Cosmo.am-ը գրում է․
Դիմացինից անկեղծություն պահանջելը կարող է տանջալից լինել և, ի դեպ, երկուստեք: Ուստի ահա մի քանի հուշում, որ կօգնեն տրամադրել անկեղծ զրույցի:
Չես կարող մեղադրել տղամարդուն միայն նրա համար, որ նա չի ցանկանում քննարկել ձեզ վերաբերող մի շարք ընդհանուր հարցեր: Դրանց անդրադառնալը երբեմն կարող է ամենալավ ժամադրությունը համեմել տհաճ ընդմիջումներով: Ինչևէ, որոշ բաներ իմանալը քեզ համար պարզապես անհրաժեշտություն է: Հետևիր մեր խորհուրդներին՝ իմանալու ճշմարտությունը՝ առանց իրերն իրենց անուններով կոչելու:
1. Զրույց ապրելակերպի մասին
Հարցրու նրան՝ որ քաղաքում կցանկանար երբևէ ապրել: Սա խոսակցությունը սկսելու համար լավ տարբերակ է. առանց ճնշում գործադրելու՝ նրան կդրդես մտածել ապագայի մասին բարձրաձայն: Եվ քանի որ յուրաքանչյուր քաղաք իր կենսակերպն ունի, նրա պատասխաններից կկռահես՝ ինչպիսի ապագա է նա ցանկանում իր համար:
2. Զրույց նրա տրամադրվածության մասին
Հեշտ չէ տղամարդուն ստիպել, որ նա ասի, թե ինչ է զգում քո հանդեպ կամ ինչպես է վերաբերվում քեզ: Դիր նրան որևէ դժվար իրավիճակում. այս դեպքում հնարավոր է՝ կարողանաս լսել այն, ինչ ցանկանում ես: Քննարկիր մի բան, որը կցանկանայիր՝ նա այլևս չաներ, ասենք՝ խոսիր նրա անպարտաճանաչության մասին: Եթե նա ընդունում է ասածներդ, նշանակում է` պատրաստ է ցանկացած քայլի, որը քեզ կարող է երջանկացնել:
3. Մանկական զրույց
Թույլ տուր, որ «բլբլա» իր մանկության մասին: Փորձագետները փաստում են, որ մանկությունից խոսելիս կարելի է եզրակացնել՝ ինչպիսին է տվյալ մարդու մոտեցումը երեխաներ ունենալու հարցին: Եթե նա հիմնականում երջանիկ հիշողություններ ունի, շանսերը մեծ են, որ կցանկանա հայր դառնալ: Եթե միայն բացասական բաներ է պատմում, ուրեմն նա դեռ պատրաստ չէ ընտանիք կազմելուն:
4. Զրույց փողի մասին
Փողն ամուսնական զույգերի հիմնական վեճի պատճառն է: Հետևաբար, կարևոր է պարզել` արդյոք միևնույն հայացքներն ունեք գումար ծախսելու հարցում: Ասա նրան, որ ֆինանսական վատ շրջան է քեզ մոտ և հարցրու, թե ինչպես է ինքը գումար տնտեսում: Տղամարդիկ սիրում են խորհուրդներ տալ, հետևաբար՝ այս հարցում նա առավել կանխատեսելի կլինի, իսկ նրա խորհուրդները կտան քո հարցերի պատասխանները: