«Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում և նրանից հետո եռյակի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն ու հարցազրույցները ոչ միայն մեծացնում են վերջին ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում տիրող անորոշությունները, այլև տպավորություն են ստեղծում, որ նման ընդդիմադիր միավորումն իրականում գոյություն ունի միայն որպես նախորդ համապետական ընտրություններում իրենց նպատակին չհասած տարաբնույթ ուժերի ժամանակավոր-այսրոպեական համախմբում։
Այս ամենի սկիզբը դրվել է Գագիկ Ծառուկյանի հակասական ելույթով, որը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ազդարարելով առաջիկայում իրենց կողմից նախաձեռնվող շտաբների ստեղծման լայնածավալ աշխատանքների մասին, այդպես էլ չբացատրեց, թե ի՞նչ նպատակով են նախատեսված դրանք։ Քանզի եթե ստեղծվում է մի ինչ-որ գործիք, ապա դրանից առաջ հստակ է լինում դրա օգտագործման նպատակը։
Բացատրությունը տրվեց մի փոքր ավելի ուշ zham.am կայքին տրված հարցազրույցում, բայցև նույնպես հստակորեն չասվեց, թե «իշխանափոխության» մասին Գագիկ Ծառուկյանի ընդհանուր հայտարարությունները ե՞րբ են փոխարինվելու կոնկրետ դիրքորոշումներով։ Ու քանի որ եռյակը՝ որպես ամբողջություն, իսկ նրա առաջնորդը՝ որպես ԲՀԿ ղեկավար, չեն առաջադրել իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների խնդիրը, այլ սոսկ սպառնացել են նման հեռանկարով, ապա պետք է գոնե հստակորեն ձևակերպեն իրենց պահանջները»,-գրում է թերթը։