Tert.am-ը գրում է․

Էրդողանի բոլոր հավաստիացումները, թե Թուրքիան բարի կամք է դրսևորել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար,  բոլոր քիչ թե շատ առողջ տրամաբանություն ունեցող մարդկանց մոտ միայն ժպիտ կարող են  առաջացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում հնչեցրած ելույթին. նա ասել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար իրենք քայլեր են ձեռնարկել, սակայն իրենց «բարի մտադրություններն» անպատասխան են մնացել:

«Ես կարծում եմ, որ 2015 թվականին ընդառաջ թուրքական քարոզչամեքենան էլ ավելի է շատացնելու կեղծիքի իր քարոզչությունը և փորձելու է ցույց տալ համաշխարհային հանրությանը, թե իբր՝ ինքը պատրաստակամ է եղել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և դրա համար բերելու է ամենաանհիմն «փաստերը», արդարացումները: Սակայն կարծում եմ, որ միջազգային հանրության համար 2009 թվականից` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից սկսած, այս տարիները շատ լավ ցույց տվեցին, որ Թուրքիան առաջնորդվում է կեղծիքի, ստի ճանապարհով, նրա բոլոր ջանքերը ոչ կոնստրուկտիվ դաշտում են, և հենց այդ պատճառով են հայ-թուրքական արձանագրություններն ըստ էության՝ տապալվել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա` գոնե քաղաքակիրթ երկրները խորքային առումով չեն հավատում Թուրքիայի բարի կամքի դրսևորումներին՝ կապված Հայաստանի հետ: Չնայած դրան` թուրքագետը նկատեց, որ, այնուամենայնիվ,  որոշ արևմտյան պետություններ իրենց շահերից ելնելով` հնարավոր է՝ Թուրքիայի հանդեպ ավելի լավ դիրքորոշում որդեգրեն և այդ համատեքստում հերթապահ հայտարարություններ անեն` Թուրքիայի իբր՝ բարի կամքի մասին:

«Սակայն ամեն դեպքում՝ քաղաքակիրթ հանրությունը ականատես է եղել Թուրքիայի ոչ կառուցողական պահվածքին, և Էրդողանի հավաստիացումները որևէ դեր չեն կարող խաղալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 1915 թվականի հարցը պատմաբաններին թողնելու և արխիվները բացելու Էրդողանի պնդմանը, ապա 
Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ թուրքական քարոզչամեքենան բավականին սնանկ է և գտնվում է ճգնաժամի մեջ, քանի որ այս տարիների ընթացքում այդ նույն «մաշված» թեզերն է առաջ քաշում: «Ես կարծում եմ, որ ինքն էլ չի հավատում իր խոսքերի արդյունավետությանը, և նրա առաջ քաշած թեզերն ուղղակի նույնիսկ արժանի էլ չեն ուշադրության, քանի որ իրենց մեջ ոչ մի նորույթ չեն պարունակում»,-հավելեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել