Մտածում եմ, որ Շառլ Ազնավուրի զրույցը (ոչ թե հարցազրույցը) հենց այն է, ինչ ներկայացնում է սփյուռքի ավանդական հայկական շրջանակների առօրյայից դուրս ապրող մի հայ մտավորականի պատկերացումները: Կարծում են՝ դրանք ազնիվ և անկեղծ զգացումներ են: Պատկերացրեք մեկին, ով մասնավոր հայոց Ցեղասպանությունը չի ուսումնասիրում (իսկ Ցեղասպանության իրական ողբերգությունը զգայականորեն և տրամաբանորեն հասկանալի է դառնում գլխավորապես դետալներով իմանալու դեպքում), ով պարբերաբար շփվում է թուրք մտավորականների և քաղաքական գործիչների հետ (ով այդ շփումները չի ունեցել, չի կարող պատկերացնել, թե որքան դիվանագիտորեն նուրբ, բացսիրտ ու ազատ են դրանք ընկալվում), մեծարվում է նրանց կողմից (գիտե՞ք որքան նրբորեն ու վարպետորեն է դա տեղի ունենում), ով երբեք չի առերեսվել համառ ու հետևողական կոշտ ժխտողականության հետ, երբ յուրաքանչյուր բառի համար ժամերով վեճ է գնում, ով չի պատկերացնում, թե իրականում ինչ սոսկալի ատելություն է ներդրված հայերի հանդեպ թուրքական հասարակությունում, ով մշտապես ապրել է սիրո ու հարգանքի արժեքների մշակույթում, ով չգիտի քսաներորդ դարի Թուրքիայի պատմության հետագա ընթացքը լավ, հայերը ռուսական կողմնորոշման դավադիր էին, նրանց կոտորեցին, իսկ Դերսի՞մը, որտեղ ճանապարհներ, դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու փոխարեն Մուստաֆա Քեմալը գերադասեց բնակչության կոտորածը և բռնաքսորը, ով չգիտի, թե ի՜նչ աներևակայելի ջանքեր է գործադրել Թուրքական դիվանագիտությունը Մոսկվայի, Կարսի և Լոզանի կոնֆերանսներին՝ թույլ չտալու իրենց հայրենիք Ցեղասպանությունից փրկված հայերի վերադարձը, ով չգիտի, որ փախստական հայերի՝ նույնիսկ Թուրքիայի սահմանին մոտիկ բնակավայրերում ապրելու դեպքում թուրքական կառավարությունը միջազգային աղմուկ էր բարձրացնում «հայ վրիժառուների» վտանգը կանխելու մասին, ով չի կարող նույնիսկ պատկերացնել, որ իսլամացած հայը Թուրքիայում իրավունք չունի ազգային ինքնության, հայկական դպրոցներն իրավունք ունեն ընդունել միայն քրիստոնյային, իսլամացածը պարզապես իրավունք չունի հայ, հույն, ասորի... կոչվել (Ֆրանսիայում ապրած Շառլ Ազնավուրը սա չի կարող հիշել, եթե նույնիսկ լսել է այս մասին, որովհետև նրա մշակութային ընկալումը, մշակութային «հիշողությունը» բոլորովին այլ է), բազմաթիվ այսպիսի «ով»-երը Շառլ Ազավուրին պարզապես շանս չեն տալիս հասկանալ՝ ինչ էր Ցեղասպանությունը և ի՞նչ է թուրքական բարեկամությունը, ում համար Հայաստանը մի պատառ հող է, որ իրեն բաժանում է Կովկասյան թուրքերից... Անկախ այն բանից, կճանաչվի Ցեղասպանությունը, թե ոչ, քանի դեռ թուրքական կայսրության հեռանկարը առկա է, Հայաստանը այն պատառ հողն է, որ բաժանելու է Թուրքիային Ադրբեջանից: Թուրքական տրամաբանությունն այդ հարցում հասկանալի է, բայց, իհարկե, ֆրանսիական արժեքներով ներծծված Ազնավուրին այդ տրամաբանությունը միշտ կմնա անհասկանալի: Կարծում եմ՝ չպետք է մարդուց պահանջել այն, ինչ նա չի կարող տալ: Շառլ Ազնավուրի դատողությունները Թուրքիայի և թուրքի մասին սնվել են և շարունակում են սնվել այն լավ և «լավ» թուրքերի հետ շփումներից, որ նրան առիթ է ընձեռվել ունենալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/405880729564209?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել