Երեկ, ԵԿՄ-ական 2 պատգամավոր-գեներալներ «Ազատություն» ռ/կայանով տալիս-առնում էին խորհրդարանական ընդդիմադիր Եռյակի հանրահավաքային գործողություններն ու, հատկապես, սևեռվել էին խորհրդարանական 2-րդ մեծամասնություն համարվող ԲՀԿ առաջնորդի վրա, ով, կարելի է ասել, Եռյակի ծանր հրետանին է: ԵԿՄ պատգամավորները, սերիալային լեզվով ասած ՝«ղժժում» էին ԲՀԿ առաջնորդի վրա, ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «ախորժակին քացախ լցնում»՝ «Բաղդադում էլ խուրմա կա» հայտնի թևավոր արտահայտությամբ «մեսիջ» ուղարկելով՝ որպես նախագահության հավակնորդի կամ իշխանափոխություն կամեցողի: «Էդ ե՞րբվանից Ծառուկյանը անիշխանություն ա, ինքն էլ ա էլի իշխանություն, 1998 թվից սկսած՝ իշխանություն ա, թող գնա իրա բիզնեսով զբաղվի», ասում էր ԵԿՄ պատգամավորներից մեկը, ում որդին, ի դեպ, քաղաքագլուխ է: Հարցազրույցին մասնակից թղթակցուհիներն էլ հրահրող հարցեր էին տալիս՝ խնդմնդալով ու կչկչում. իրոք, շա՜տ խնդալու է, շա՜տ. մանավանդ՝ ժողովրդի մեծամասնության օրհասական վիճակը, որով էլ պայմանավորված են Եռյակի գործողությունները. թեպետ իշխանական թևի պատգամավորներն այդ ամենը համարում են «շահարկում՝ ժողովրդի անունից»: Ու վատն այն է, որ իշխանության հենասյուն կազմող պատգամավորների համար ժողովրդի օրհասական վիճակը երկրորդ պլանում է (եթե, իհարկե, առհասարակ կա նրանց պլաններում), որ եթե ընդդիմությունը կամ ընդդիմության հավակնորդ «այլընտրանքը» հանրահավաք են անում, որին ներգրավվել են տասնյակ հազարավորներ, ուրեմն՝ ժողովրդի վիճակից ելնելով են հավաքվել: Էն օրն ենք հասել, որ անգամ հղի կանայք են իրենց ներսում կրող սաղմի հետ ինտեգրվել երկրում առկա հեղափոխական շարժմանը՝ «Մի կտրեք իմ պամպերսի փողը» կարգախոսով. խնդալու չի, ի՞նչ է, մանավանդ, որ այդ ամենն ամենևին չի ազդում ժողովրդի «շալակը ելած տզրուկների»՝ տնտեսական ստվերային մաֆիայի վրա, որ, սոցիալական բուռն դժգոհությունների ալիքի վրա ձևավորված հեղափոխական շարժմանը պատասխանում է գների հերթական թանկացմամբ, ու շարունակում կուշտուկուռ զկռտալ ու հանգիստ, անվրդով ատամները քչփորել, սպասելով, թե ե՞րբ է մարելու հանրահավաքային հերթական ալիքը: Ի դեպ, ԵԿՄ պատգամավորներն էլ հույս հայտնեցին, որ ցրտերն ընկնելուն պես հանրահավաքային ալիքը կմարի: Իսկ ընդդիմությունն էլ ասում է, որ իրենք զիջելու կամ սպասելու ժամանակ չունեն: Ըստ տեղեկությունների՝ նոյեմբերին էլ է հանրահավաք սպասվում. կայքերից մեկը հեգնանով խորհուրդ էր տվել հանրահավաքը նոյեմբերի 7-ին՝ կոմունիստական տոնի օրը հրավիրել: Գիտե՞ք, վատ միտք չէ. միգուցե այդ ժամանակ հանրահավաքն ավելի բազմամարդ լինի, եթե օրեցօր նոսրացող կոմկուսն էլ իր կուսակցական էլեկտորատով «ինտեգրվի» հանրահավաքին՝ Շահումյանի կամ Մյասնիկյանի արձանին ծաղկեպսակ դնելուց հետո, «Ելիր, ում կյանքը անիծել է» պրոլետարական հիմնը երգելով ու Շուշանիկ Կուրղինյանի խրոխտ բանաստեղծություններն արտասանելով միանա բողոքավոր զանգվածին. մանավանդ, որ Եռյակում էլ են կողմ Եվրասիական միությանն անդամագրվելուն (բացի Րաֆֆի Հովհաննիսյանից), իսկ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» կարգախոսը 3-րդ հանրապետության կոմունիստների՝ 20-ամյա վաղեմություն ունեցող երազանքն է, և, եթե հիմա էլ նոր ստեղծվող միությանն անդամագրվել է նաև Ղազախստանը, ուրեմն՝ կոմունիստների համար շատ ավելի լավ, քանի որ Եվրասիական միության ստեղծման մեջ շատերը հնարավոր են տեսնում Սովետական միության վերադարձը: ...Ահա թե ինչու է ձվի գինը կատաստրոֆիկ թռիչք ունեցել. երկրում հեղափոխական վիճակ է, իսկ նման դեպքերում արտասահմանյան երկրներում ժողովրդական լայն զանգվածներն անգամ ձվով ու պոմիդորով են ցույցի դուրս գալիս՝ դրանք օգտագործելով որպես «մարտական զենք». դե դրա համար էլ ձվի գինը ռեկորդային են սահմանել, որ մարդիկ հանկարծ չհամարձակվեն ձու գնել ու այն որպես «զենք» օգտագործել (պոմիդորն էլ արդեն սեզոնային թանկացման փուլում է): Իսկ Վանաձորում արդեն անեկդոտ է ծնվել՝ ձվի ռեկորդային գնի առնչությամբ: Մի ձու վաճառող ասում էր.«Բա իմացել ե՞ք, ասում են էս Նոր տարուն խոզի բդի տեղ որպես դելիկատես ձու պետք ա դնեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել