12802

GalaTV.am-ը գրում է.

2014 թ․-ի օգոստոսի սկզբին Ստրասբուրգում հարձակում էր իրականացվել 1990-ական թթ.-ին չճանաչված Իչկերիա պետությունում կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Սաիդ-Էմին Իբրահիմովի վրա։ 10 օր անց Time-ի լրագրող Սայմոն Շուստերի հետ զրույցում նա այդ դեպքը կապեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած քննադատության հետ և ենթադրեց, որ իր վրա հարձակում գործած անձինք  «ռուսական կառավարության գործակալներն էին»։

Հոդվածի գլխավոր հերոսը 2001 թ․-ին ներգաղթել է Ֆրանսիա և այժմ ապրում է Ստրասբուրգի արվարձանում,- պատմում է Շուստերը։ Օգոստոսի սկզբին նա ձկնորսության էր գնացել տեղի Իլ գետի մոտ և ինչ-որ պահի ուժեղ հարված է զգացել գլխին՝ կորցնելով գիտակցությունը։ Ուշքի գալով՝ նա հայտնաբերել է իրեն կապկպված աչքերով նվազագույնը 3 ռուսախոս տղամարդու շրջապատում։ Նրանք սկզբից հանգիստ տոնով հորդորել են Իբրահիմովին «դադարել զրպարտել իրենց նախագահին», սակայն երբ  նախկին նախարարը նրանց ասել է, որ «ավազակների հրամանները չի կատարելու», տղամարդիկ, նրա խոսքով, սկսել են նրան ծեծի ու կտտանքների ենթարկել։

Ստրասբուրգի ոստիկանությանը տված ցուցմունքներում Իբրահիմովը նշել է, որ առևանգողներից մեկը նրանից պահանջել է դադարեցնել ակտիվիստական գործունեությունը՝ հակառակ դեպքում նա կհայտնվի Լուբյանկայում։ Դիմադրության փորձերին ի պատասխան նրան առևանգած մարդիկ ձեռնաշղթաներ են հագցրել ու սկսել կտտանքների ենթարկել՝ ստիպելով ստորագրել մի փաստաթուղթ, որը նա չէր տեսնում։ Իբրահիմովն ուշքի է եկել Ստրասբուրգի ծայրամասում գտնվող պուրակում և կարողացել է հասնել մինչև մոտակա ճանապարհը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իբրահիմովի կրծքավանդակին ու ոտքերին դեռևս նկատելի էին հարձակման հետքերը։ Ինչպես պարզաբանել է նա, դրանք ծխախոտի և սուր առարկաներով ծակոցների հետքեր են։ Իբրահիմովը նշել է, որ հարձակվողները խոսում էին առանց ակցենտի՝ «ինչպես մոսկվացիներ»։ Շուստերի զրուցակիցը ենթադրում է, որ իր վրա հարձակվողներն իշխանության կողմից են ուղարկված։ Պատճառն, իր կարծիքով, կարող էր լինել 98 էջանոց հայցը նախագահ Պուտինի դեմ, որը նա ներկայացրել էր Միջազգային քրեական դատարան 2014 թ․-ի հուլիսին։

Իբրահիմովը պետության առաջնորդին մեղադրել էր «մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանության մեջ» չեչենական երկրորդ պատերազմի շրջանում։ Ապացույցների ձեռք բերման ու հայցի նախապատրաստման վրա նա ծախսել է 5 տարի։

Ավելի վաղ Իբրահիմովի վրա մի քանի հարձակումներ ևս եղել են, օրինակ 1996 թ․-ին նրան Ստամբուլում մի քանի անգամ հարվածել են դանակով։ 2009-ին կանխվել է նրա նկատմամբ մահափորձը Ֆրանսիայում։

Վ․ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը Շուստերի հավաքագրած նյութերը հետևյալ կերպ է  մեկնաբանել․ «Մեր կարծիքով՝ Իբրահիմովի խոսքերն այն մասին, որ նրան առևանգել են ու տանջել ռուսական կառավարության գործակալները, ստիպում են կասկածել նրա հոգեկան առողջության վրա»։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել