Մի քանի օր առաջ բջջայինիս հեռախոսագիրքն էի կարգի բերում: Շոկ ապրեցի. հեռախոսահամարների ծավալուն ցուցակում կային մարդիկ՝ հարազատներից ու գործընկերներից, որոնց այլևս չէի կարող զանգել: Երբևէ: Չէի կարող, քանի որ էդ մարդիկ այլևս չկան: Մահվան էս կողմին էս կերպ առաջին անգամ էի «բախվում»…

Չգիտեի՝ թողնե՞մ նրանց համարները, պահե՞մ, ջնջե՞մ, վերագրանցե՞մ, ի՞նչ անեմ…

Կիրակի օրն էլ տխուր սկսվեց. Ֆեյսբուք մտնելով իմացա, որ էլ չկա Կարգին Հասոն: Էլի հեռախոսագրքիս այլևս անհասցեատեր համարների շոկի էֆեկտը գործեց: Երբեք Կարգին Հասոյի ամենամեծ երկրպագուն չեմ եղել, բայց մյուս կողմից էլ էնպես եմ գնահատել նրան, էնպես, որ երկրպագուներն էլ, ուրիշներն էլ երբեք երևի դա չեն արել:

Անկախ ամեն ինչից՝ անբացատրելի տխրություն համակեց ինձ Հասմիկի մահվան լուրով: Բանը միայն էն չէ, որ ջահելի մահը միշտ ողբերգություն է: Ու հայտնի մարդու հեռանալը կորստի ու վշտի ավելի շեշտադրված, ավելի սգալի ընկալումներ է բերում:

Չգիտեմ: Վշտացա: Որոշեցի գնալ վարսավիրանոց, չնայած գեղեցիկ լինել ինձ ավելի շատ երեկ էր պետք: Մինչ սպասում էի իմ հերթին, հեռուստացույցով լսեցի, թե ինչպես են էլի փող ուզում ճամփաներ սարքելու համար… Մտածեցի՝ լավ, մինչև՞ երբ: Մի ծկլա երկրի ճամփեքը տեսքի բերելու համար քանի տասնամյակ է պետք փող հավաքել:

Էնպիսի տպավորություն է, որ մեր երկրում փող են հավաքում ճամփաները քանդելու, քանդած պահելու համար, ամենևին էլ ոչ սարքելու:

Հետո ձեռքս առա հինումին ամսագրերը, որ լինում են ցանկացած վարսավիրանոցում: Եվ համ Թուրքիա մեծ այցիս մասին վարսավիրիս հարցերին էի պատասխանում, համ ամսագրերը թերթում: Հանկարծ ձեռքս ընկավ շատ հին ամսագիր, որի խմբագիրն էի: Ու հենց էն համարը, որում Կարգին Հասոյից ֆոտոսեսիա կար: Այ քեզ բան. հազար տարի է նույն վարսավիրի մոտ եմ գնում, նրա ժուռնալները թերթում, բայց առաջին անգամ էի իմ խմբագրած ամսագիրը տեսնում՝ էն էլ էս օրով՝ Կարգին Հասոյով հանդերձ: Էնքան բան հիշեցի միանգամից. էն, թե ինչպես առաջին անգամ ուշադրություն դարձրի նրան, ինչպես տեսա ռեալում, ինչ գրեցի հետո ամսագրում, ինչպես էի ընկալում նրան…

Ուզում եմ կիսվել:

Մի 7 տարի առաջ էր: Փոքր եղբայրս մի օր հարցրեց, թե ինչու է Կարգին Հասոն խաղում էն դերերը, որոնք խաղում է «Կարգին հաղորդման» շրջանակներում: Դե, հասկանում եք…

Եթե հիմա վերագնահատելու լինեմ էդ հարցի արժեքը, ապա պիտի ասեմ, որ երևի դա մի հարց էր, որ իրենք իրենց ու իրար պիտի տային էդ սերնդի ներկայացուցիչները՝ ջահելները, որոնց համար Կարգին Հասոն սեքս-սիմվոլի կարգավիճակ ուներ:

Էդ շրջանում էր, որ սկսեցի «հետևել» Հասմիկ Ղարիբյանի գործունեությանը. նա իսկապես մի ամբողջ սերնդի համար սեքս-սիմվոլ էր, սպասված հեռուստադեմք, գուցե էրոտիկ ֆանտազիաների հերոսուհի՝ «Կարգինում» իր կերպարների բերումով: Բայց: Բայց միևնույն ժամանակ նա էնքան ուրիշ էր. միշտ եմ դա զգացել:

Ինձ համար, նրա իմ ընկալումների համար տպավորիչ էր միակ ռեալ հանդիպումը Հասմիկի հետ. ամսագրերից մեկի (որի խմբագիրն էի)՝ ամառային՝ ներքնազգեստներին նվիրված համարում նպատակահարմար գտնվեց կանչել ու «փլեյբոյ ֆոտոսեսիա անել» Կարգին Հասոյի հետ:

Միշտ զգացել եմ նաև, որ Հասմիկի սեքսուալությունը գուցե չափից շատ է շահարկվում: Ինչպես սովորաբար դա լինում է, այդ ամենի հետևում շատ բան աննկատ է մնում, արտիստը՝ թերագնահատված: Իսկ Հասմիկը հենց արտիստ էր:

Հասմիկը եկավ, շատ սովորական, ամենևին էլ ոչ գայթակղիչ աղջիկ, մտավ նկարահանման սրահ ու աշխատեց լուսանկարչի հետ՝ իր վրա փորձելով ամենահամարձակ լողազգեստները: Էդ լուսանկարներից որոշները կարող եք տեսնել հրապարակածս վիդեոյում:

Բայց հետո մենք ականատես եղանք էդ սովորական աղջկա ցնցող ֆոտոներին. Հասմիկը իսկապես կարգին աշխատանք էր մատուցել, Playboy-ի էսթետիկային ու կլասսին համապատասխան կերպարներ էր մատուցելՊիտի ասեմ, որ, կոլեգաներիս խոսքով, Հասմիկը տարբեր առիթներով ակնարկել էր, որ իրեն չենք անդրադառնում: Բայց դա արտառոց մի բան չէր. նույնիսկ Շուշան Պետրոսյանն էր նման հարցեր բարձրացնում՝ էլի՝ ամսագրի կոլեգաներիս, սեփականատիրոջ ասելով:

Այս փոքրիկ վերհուշ-դրվագով ուզում եմ ասել, որ հորդող սեքսուալությունից, այցեքարտային հարևանի աղջկա ու սիրառատ քարտուղարուհիների դերերից անդին Կարգին Հասոն ուներ ընտիր բեմական անուն-մականուն՝ Կարգին Հասո, նա միաժամանակ և հեռուստատեսության տված բազմաթիվ դեմքերից էր և բոլորից տարբեր մի երևույթ…

Անձամբ ինձ Կարգին Հասոյի մեջ միշտ չի բավարարել մի քիչ ավելի շատ մակարդակ, որ ակնկալում ես հանրային մարդկանցից: Զգացել եմ, որ նա մասնագիտական հղկվածության կարիք ունի. միայն գեները, լավ դերասանների հետ աշխատելու փորձը դեռ էն չեն, ինչի կարիք ուներ նախևառաջ հենց ինքը՝ իր պոտենցիալի առումով:

Իսկ պոտենցիալով նա ամենաիսկական աստղ էրԱստղ էր՝ իր աստղով, ինչպես ասում են: Մատչելի սեքսուալությունից անդին միշտ զվարճալի, գուցե տեղ-տեղ մի քիչ անհեթեթ, բայց միշտ հավեսին, ասելիքով, կոլորիտային, համով, հնարավորինս այլազան…

Միշտ հաճույքով հետևել եմ նրա կերպարներին, որ փորձել է ստեղծել իր մեկ-երկու քլիպներով կամ ամանորյա հաղորդումներին. ինձ թվում է մեր իրականության մեջ նա ամենից ճիշտն է պատկերել, օրինակ, Մերիլին Մոնրոյին՝ I Wanna Be Loved By You-ի իր cover տարբերակով: Նույնիսկ չնայած էդ անհեթեթ պարիկին, որ կրում է:

Screenshot 2014-11-02 23.05.52

Screenshot 2014-11-02 23.05.57Screenshot 2014-11-02 23.06.31Առանձնակի ուզում եմ շեշտել Հասմիկի խոսելու, բան ասելու ձիրքը. նա էնքան պարզունակ բաներ կարող էր ասել, բայց էնպես էր ասում, որ օրինակ իմ՝ խոսքի ու տեքստի հետ գործ ունեցող մարդուս մոտ էլ տպավորվում էր, մնում (էն դեպքում, երբ խոսքի առումով իմ չափանիշները երևի ամենաբարձրն են). նա շատ լավ հարցազրույցներ էր կարողանում տալ, նա իրոք ասելիք ուներ:

Իսկ հիմա նա չկա: Ու գիտեք էստեղ ինչն է հետաքրքիր. էսօր մեր աստղերը սոցիալական ցանցերում ամեն վայրկյան գրում են ասենք հարբուխից իրենց «մեռնելու», այլևայլ դարդերի մասին: Կամ, հիվանդություններ, բուժման կարիք ունենալով՝ քիչ թե շատ հայտնի մարդիկ  օնլայն դրամահավաքներ են կազմակերպում նույն Ֆեյսբուքում՝ հիմնականում միջնորդավորված: Բայց Հասմիկի դեպքում էդպես չեղավ… Նա ֆեյսբուքահայությանը չծանրաբեռնեց իր ցավերով: Մի օր նա պարզապես հեռացավ:

Հուսով եմ, որ մի քանի պաշտամունքային դեր կերտելուց բացի նա հասցրեց  թեկուզև կարճատև, բայց լիարժեք երջանիկ լինել նաև ամուսնական կյանքում:

Հա, խմբագրություն Հասմիկի այցի մասին՝ եզրափակվելով: Ֆոտոսեսիայից հետո, երբ ընտրված էին հրապարակվելիք լուսանկարները, գրված տեքստերը և այլն, «Ժամանակակից է/չէ» խորագրիս համար ամսագրի հիմնական նյութերի շրջանակներում, Հասոյի մասին էլ պետք է գրեի. էդ պահին բացահայտել էի նրան՝ որպես մոդելի: Ու էդպես էլ գրեցի՝ առաջ Հասմիկ Ղարիբյանը «կարգին աղջիկ» էր, հիմա նաև «կարգին մոդել»:

20141102_164505

Իրականում ես էդ ժամանակ էլ, հետո էլ կարող էի գրել էն, ինչ էստեղ ու հիմա կարդում եք, երբ փորձել եմ ի մի բերել ասելիքս՝ տխուր պահի, մի շատ լուսավոր կերպարի մասին:

Հանգչես խաղաղությամբ, Հասմիկ Ղարիբյան:

Resuming in English – Armenian TV actress, singer, comedian, sex-symbol of her generation dies tragically. I rememberd her beyond her overwhelming sexuality. Rest in peace, Hasmik Gharibyan.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել