A1plus.am-ը գրում է․
«Ազգային համաձայնություն» կուսակցությունը պատրաստ է միանալ ոչ իշխանական եռյակին։
«Հայտ ենք ներկայացրել, որ պատրաստ ենք համագործակցել, պատրաստ ենք միանալ, պատրաստ ենք ասել մեր ասելիքը։ Բայց գտնում ենք, որ սա լուրջ կառուցվածքային խնդիր է եւ մեր կարծիքով՝ դա պետք է լինի «Ազգային համաձայնության» դաշինք, որի մեջ կլինեն եւ ՀԿ-ներ, եւ արտախորհրդարանական ուժեր, քաղաքական ուժեր եւ մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
Հարցին, հնարավոր է եռյակը չընդունի «Ազգային համաձայնությանը» իր շարքերում, պարոն Հարությունյանը պատասխանեց . «Եթե եռյակը հայտարարում է, որ պետք է համախմբում լինի, բնական է, որ դռները բաց են։ Չեմ կարծում, որ նման խնդիր լինի։ Այն հանգամանքը, որ երեք ուժերը կանգնած են իրար կողք, նրանք շատ հավակնություններ են հաղթահարել եւ համոզված եմ, որ որեւէ ուժի հետ կապված ամբիցիա չպետք է լինի, որ իրենց կողքը կանգնի, կամ լինի իրենց հետ հարթակի վրա»։
Արամ Հարությունյանը վստահ է, որ իշխանությունը պատրաստ չէ դիմադրել եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին հստակ ներկայացրեց իշխանափոխության ճանապարհային քարտեզը։
«Ասվեց, որ իրավիճակն այնպիսին է, որ սպասելու ժամանակ չկա եւ բոլոր ոլորտներում ձախողված են եւ ժամանակ տրվեց իշխանություններին՝ կոշտ կամ փափուկ տարբերակով հեռանալու համար»,- նշեց «Ազգային համաձայնության» ղեկավարը։
Փափուկ տարբերակը, ինչպես ընկալել է նա, ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելն է եւ նոր ընտրություններ անցկացնելը, իսկ եթե այդ պահանջը չկատարվի, ապա Եռյակը՝ ժողովրդի աջակցությամբ, պատրաստ է գնալ կոշտ տարբերակին։
Պարոն Հարությունյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի, որ իր համար լավագույնը փափուկ տարբերակն է։
Տեսանյութն՝ այստեղ