Cosmo.am-ը գրում է․
Երբևէ մտածե՞լ ես երկար վարսերիցդ հրաժարվելու և ոճային կտրուկ փոփոխության դիմելու մասին: Եթե այո´, ապա հիմա ճիշտ ժամանակն է... պոդիումներից, մինչև կարմիր գորգ և նորաձևության ամենատարբեր ամսագրեր. ամենուր կարճ սանրվածքների շքերթ է: Իսկ եթե արդեն վայելում ես սեզոնի ոճային այս մեծ հիթը, ապա հիանալի նորություն:
Հատուկ քեզ համար Cosmo-ն ներկայացնում է ամենանորաձև սանրվածքները կարճ մազերի համար, որոնք ընդհամենը 5-10 րոպեում կապահովեն այսօրվա քո նորաձև կերպարը:
Ըստ Աստղիկ Բաղդասարյանի
Սրածայր կառե (Bob)
Այս սանրվածքը ստանալու համար մեկ պայմանը կտրվածքի կատարյալ ճշգրտությունն է: Եթե իր ձևով և երկարությամբ կտրվածքը համապատասխանում է դասական սրածայր կառեին, ապա գրեթե ոչինչ չի մնում դրան աստղային փայլ հաղորդելու համար:
1.Խոնավ մազերիդ մուսս քսիր` հատկապես կենտրոնանալով մազարմատների մասում:
2.Մեծ, կլոր սանր օգտագործելով՝ վարսահարդարիչով չորացրու մազերդ և գլխիդ գագաթին փորձիր ավելի շատ ծավալ հաղորդել:
3.Ուղղացնող արդուկով հարթեցրու դիմացի շերտերը և սպրեյ ցանիր սանրվածքը ֆիքսելու համար:
Սանրվածք à la garçon
Եվ ո՞վ է ասում, որ կարճ մազերը կանացի չեն: Ճիշտ սանրվածքի դեպքում նույնիսկ տղայի կտրվածքը կարող է կրկնակի կանացի լինել:
1.Խոնավ մազերիդ մի փոքր փափկեցնող կոնդիցիոներ կամ սիճուկ ավելացրու և սանրիր:
2. Մազերդ վարսահարդարիչով ուղիղ չորացնելուց հետո սրածայր սանրով հավասարապես ընդգծիր դիմացի մազափունջը:
3.Իսկ հիմա աքսեսուարների ժամանակն է. շքեղ ու փայլուն ականջօղերը և նուրբ գլխօղակը կամբողջացնեն այս չափազանց կանացի կերպարը:
Ռետրո ալիքներ
Այս դասական սանրվածքը հիանալի է հատուկ ժամադրությունների և երեկույթների համար: Սանրվածքիդ ռետրո շունչ հաղորդելու համար.
1.Կիսաչոր մազերիդ մի փոքր միջին ֆիքսացիայի գել քսելուց հետո սրածայր սանրով թեք բաժանիր մազերդ:
2. Դեմքդ ընդգծող աջ և ձախ կողմերի մազափնջերը սանրիր և մետաղե անգույն մազակալներով փոձիր ստեղծել S-աձև ալիքներ:
3.Վարսահարդարիչով մի քանի րոպե չորացնելուց հետո հանիր մազակալները երկու կողմերից էլ ու թեթևակի սանրիր (չսանրելու դեպքում գայթակղիչ ռետրո սանրվածքի մեկ այլ տարբերակ կստանաս):
Նորաձև «Ոզնի»
Լինում են չ՞է օրեր, երբ մազերդ քեզ պարզապես չեն «հնազանդվում»: Հենց այդպիսի դեպքերի համար նորաձևություն թելադրող ոճաբաններն առաջարկում են այս «գայթակղիչ, խառնաշփոթ» սանրվածքը:
1. Կիսաչոր մազերիդ մի փոքր միջին ֆիքսացիայի գել քսիր:
2. Վարսահարդարիչով չորացրու մազերդ, այդ ընթացքում մատներով ուղիղ ցիցեր ստեղծիր:
3. Մազերի ծայրերին մի փոքր մազերի անուշահոտ քսուկ քսիր և առանձին մազափնջեր մատներով ոլորիր ավելի թեթև ու խառնաշփոթ տեսք հաղորդելու համար:
Ռոք դիվա
Այս սանրվածքն արդեն ամեն ինչ ասում է քո մասին. գրավիչ, ինքնավստահ, ուրախ ու նորաձև... Հատուկ այն օրերի համար, երբ քեզ ռոք աստղ ես զգում։
1. Կիսաչոր մազերիդ միջին ֆիքսացիայի գել քսելուց հետո երկու կողմերից հավաքիր մետաղե փոքր մազակալներով (եթե կողքերի հատվածում մազերդ ավելի կարճ են մազակալների կարիքը չի զգացվի):
2. Վերևի մազերը փունջ առ փունջ գզիր` սկսելով դիմացից հասնելով մինչև գլխի գագաթը, այնուհետև թեթևակի հետ սանրիր:
3. Վերջում մի քիչ սպրեյ ցանիր սանրվածքը ֆիքսելու համար: