Երբ փոքր էի, գիտեի՝ պապիկս է ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԸ: Հորս տատը, ում մեծ մամա էինք ասում, իր սենյակի պատին, ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ նկարն էր կախել, որտեղ քնելուց առաջ գլուխը գլխաշորով ծածկում էր ու աղոթում... Քնելուց էլ գլուխը հարմարեցնում էր այնպես, որ նկարը գլխավերևում լինի... Փոքր էի, շատ բան չէի հասկանում, երբ տատը աղոթում, վերջացնում էր, հազիվ բառերը իրար կապելով ասում էի. «Քողը գլխիդ փռած՝ ոնց որ հարսիկ լինես, տատա»: Տատը ձեռքը դնում էր գլխիս ու ինձ «Հայր մեր»-ն էր սովորեցնում: Ես արդեն երեք տարեկան էի ու աղոթում էի... Մի օր տատս տանը չէր, մտել էի նրա սենյակ, ձեռքս էի առել գլխաշորը, գցել էի գլխիս, ծնկաչոք աղոթում էի, հետո տատս աննկատ մտել էր սենյակ, տեսել էր գլխաշորը գլխիս, դե ես էլ երեխա էի ու շատ չէի հասկանում, տատս էլ հասկացել էր, որ ես դեռ փոքր եմ, չէր բարկացել... Ուղիղ նայեց աչքերիս մեջ, ասաց. «Պապիկը կբարկանա, տղամարդը գլխաշոր գլխին չի առնի»: Տատիս վերջին օրերն էին... Հիշում եմ, ձեռքն առավ ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ նկարը մի քանի րոպե, առանց աչքերը թարթելու նայեց, նկարը դողդոջուն ձեռքերով դրեց սրտին ու փակեց աչքերը: Ես էլ ուրախ-ուրախ դուրս եկա տնից, թե տատը պապի նկարը գրկեց՝ քնեց... Փոքր էի, շատ բան չէի հասկանում...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել