1in.am-ը գրում է.

voter-w--620x349

ԱՄՆ-ում երեկ՝ նոյեմբերի 4-ին, անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում հանրապետականները մեծամասնություն կկազմեն ԱՄՆ Կոնգրեսում: Թեկնածուները պայքարում էին Սենատի 100 տեղերից 33-ի և Ներկայացուցիչների պալատի բոլոր՝ 435 տեղերի համար: Արդեն նախնական գնահատականների համաձայն՝ Բարաք Օբամայի վարչակազմը կարող էր զրկվել Սենատի նկատմամբ վերահսկողությունից և շատ հարցերում կորցնել նաև քաղաքական նախաձեռնությունը, ինչը և ըստ էության տեղի է ունենում:

Ներկայացուցիչների պալատում մեծ ինտրիգ չկար, քանի որ ընդդիմադիր հանրապետականները, ըստ նախնական գնահատականների, կպահպանեին և պահպանեցին իրենց մեծամասնությունը՝ նույնիսկ փոքր-ինչ ավելացնելով այն: Ինտրիգը Սենատն էր, որում ուժերի դասավորությունը կտրուկ փոխվեց: Մինչ այս դեմոկրատները Սենատում վերահսկում էին 100 տեղից 55-ը, և մեծամասնություն ստանալու համար հանրապետականներին անհրաժեշտ էր ունենալ 6 տեղ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանն ասաց, որ գրասենյակը կանգնում է այն թեկնածուների և կուսակցությունների կողքին, ովքեր աջակցում են Արցախին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և այն բոլոր հարցերին, որոնց վերաբերյալ հայ համայնքը մտահոգություններ ունի: Ի դեպ, Հայ դատի գրասենյակը համայնքի ընտրողներին ցանկ է ներկայացրել ընտրացուցակների վերաբերյալ՝ առաջարկելով ընտրել համայնքի բարեկամներին և ճանաչել հակառակորդներին:

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայ համայնքը, ինչպես միշտ, տարբեր կուսակցությունների համար է քվեարկել, քանի որ մի մասը հանրապետական են, մյուս մասը՝ դեմոկրատ: Ըստ նրա՝ շատերն էլ քվեարկում են ըստ անհատի շնորհների և ոչ կուսակցական պատկանելության:

«Ընտրությունների կարևոր արդյունքն այն է, որ մինչ այսօր Ներկայացուցիչների տան մեծամասնությունը հանրապետականներն էին, իսկ Սենատի մեծամասնությունը՝ դեմոկրատները: Այսօր ամեն ինչ փոխվեց: Հանրապետականները պահեցին իրենց մեծամասնությունը Ներկայացուցչական տանը և փոքր-ինչ ավելացրին, իսկ Սենատում դեմոկրատները տանուլ տվեցին՝ իրենք այլևս մեծամասնություն չեն: Հանրապետականները դարձան մեծամասնություն:

Մինչև հիմա դեմոկրատ նախագահ Օբաման իր կողքին ուներ դեմոկրատական մեծամասնությանը, այնինչ հիմա երկու պալատները դարձան հանրապետական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել