«Անհնար է չնկատել, որ վերջին շրջանում ԲՀԿ-ականամետ լրատվամիջոցների քարոզչական տոնայնությունը և բառապաշարը գերագրեսիվ են դարձել: 

ԲՀԿ-ամետ որևէ լրատվամիջոցի համար արդեն բացարձակապես խնդիր չէ, օրինակ, «անմեղսունակ» անվանել կամ վիրավորական բնույթի որևէ այլ պիտակով «պատվել» այն ուժերին կամ գործիչներին, ովքեր քննադատական վերաբերմունք են դրսևորում, ասենք, ոչ իշխանական եռյակի, կամ առանձին վերցրած ԲՀԿ-ի գործունեությանը: Բայց, նախ, ընթացիկի մասին:

ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» եռյակի լիդերների հնարավոր հանդիպման շուրջ մի տեսակ արհեստական ուշադրություն կա: Ավելի ճիշտ, տարատեսակ ցանցային լրատվամիջոցներով կարծես փորձ է արվում չափազանցված սպասումներ ձևավորել՝ «կհանդիպե՞ն եռյակի լիդերները...», «սպասվում է եռյակի լիդերների հանդիպում...», «եռյակի լիդերները պատրաստվում են հանդիպման...» վերնագրերով մի շարք լուրեր կարելի է գտնել համացանցում և ոչ միայն:

Իսկապես էլ Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են ցանկացած պահի հանդիպել: Ավելին, ինչպես մեզ է թվում, նրանք կարող են հանդիպել նույնիսկ օրը երկու անգամ կամ երեք (եռյակ է, ի վերջո), բայց, միևնույն է, երբ հայտնվեն հանրահավաքային հարթակում, էլի երեքն էլ տարբեր, մեկը մյուսի հետ այնքան էլ «չբռնող» բաներ են ասելու»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել