«Քաղաքականության մեջ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է ասվում, յուրաքանչյուրն ունի որոշակի իրավիճակներում լռելու իրավունք: Շատ պարզ պատճառով. միշտ պետք է հիշել, որ քո ասած ամեն մի բառ կարող է օգտագործվել կամ ավելի ճիշտ՝ ուղղվել քո դեմ:
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը, կարծում ենք, հետաքրքիր է ոչ միայն «քաղաքական մոմենտի» ասելիքի առումով: Թե այդ հարցազրույցում, թե նրա վերջին հրապարակային ելույթում կան գնահատականներ, կոչեր և ձևակերպումներ, որոնք ուշագրավ նրբերանգ են ստանում, երբ հաշվի ես առնում հեղինակի պարագան: Իսկ դա, իսկապես, կարևոր է:
Ահավասիկ. «Միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից և գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսության աշխուժացում»,-ասում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Միանգամայն ճիշտ մոտեցում է: Խոսքով:
Բայց հետաքրքիր է, իսկ ո՞վ էր արդյոք, որ Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան ավտոբուսային երթուղիներին զուգահեռ անվճար ավտոբուսներ էր «մտցրել» գիծ: Դրա հետևանքով այդ երթուղիները շահագործող «Քինգ Դելյուքս» ընկերությունը, որ թերևս կարելի է հենց միջին բիզնեսի ներկայացուցիչ համարել, ստուգապես կսնանկանար: Դեռ մի կողմ թողնենք Գ.Ծառուկյանի նման քայլի դրդապատճառներն ու շարժառիթը: Էականը տվյալ դեպքում գործելակերպն է:
«Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միևնույն է, բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե 10, թե 20 հոգի` այնքան, որքան շուկան թույլ կտա»,- շեշտում է Գագիկ Ծառուկյանը:
Էլի արդարացված մոտեցում է: Իսկապես, մենաշնորհները ներսից կրծում են երկրի տնտեսական կառույցը: Բայց նկատենք, որ մենաշնորհ ասվածը մի կողմից բազմաշերտ է, մյուս կողմից՝ միայն ներկրումների կամ արտադրության դեպքում չէ, որ մենաշնորհային կացություն է լինում: Հետաքրքիր է, իսկ ո՞վ էր փորձում Երևանի շրջակայքում խաղատնային բիզնեսի մենաշնորհային դիրք ունենալ»,-գրում է թերթը: