Cosmo.am-ը գրում է․
Վերջերս բավականին հաճախ ենք լսում աստղային զույգերի ամուսնալուծությունների մասին, այն էլ` ինտիմ մանրամասներով։ Ու չնայած ամուսնալուծությունների մասին համընդհանուր խուճապին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծությունները վերջին 15 տարիների ընթացքում նվազել են:
«Հաճախ լսում ես, որ երկու ամուսնություններից մեկը լուծարվում է, սակայն այս ցուցանիշը կազմում է 43%, - ասում է Կոլումբիայի համալսարանի ամուսնական ծրագրի դոկտոր Բրեդֆորդ Ուիլկոքսը։ - Թվում է, թե ահավոր թվեր են, բայց երբ համեմատում ենք վերջին հինգ տասնամյակի հետ, իրավիճակը ակնահայտորեն լավացել է»:
Հեշտ հեռանալը
Սեքսով հագեցած 80-ականներից և պատահական սեքսով հագեցած 90-ականներից հետո, երբ հասարակական կարծրատիպերը սկսեցին կամաց-կամաց տեղի տալ, ամուսնալուծությունը դադարեց խարան լինելուց, և բազմաթիվ դժբախտ ընտանիքներ վերջապես զգացին, որ կարելի է ինչ-որ բան փոխել։ Դա հոյակապ լուր էր խնդիրներ ունեցող զույգերի համար, սակայն շատերը, ում խնդիրները լուծելի էին, նույնպես բաժանվեցին։
«Այն ժամանակ, երբ ընտանեկան հոգեբանության մասին տեղեկությունները քիչ էին, ամուսնալուծությունը լավագույն տարբերակն էր թվում»,- ասում է «Ինչպես բարելավել ամուսնությունը առանց դրա մասին խոսելու» գրքի համահեղինակ, դոկտոր Փեթ Լովը։
Վերջ ի վերջո, ամուսնալուծությունների ցուցանիշը հասավ 50%-ի և այդտեղ էլ մնաց։ Սակայն, շատ արագ, ամուսնալուծությունից հետո ակնկալվող երանության պատրանքը սկսեց մարել, իսկ երկրորդ փորձերը հաճախ տապալվում էին։
«Երջանիկ ամուսնացած կանանց գաղտնիքները» գրքի հեղինակ, բժիշկ Սքոթ Հալցմանը ասում է, որ ամուսնալուծությունները այսօր սկսել են դիտարկվել որպես ամենածայրահեղ քայլ, այլ ոչ թե վերադարձ դեպի եսասեր միայնակությունը։
Չենք շտապում
Ամուսնալուծությունները նախկինում` «դրական» ազդեցություն ունեցան ներկայիս սերնդի վրա: Տեսնելով որքան դժվար է բաժանված ծնողների և նրանց երեխաների կյանքը, մենք հիմա ավելի զգուշորեն ենք ընտրում մեր կյանքի կեսին:
«Մինչև 70-ականները, կանայք, ում ընտանիքն էր ստիպել ամուսնանալ երիտասարդ տարիքում, սովորաբար պսակվում էին իրենց առաջին սիրահարվածության առարկայի հետ»․ - ասում է բժիշկ Հալցմանը։
«Հիմա արդեն գիտակցում ենք, որ այդ երկար ճանապարհը սկսելու համար, անհրաժեշտ է ավելին, քան առաջին ռոմանտիկ ապրումները։ Պետք է ընդհանուր եզրեր ունենալ` թե՛ շփման մեջ, թե՛ հետաքրքրությունների»։
Քո կողմից
Եթե ներկան համեմատենք անցյալի հետ, տարբերությունը հսկայական է: Երբ մեր հարաբերություններում դժվարություններ են սկսվում, կարող ենք տոննաներով տեղեկություն ստանալ դրանք հաղթահարելու մասին։ Գրքերն ու հոդվածները, որոնք մենք կարդում ենք, օրինակ, ... հմմմ ... Cosmo-ում, օգնում են ամրապնդել մեր հարաբերությունները, տարբերել անլուծելի խնդիրները` լուծելիներից, ինչը արդեն լավ է:
Հաշվի առնելով այս ամենը, մեր հոդվածի փորձագետները կանխատեսում են, որ ամուսնալուծության ցուցանիշները կշարունակեն նվազել։ Այսօր 20, 30 տարեկան կանայք և տղամարդիկ ավելի խելացի են դարձել ամուսնությանը վերաբերող հարցերում։ Միայն այն փաստը, որ մենք գիտակցում ենք` գոյություն ունի ամուսնալուծության տարբերակ, արդեն իսկ ստիպում է մեզ ավելի եռանդով փորձել շտկել խնդիրները։