosmo.am-ը գրում է․
Բոլորն էլ սիրահարվում են: Սերը կարող է խելակորույս լինել. սրտի թրթիռներ ու բախոցներ, երազկոտ տրամադրություն ու մտամոլություններ, կարոտի հառաչանքներ և այլն... իսկ որքան հեռուն ես պատրաստ գնալ քո երազանքներն իրականացնելու համար: Միացի՛ր Cosmo-ին: Մենք կփորձենք պարզաբանել քո մտքերը:
Ես երբեք չէի խլի ուրիշի տղամարդուն
«Արդեն երկու տարի է` մինչև ականջներիս ծայրը սիրահարված եմ իմ աշխատակիցներից մեկին, սակայն նա ամուսնացած է: Չնայած մեր համակրանքը փոխադարձ է, և ամեն անգամ սիրտս տեղից դուրս է թռչում նրան տեսնելիս, սակայն երբեք առաջին քայլը չեմ անի, քանի դեռ կողքին կին ունի, որն իսկապես հաճելի անձնավորություն է: Պետք է հաշվի առնել այն, որ մենք քույրերի պես մտերիմ ենք: Այնուամենայնիվ, դեռ հրաշքի եմ սպասում...»։
Ես կխլեի ուրիշի տղամարդուն
«Կյանքը չափազանց կարճ է, պետք է իրականացնես ցանկությունդ, որպեսզի հետագայում չզղջաս: Ես մտածում էի, որ գտել եմ երազանքներիս տղամարդուն: Չնայած ամուսնացած էր, միևնույն է, ես ուղղակի չէի կարող չասել նրան զգացմունքներիս մասին: Ճիշտ է՝ հիմա բաժանվել ենք, բայց երկու հրաշալի տարիներ ենք անցկացրել միասին: Շատ ուրախ եմ, որ այդպես եմ վարվել, այլապես ամբողջ կյանքում ինձ կտանջեր այն միտքը՝ գուցե կյանքս ա՞յլ կերպ դասավորվեր...»։
Ես երբեք չէի դավաճանի ընկերոջս
«Շաբաթներ առաջ մի տղայի հետ եմ ժամադրվել զուտ մի բաժակ սուրճ խմելու նպատակով: Իհարկե, երկուսս էլ համակրում էինք իրար, մտքիս կար նրա տուն վերադառնալ և շարունակել այն, ինչ սկսվել էր մեր միջև, բայց ես հրաշալի ընկեր ունեմ: Եթե նույնիսկ նոր հանդիպածի նման կենսուրախ չէ, միևնույն է, երբեք նրան չէի դավաճանի: Շատ արագ ու հանգիստ ձևով վերջ կտայի ամեն ինչին: Կուշտ եմ գաղտնիքներից ու տեսարաններից»։
Ես կդավաճանեի ընկերոջս
«Իմ ու նախկին ընկերոջս միջով սև կատու էր անցել. ակումբում սաստիկ վիճեցինք, և նա բարկացած տուն գնաց: Մի պատկառելի տղամարդ մոտեցավ ինձ, պարի հրավիրեց, ու երկուսիս մեջ միանգամից կրակ բռնկվեց: Ամեն ինչ ակամա ստացվեց: Ես վերադարձա տուն` մտածելով, որ եղածն ընդամենը գիշերային խաղ էր: Սակայն մի քանի անգամ հանդիպելուց հետո մեր միջև լուրջ հարաբերություններ սկսվեցին: Այս ամառ նա ինձ ամուսնության առաջարկություն արեց. դա սպասելի էր»։
Ես երբեք չէի ընտրի լավագույն ընկերուհուս նախկին տղամարդուն
«Նախ քույրեր, հետո՝ հյուրեր, այսպես էինք ասում ես ու ընկերուհիներս: Կապ չունի` լավագույն ընկերուհուդ նախկին տղամարդը որքան հմայիչ է. նա բոլորովին արգելված գոտի պետք է մնա: Նրա հետ չես կարող այլևս հանգիստ սրտով մտերիմներիդ շրջապատ դուրս գալ, անընդհատ կզգաս, որ քեզ համեմատում են ընկերուհուդ հետ: Ճիշտ է՝ նրանց միջև ամեն ինչ վերջացած է, բայց, միևնույն է, կխանդեմ, եթե տեսնեմ` կրակի մի նշույլ կա երկուսի միջև»։
Ես կընտրեի լավագույն ընկերուհուս նախկին տղամարդուն
«Ես գիտեմ օրենքները, բայց իմ ու ընկերոջս միջև բոլորովին այլ էր: Մեր հանդիպելուց երկու տարի առաջ նա ընկերություն էր արել մտերիմ ընկերուհիներիցս մեկի հետ, և նրանք շարունակում էին մտերիմներ մնալ: Ես և նա մշտապես նույն երեկույթներում էինք լինում, և մի անգամ այնպես ստացվեց, որ գիշերը միասին անցկացրեցինք: Տարօրինակ է հնչում, բայց ճիշտ է: Ընկերուհիս չի տրտնջում դրանից և սովորական է վերաբերվում: Ինչու պետք է չցանկանար մեզ երջանիկ տեսնել»։
Ես երբեք չէի վերափոխի կյանքս
«Արդեն վեց ամիս էր` ես ու ընկերս միասին էինք, երբ ինձ ասաց, որ իրեն գործ են առաջարկել Կանադայում: Ուզում էր, որ ես էլ գնամ իր հետ, սակայն չէի կարող թողնել ընտանիքս, ընկերներիս ու աշխատանքս: Շատ դժվար էր նրան հրաժեշտ տալ, բայց քանի որ վստահ չէի, որ նա է իմ ճակատագիրը, պատրաստ չէի երես թեքել իմ հրաշալի կյանքից»։
Ես կվերափոխեի կյանքս
«Ես հանդիպեցի իմ կյանքի տղամարդուն, երբ աշխատանքի բերումով Իսպանիա մեկնեցի: Նա թխահեր, բարձրահասակ ու հմայիչ էր և իմ միակ ապավենը: Ամբողջ ութ ամիսներ մենք միասին անցկացրեցինք` մեկս մյուսի գրպանի հաշվին ապրելով: Իսկ երբ խնդրեց՝ իր հետ մնամ, իհարկե համաձայնվեցի: Երկուսիս համար ծանր օրեր շատ եղան, արդեն մի տարի է` միասին ենք, և ամեն ինչ հրաշալի է մեզ մոտ: Նա, միանշանակ, համար ԱՌԱՋԻՆՆ է»։
Ես երբեք չէի հրաժարվի երեխաներ ունենալ
«Միշտ երազել եմ երեխաներ ունենալ: Այն աղջիկներից եմ, ովքեր իրենց մայրիկ են պատկերացնում: Երբ իմացա, որ ամուսինս անպտուղ է, մտածեցի` գոնե ուրիշ միջոցների կդիմի հանուն իմ երջանկության, բայց նա ցանկություն չուներ մի կողմ թողնել իր հպարտությունը: Լարվածությունն այնքան մեծացավ, որ, ի վերջո, բաժանվեցինք: Հիմա փնտրում եմ այնպիսի տղամարդ, որը կկիսի իմ ցանկությունները»։
Ես երբեք չէի ունենա երեխաներ
«Արդեն մի տարի էր` ես ու ամուսինս միասին էինք, երբ իմացանք, որ նա երբեք չի կարող երեխաներ ունենալ: Բնականաբար, երկար մտորեցի որոշմանս շուրջ, սակայն եկա այն եզրահանգման, որ երեխաներն ինձ համար այնքան կարևոր չեն, որքան նա: Եթե հետագայում դա լուրջ խնդիր դառնա, այլընտրանքներ շատ կան, իսկ հիմա ինձ միայն նա է պետք»։
Ես երբեք չէի հրաժարվի ամուսնանալ
«Ամուսնությունն ինձ համար շատ կարևոր է: Եթե մեկի հետ հանդիպեմ, պետք է համոզված լինեմ, որ օրերից մի օր նա կբարձրացնի այդ հարցը: Շատ աղջիկներ կան, որոնց այլևս չի հետաքրքրում ամուսնությունը, բայց ինչ վատ բան կա, եթե ուզում ես կյանքիդ մնացած մասը մեկի հետ անցկացնել: Դա շատ վճռորոշ պայման է ինձ համար»։
Ես երբեք չէի ամուսնանա
«Արդեն ութ տարի է` ես ու ընկերս միասին ենք: Ամուսնության մասին, բնականաբար, խոսել ենք, բայց նա չի ուզում լուրջ քայլերի դիմել: Այսպես էլ ենք շատ երջանիկ: Ինչու պետք է երես թեքեմ իմ սիրած տղամարդուց միայն այն պատճառով, որ չեմ պատրաստվում ճերմակ զգեստ հագնել»։