Օֆ, օֆ…

Էլի հայտնի հայ անուն, էլի թուրքական մամուլ ու էլի հայտարարություններ, որ կարող են տակն ու վրա անել ամեն ինչ հայ-թուրքական հարաբերություններում:

Նախորդ նման փորձս Աբրահամ Ռուսո կոչվածի բերումով էր՝ հայի անձնագրով թուրքի (էստեղ)…

Հիմա Ազնավուրն է արանքում:

Հիշեցնեմ՝ Ռուսոյի դեպքում ինքն ասում էր՝ թուրքական մամուլում խոսքս աղավաղել են, սեղանի շուրջ խոսել ենք, իրենք ինչ ուզել, գրել են: Հետո հայտնվեց տեսագրությունը, որում Ռուսոն կամերայի առաջ ասում էր էն, ինչ հերքել էր ինձ տված էքսկլյուզիվ հարցազրույցում (էստեղ):

Ու էդ փորձն ունենալով՝ չգիտեմ ինչ մտածեմ. «թարգամանության դժվարություններ» ասվածի հե՞տ գործ ունենք, թե՞ Ազնավուրն էլի հայտարարություններ է արել՝ էն հայտարարություններից, որոնցից հետո անհարմար դրություն է սկսվում: Թե՞ գուցե մեր հայտնիների ու հարուստների համար իրոք էդքան բարդ ու խճճված են ինքնության հարցերը և դրանց հստակեցման համար անպայման պետք է թուրքական մամուլին ներգրավել:

10754982_568300253271201_1674659173_nԷս դեպքում հետաքրքրական է նաև այն, որ աշխարհի ամենահայտնի հայերից մեկի հետ հարցազրույցը վարել է ոչ պակաս հայտնի թուրքահայ գործիչ Էրքան Օզերմանը: Նրան անվանում են «Թուրքիայում շոու բիզնեսի հիմնադիր»: Նա պրոդյուսեր է, իմպրեսարիո, գրում է մամուլի համար:

Էս դեպքում Ազնավուրի մի շարք բազմանշանակ հայտարարություններով հարցազրույցը հրապարակած թուրքկան թերթը՝ Posta Gazetesi-ն, ոչ թե իր կողմից է գրում էդ ամենը, թե օրինակ Ազնավուրը ենթադրաբար թուրք/Թուրքիայից սերող մայր ունի կամ սիրում է Թուրքիան, այլ մի ամբողջ ծավալուն հարցազրույց է բերում, որը էլի սեղանի շուրջ է տեղի ունեցել: Չգիտեմ, երևի արդեն Ազնավուրի մենեջմենթի, PR-թիմի խնդիրն է: Կամ գուցե իրենք խնդիր չունեն: Ես մենակ մի բան կասեմ՝ մեկ-մեկ որ Ազնավուրը խոսում է, ուզում եմ ասել.

«ԴՈւՔ ԼԱՎ Է ԵՐԳԵՔ, ՎԱՂԻՆԱԿ, ԵՐԳԵՔ»:

Իհարկե, մեսիջներ կարելի է հղել, բայց արդյո՞ք անպայմանորեն թուրքական մամուլի միջոցով: Եթե հարցադրմանս պատասխանը ԱՅՈ է, ապա այդ դեպքում դա կարելի է նաև դիվանագիտորեն անել, փոքր-ինչ ավելի դիվանագիտորեն, քանի որ ի պաշտոնե էլ Ազնավուրը կոչված է դրան՝ իբրև ՄԱԿ-ում և Շվեյցարայում ՀՀ դեսպան:

Բայց այդ դեպքում էլ արդյո՞ք մեր ժողովուրդը լրիվ է կրակն ընկել:

Եվ այսպես, թուրքական Posta Gazetesi թերթը տպագրել է էս շաաատ բազմանշանակ հարցազրույցը, որն արդեն երկու օր է իմ ձեռքում է՝ հրատարակման պահից անմիջապես հետո, ուսումնասիրում էի ու չգիտեի հայերեն վերահրապարակե՞մ, թե՞ չէ, անդրադառնա՞մ, թե՞ չէ, թե՞ թողնեմ լրատվությանը հետևող, բայց թուրքական մամուլին չառնչվող մեր ընթերցողներին՝ էդպես էլ անտեղյակ մնալ. էս դեպքում ես առաջնորդվել եմ մենակ մի բանով՝ իրազեկվածության իրավունքով, որն էս դեպքում չի կարող ստորադասվել արտահայտվելու իրավունքին: Մանավանդ որ մի կողմը մի ամբողջ ժողովուրդ է, մյուս կողմը՝ նրա ամենահայտնի ներկայացուցիչը:

Posta-ն իր նյութը սկսում է նախաբանով՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանի կենսագրական տվյալներով: Նշվում է քանի երգ ունի, քանի ֆիլմ, քանի երեխա, որ աղջկա անունն էլ Սեդա է:

Լսել եմ, որ թուրքերը սահմանին են նման «հետաքրքրություն» ցուցաբերում Սեդա անունով հայուհիների հանդեպ՝ ասելով, որ դա թուրքական անուն է..

Օզերմանը հարցնում է՝ ճի՞շտ է, որ հայ լինելով Ազնավուրը թուրքերին ու Թուրքիան չի սիրում:

-Սուտ է, – ասում է Ազնավուրը, – Արմատով հայ լինելս չի նշանակում, թե մեղադրեմ անցյալի համար: Եվ ավելացնում.

-ՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ԻՄ ՄԱՅՐԸ ԹՈՒՐՔ Է:

la mamma

Benim annem turk՝ «Իմ մայրը թուրք է». ասված է բնագրում: Ես թե մասնագետի, թե մարդկանց հետ, ում համար թուրքերենը մայրենի է, փորձեցի այս ընթացքում հասկանալ, թե իմաստային ինչ նրբություններ կարող է պարունակել արտահայտությունը: Արդյո՞ք դա կարող է հավասարազոր լինել հայերենի «հայաստանցի» տարբերակին, երբ էթնիկ կողմը չի ենթադրվում: Պատասխանը բացասական էր: Արտահայտությունը շատ պարզ նշանակություն ունի. Իմ մայրը թուրք է, այլ ոչ Թուրքիայից: Այդ դեպքում պետք է որ լիներ Benim annem TURKIEDEN:  Ահագին խորանալուց հետո չցանկանալով խորանալ, ասեմ ուղղակի, որ հակված եմ մտածել, որ Ազնավուրի ֆրանսերեն խոսքում դա թերևս այլ կերպ է հնչել, ինչը ևս մասնագետների հետ փորձեցի ճշտել: Բայց դա ոչ մի կապ չունի, քանի որ մենք գործ ունենք մամուլային իրողության հետ, իսկ միջին վիճակագրական թուրքը կամ թուրքերենով կարդացողն էդքան չի խորանալու: Նա այդ ամբողջ հարցազրույցում նկատելու է «Ազնավուր» և «Իմ մայրը թուրք է» արտահայտությունները:

***

Իմ գնահատականով հարցազրույցը ստացվել է էսպես. տարբեր մրցույթների, մասնավորապես Best Model of the World-ի կազմակերպմամբ հայտնի Օզերմանը նախօրեին նաև Թուրքիայից, Իզմիթից մրցանակ է փոխանցել Ազնավուրին՝ «Ոսկե սոսին»: Մրցանակը փոխանցվել է Փարիզում Թուրքիայի հյուպատոսի միջոցով: Ու էդ մրցանակախառն թոհուբոհում էլ ստացվել է: Էսպես է ստացվել: Եվ դա ցավալի է:

Altin Cinar

Որպես մարդ՝ ինքս էլ հակված եմ հայ-թուրքական կարգավորմանը, բայց հաստատ համոզված եմ, որ պետք չէ խոսել մրցանակների բերումով. «Ոսկե սոսին» էլ կարծեմ մայիսին է տեղի ունեցել. չեմ հասկանում ինչ կարիք կար նոյեմբերին նոր Ազնավուրին մրցանակ հանձնել: Իսկ Ազնավուրի կտրվածքով ինչ կարիք կար ասել բաներ, որոնք շահարկվելու են՝ քեզնից անկախ ու քեզնից հետո էլ… Եվ ասել էդ ամենը հենց էս շրջանում՝ Ցեղասպանության հարյուրամյակի: Եթե Ազնավուրն էսքան անփույթ է, բա մյուսների՞ց ինչ սպասես. հարց է առաջանում:

Մտածում ես նաև, որ Ազնավուրը դեմ է տարբեր մակարդակներում հայերի կողմից իրեն ու իր ասածները շահարկելուց: Ապա արդյո՞ք գոհ պիտի լինի, կո՞ղմ կլինի թուրքական շահարկումներից:

***

Իսկ Ազնավուրի պաշտոնական կենսագրությունից հայտնի է, որ մայրը՝ Քնար Բաղդասարյանը Իզմիրի հայ է: Ազնավուրը հստակեցնում է, որ Իզմիթի և ասում, որ այսօր էլ բազմաթիվ բարեկամներ կարող են գտնել Իզմիթում և Ադապազարում:

knar-baghdassarianԱզնավուրի մոր գեղեցիկ բացառիկ լուսանկար, որ կարողացա հայթայթեմ

Բայց ավելի հետաքրքրական է, թե ինչ է հաջորդիվ ասում ինքը՝ Ազնավուրը,  նույն համատեքստում: Նա նշում է, որ իր մոր մայրենի լեզուն թուրքերենն էր: Պատմում է նաև, որ մայրը Թուրքիան շատ էր սիրում: Հաճախ Ստամբուլ էր գալիս:

Նա խոսում է իր հանգուցյալ մոր թրքուհի ընկերուհի Ֆերդա Կահրամանի մասին, որը առաջատար գործարար էր: Փարիզից Թուրքիա գնալիս Ազնավուրի մայրը նրանց տանն էր մնում: Մոր թուրք ընկերուհուն Ազնավուրն անվանում է իր կյանքի «երեքից հինգ» ամենակարևոր մարդկանցից մեկը: Նշում է, որ ավտովթարից զոհված այդ կնոջը հիշելիս միշտ ներքուստ ցավ է զգում:

«Եթե հնարավոր լինի, տարիներ հետո Թուրքիա գամ, առաջին բանը որ կանեմ, Ֆերդանի աղջիկներին գտնելը կլինի», – պարզաբանում է Ազնավուրը:

AKG2141857Ազնավուրը՝ մոր հետ. հայտնի նկարի չկտրված տարբերակը

Թուրքական թերթի փոխանցմամբ՝ Ազնավուրը իր հորն էլ «վրացի» է անվանում:

«Գիտեք, այսօր ողորմած սիրելի մայրս մի  ընկեր / ընկերուհի ուներ, թուրք էր՝ Ֆերդա Կահրամանը: Փարիզից Թուրքիա գնալիս իրենց տանն էր մնում: Ֆերդան կարևոր գործարար էր: Իմ կյանքի երեք – հինգ  մի քանի ամենակարևոր մարդկանցից մեկն էր: Ցավոք Իզմիրում՝ Չեշմեյում ավտովթարում կորցրինք նրան՝ երիտասարդ տարիքում: Հիշելիս միշտ ներքուստ ցավ եմ զգում:
Եթե հնարավոր լինի, տարիներ հետո Թուրքիա գամ, առաջին բանը որ կանեմ, Ֆերդանի աղջիկներին գտնելը կլինի»:

Իր մասին նա ասում է – ««Հայկական արմատներով թուրքի թշնամին». չգիտեմ ում կողմից հորինված այս արտահայտությունն ինձ խորապես վիրավորում է: Ինչ սարսափելի, ինչ տխուր, ինչ նվաստացուցիչ հերյուրանք», – ընթացքում նկատում է Ազնավուրը:

Ազնավուրը նաև նկատում է, որ սփյուռքն է իրեն քաղաքական քաշքշուկների մեջ գցում, իրեն են վերագրվում բաներ, որոնք չի էլ ասել:

Խոսելով անցյալի մասին՝ Ազնավուրն ասում է, թե Թուրքիան այն ժամանակ չձևավորված պետություն էր և այդ անցյալի պատմությունից ոչ մեկին օգուտ չկա: Նա նեղսրտում է, թե իր հայտնի լինելը քթից բերում են և իրեն օգտագործելով՝ նորից ու նորից ուշադրություն հրավիրում ցեղասպանության վրա:

«Ցավոք սրտի, շատ թուրքեր սրան հավատում են և ինձ իսկապես թշնամի են համարում», – ասում է Ազնավուրը:


Օզերմանն ու Ազնավուրը քննարկում են Ցեղասպանությունը։

Օզերման- Ֆրանսիական պետական հեռուստատեսության առաջին ալիքով հաղորդում վարող, հանրահայտ Միշել Դրյուկերը Ձեզ հաղորդման էր կանչել և, դեպի ստուդիայի հյուրերը շրջվելով, ասաց. «Եթե ձեր մեջ թուրքեր կան, թող ընդունեն ցեղասպանությունը և Շառլ Ազնավուրից ներողություն խնդրեն»: Նա շատ անտեղի ձևով դիմեց դահլիճին: Շատ հետաքրքիր է՝ այդ պահին ի՞նչ զգացիք:

Ազնավուր – Հիշո՞ւմ եք իմ պատասխանը, այն, թե ես այնտեղ ինչ եմ ասել: «Եթե թուրքեր կան ստուդիայի հարգելի հյուրերի շարքում, ապա բարով են եկել: Ուրախ եմ, ինձ շատ երջանկացրիք: Թուրքիան շատ լավ  պետություն է»: Հետո ուղիղ եթերում դիմեցի Միշել Դրյուկերին և ասացի՝ վերջ տուր:
-Հայկական արմատներով ուրիշ աստղեր էլ կան, բայց չգիտեք ինչու Ցեղասպանության հարցով միշտ Ձեզ են առաջին գիծ հանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ. իր ավանդական շեշտադրումներով

– Ես Ֆրանսիայում եմ ծնվել ու մեծացել: Երգերս ֆրանսերեն եմ գրել, երգել, իմ ֆիլմերում ֆրանսերեն եմ խոսել: Ամբողջ աշխարհում որպես ֆրանսիացի եմ հայտնի, քանի որ Ֆրանսիայի քաղաքացի եմ: Որպես արվեստագետ՝ բոլոր հարցերը ոչ թե քաղաքականապես, այլ մարդավարի եմ  փորձել լուծել: Լուրջ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր ստիպված լքում են Հայաստանը, ավելի ու ավելի նոսրացող բնակչություն. Հայաստանը դրա մասին է, որ պետք է մտածի:

ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ազնավուրի կարծիքով սահման բացողը Հայաստանն է։

– Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն ինձ շատ է տխրեցնում: Հայաստան շատ բաներ Թուրքիայից են գալիս, բայց Վրաստանի միջոցով: Հայաստանը համ Թուրքիայի համ էլ Ադրբեջանի հետ պետք է սահմանները բացի: Հարևանները պետք է մոտ լինեն: Քինախնդրությունը  պետք է մոռացվի:
– Հայաստանին մեծ պետություններից եկած օգնությունը, որն ավելի շատ զենք է, դա էլ խաղաղության մեջ ապրելու երաշխիք չէ: Ահա միշտ սա եմ ասել ու ասում: Ինչպես արդեն ասացի, ես ամեն ինչին նայում եմ որպես մարդ, այլ ոչ թե քաղաքական գործչի պես:

Ազնավուրն ասես հատուկ նշում է նաև, թե. «Ես Հայաստանից ստացած պատվերներով չէ, որ աշխատում եմ: Չեմ էլ աշխատի: Սա էլ թող բոլորն իմանան»:

Շարունակելի

Թուրքերենից բնագրային տեքստը թարգմանեց արևելագետ Նելլի Վարդազարյանը

ՀԳ – Միշտ սիրով լսում եմ Ազնավուրի «Հրեա մայրը» (La Yiddish Mamma) գործը:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ ՎԵՐԱՏՊԵԼԻՍ ՊԱՏՇԱՃ ՀՂՈՒՄ ՏԱԼ ԻՆՁ, ԱՅՍ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ ԵՎ ԿՈՌԵԿՏ ԳՏՆՎԵԼ էս չափազանց մեծ նրբանկատություն պահանջող իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել