Magaghat.am-ը գրում է․
Պարուհի էլեն-Կարմեն Նազարեթյանը Magaghat.am կայքին տված հարցազրույցում պատմեց իր ստեղծագործական ուղու, պարերի և նախասիրությունների մասին…
– Ո՞ր տարիքից սկսեցիք լուրջ զբաղվել պարով:
– Առաջին քայլերս պարի ասպարեզում եղել են «Matador» պարային ակումբում։
Դա 1995 թվականի նոյեմբեր ամիսն էր, ես 18 տարեկան էի։ Սկսել եմ սիրողական խմբերից, բայց արդեն վեց ամիս անց սկսել եմ մասնակցել մրցույթների։
Մինչ այդ երեք տարեկանից մինչև տասը տարեկան զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, ապա տասը տարեկանից մինչև տասնութ տարեկան` թեթև ատլետիկայով: Այդ ժամանակ միտք չունեի պարի հաճախելու։ 2000 թվականին ես պետք է մասնակցեի Սիդնեյում կայանալիք սպարտակիադային. պետք է ներկայանայի հեռացատկով։ Սակայն 1994 թվականին, ավարտելով դպրոցը, ընդունվեցի Հայկական բաց համալսարան՝ հագուստի գեղարվեստական մոդելավորման բաժին։ Այդ տարիներին կազմակերպվում էին մեր աշխատանքների ցուցադրությունները, որոնց ժամանակ գրավել եմ 1–ին, 2–րդ տեղերը, ինչպես նաև ստացել մրցանակներ` օրիգինալ մտքերի համար։ Այնուհետև դարձա «Կիրառական արվեստի և դիզայնի» միության անդամ, որտեղ կարողացա հանդես գալ իմ աշխատանքների անհատական ցուցադրություններով։ Իմ աշխատանքները՝ քրիստոնեության և ավանգարդ թեմաներով ներկայացրի նաև «Մուտք 21–րդ դար» փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր քրիստոնեության ընդունման 1700 ամյակին։
Երբ դեռ առաջին կուրս էի, իմ դասախոսները ինձ ասում էին, որ իմ վրձնահարվածները պարում են, իմ գույները պարում են, որ ես պարում եմ իմ կտավների մեջ։ Նրանք ասում էին, որ ես պետք է դառնամ բեմական հագուստների և դիմակահանդեսային հագուստների դիզայներ։ Սակայն այդ ժամանակ, երբ դադարեցի զբաղվել սպորտով, սկսեցի ինձ վատ զգալ և որոշեցի միայնակ մարզվել, բայց դա այն չէր, ինչ ես էի ուզում, և ունենալով հաջողություններ նկարչության ասպարեզում՝ զգում էի, որ ինձ ինչ–որ բան է պակասում ՝ ամբողջական լինելու համար։ Մի օր` դասից հետո, քայլում էի կենտրոնով. լսել էի, որ կենտրոնում ինչ–որ սպորտային խմբակ կա, երբ հասա Ճարտարագիտական համալսարանի կանաչ դահլիճի մոտ, լսեցի ռիթմեր, որոնք միանգամից գերեցին ինձ. դրանք ռումբայի ռիթմերն էին, և հասկացա՝ այն, ինչ ինձ պակասում էր տասնութ տարի՝ պարն էր… ռիթմն էր… շարժումն էր….
– Նշել եք, որ ցանկանում եք բացել պարի ակադեմիա, այժմ այդ գործընթացը ո՞ր փուլում է:
– Ցանկացած պարող երազում է ունենալ պարային ակադեմիա, դպրոց, որտեղ կդասավանդվեն տարբեր ժանրերի պարեր։ Այժմ լուրջ աշխատանքներ եմ տանում այդ ուղղությամբ։ Ես իմ դպրոցն եմ ունեցել նաև Գերմանիայում՝ Բեռլինում, որը կառուցել եմ իմ ձեռքերով՝ պաստառներ փակցրել, մեխեր խփել և ընդհանրապես ամբողջը կառուցել եմ ինքս, սակայն այդ ժամանակ դարձա խաբեության զոհ. հասկացա, որ ինձ խաբել են և չեն վճարելու։ Պատռեցի պայմանագիրը, քանդեցի այն, ինչ կառուցել էի, և վերադարձա։
«Monaco armenian children’s» հիմնադրամի շրջանակներում համագործակցում եմ նաև Մոնակոյի հետ։ Այդ հիմնադրամի շրջանակներում հայ տարբեր արտիստների համերգների հասույթը տրամադրվում է հիվանդ երեխաներին, օրինակ` այդ համերգներից գոյացած գումարով Ալավերդիում կառուցվել է հիվանդանոց։
– Ձեր պարապմունքների ընթացքում կիրառում եք նաև պարաթերապիա, կպատմե՞ք դրա ազդեցության մասին:
– Ես ինքս եմ մշակել պարաթերապիայի ծրագիրը, և ինտենսիվ էներգիայի շնորհիվ այն, ինչ անհանգստացնում է մարդուն, դուրս է գալիս նրանից։ Այս պարագայում, երևի թե, թերապիա տերմինը կիրառվում է փոխաբերական իմաստով։ Սա մարդուն հանգստություն պարգևող թերապիա չէ։ Մարմնի ցանկացած շարժում հոգու ճիչ է, և եթե մարդն ունի խնդիր, այն անպայման արտահայտվում է նրա շարժումների մեջ։ Լավ տիրապետելով նաև անատոմիային՝ բացատրում եմ, թե յուրաքանչյուր շարժում անելիս ինչ մկաններ են աշխատում։ Փորձում ենք հասցնել նրան, որ այդ շարժումները ամրապնդվեն մկանային հիշողության մեջ, իսկ մկանային հիշողությունից դրանք այլևս չեն ջնջվում։ Պարաթերապիան խորհուրդ եմ տալիս բոլորին, այն տևում է 1 ժամ՝ ինչպես ցանկացած ստեղծագործություն այն կամաց–կամաց հասնում է իր կուլմինացիային, այնուհետև եզրափակվում է յոգայի էլեմենտներով և պանտերա կոչվող շարժումով։ Մեկ շաբաթից արդյունքը զգացվում է։
– Յուրաքանչյուր պար ունի իր էմոցիոնալ առանձնահատկությունները, որոնք պարելիս հասցնում եք հանդիսատեսին, ինչպես նաև հանդիսատեսին է փոխանցվում Ձեր ներքին հոգեվիճակը. վերլուծե՞լ եք Ձեր այն էմոցիաները և հոգեվիճակը, որոնք փոխանցում եք հանդիսատեսին։
– Այո՛, ամեն պար ունի իր էմոցիոնալ դաշտը, առանձնահատկությունները, և ամեն հաջողված ելույթից հետո վերլուծում ես, թե ի՞նչ ես փոխանցել հանդիսատեսին։ Օրինակ` բրազիլական սամբան աշխույժ, արևոտ, դիմակահանդեսային պար է, այն իրավիճակն է արտահայտում, կարծես դու արթնացել ես և երջանիկ ես, որ ապրում ես։ Դեպք է եղել, երբ հիվանդ էի, ինձ շատ վատ էի զգում, սակայն լսելով սամբայի ռիթմերը՝ միանգամից աշխուժացա և վերականգնվեցի։ Սամբան սպորտային, պարահանդեսային պարերի լատինոամերիկյան ծրագրի առաջնային պարերից մեկն է, և այդ պարով են դատում պարողի տեխնիկան և արտիստիզմը։ Եվ չես կարող վատ տրամադրությամբ պարել այդ պարը, այդ պարը պարելիս պետք է հանդիսատեսին փոխանցես քո ամբողջ պոզիտիվ էներգիան։
Պասո դոբլե (իսպաներենից՝ կրկնակի քայլ) պարը ամբողջովին կիրք է, այն ցլամարտի արտացոլումն է պարի միջոցով, և այդ էմոցիան անպայման պետք է հանդիսատեսը ստանա։ Այդ պարը շատ բարդ է, քանի որ պետք է ունենալ և՛ լավ տեխնիկա, և՛ լավ կեցվածք, որոնց շնորհիվ այդ էմոցիաները հասնում են հանդիսատեսին:
Ռումբան սիրո պար է, որ առաջացել է Կուբայում՝ այն պարել են ստրուկները, և հանդիսատեսը անպայման պետք է զգա քո սիրահարված վիճակը։ Այն, որ ես սիրահարված եմ ռումբային, երևում է։ Պետք է այնպես պարես, որ հանդիսատեսին թվա, թե քո և քո պարազույգի միջև կան սիրային հարաբերություններ։ Ընդհանրապես կարևոր է իմանալ յուրաքանչյուր պարի պատմությունը։ Առանց պատմությունն իմանալու չես կարող ձեռք բերել լավ տեխնիկա։ Պետք է իմանաս, թե յուրաքանչյուր շարժում տվյալ պարի մեջ ինչպես է առաջացել և ինչ է խորհրդանշում։ Օրինակ` կուկառաչան (բառը, իսպաներենից թարգմանած, նշանակում է խավարասեր), տարածվել է Կուբայից, երբ կուբացիները ոտքով տրորել են խավարասերներին, միաժամանակ կոնքերով ութաձև շարժումներ են կատարել (օչո, իսպ.–ութ), ապա ոտքերը միացրել են իրար և հետո մյուս ոտքով են տրորել։ Այժմ այդ շարժումը ընկած է բոլոր լատինոամերիկյան պարերի հիմքում։ Եվ առանց հասկանալու այս ամենը, չես կարող ունենալ լավ տեխնիկա։ Այժմ ես իմ աշակերտներին անպայման ծանոթացնում եմ յուրաքանչյուր պարի պատմության հետ։
– Ինչպե՞ս տարվեցիք ֆլամենկոյով և իսպանական մշակույթով:
– Առաջին անգամ Բարսելոնայում տեսա, թե ինչպես են պարում ֆլամենկո, և ինձ շատ դուր եկավ, ես էլ սկսեցի պարել` իմպրովիզ անելով. այդ ժամանակ պարզապես պարում էի, բայց չգիտեի, թե ինչ եմ պարում։ Սկսեցի պարել` նմանակելով այնտեղի պարողներին. իմ ֆլամենկոն անվանեցին մոդեռն ֆլամենկո։ Ֆլամենկոն շատ բարդ ոճ է. պարը, երգը և կիթառը կապված են միմյանց։ Չես կարող պարել ֆլամենկո, և գաղափար չունենալ այդ ոճի երգեցողությունից և երաժշտությունից։ Ես այդ ոճը սովորել եմ Գերմանիայում և Իտալիայում՝ Սևիլյայից եկած պարուսույցներից, քանի որ այն սկսել է տարածվել Իսպանիայի հարավից, և այնտեղի մարդիկ կարողանում են ճիշտ փոխանցել այդ պարի ոգին։ Այստեղ համագործակցել եմ «Los Locos» խմբի հետ, որ ֆլամենկո էր նվագում, ունեցել ենք համատեղ պրոյեկտներ։ Սակայն իրապես ստեղծել ֆլամենկոյի միջավայր այստեղ այնքան էլ հեշտ չէ, քանի որ պետք են շատ կիթառներ, կախոններ, մանրակրկիտ և երկարատև փորձեր, այդ ամենը միշտ չէ, որ հաջողվում է, սակայն փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս լավ ներկայանանք։ Այժմ պարում և դասավանդում եմ ֆլամենկո, բայց ներկայացնում եմ իմ ձևով, որը ես կանվանեի ջազ–ֆլամենկո, քանի որ մաքուր ֆլամենկո դասավանդելիս պետք են կիթառի, կախոյի կենդանի նվագակցություն։
Ասում են, թե ֆլամենկոն ունի հայկական ծագում։ Այդ մասին շատ են խոսել հայտնի ֆլամենկո կիթառահարներ Պակո դե Լուսիան, Թոմատիտոն և այլոք։ Ըստ նրանց, երբ գնչուները անցել են Հայաստանով, նրանց շատ է դուր եկել քանոն գործիքը, և ֆլամենկոյի տեսակներից մեկի՝ բուլերիայի համար նախատեսված կոմպասը մշակվել է քանոնի վրա։
– Հայաստանում թատրոնի գործիչների հետ համագործակցե՞լ եք:
– Այո՛, համագործակցել եմ ռեժիսորների, դերասանների, երգարվեստի ներկայացուցիչների հետ։ Օրինակ` շատ հետաքրքիր համագործակցություն է եղել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանի հետ։ Նրա հետ միասին բեմադրեցինք «Ռոմեո և Ջուլիետ» պարային ներկայացումը։ Այդ ներկայացման մեջ պարեցինք ես և Գարեգին Գամազյանը։ Բոլոր ներկաները մինչ այժմ հիշում են այդ պարային ներկայացումը։ Շատ դերասաններ և ռեժիսորներ, համարեցին մեզ 21–րդ դարի Ռոմեո և Ջուլիետ։