ArmnewsTV.am-ը գրում է․
Ծրագիր առ ծրագիր, ծախս առ ծախս: Եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի մանրամասները նախարարները կներկայացնեն: Գործադիրի ղեկավարը կխոսի բյուջե 2015-ի հիմքում ընկած սկզբունքներից ու տնտեսական քաղաքականության շեշտադրումներից: Վարչապետը փաստաթուղթը իրատեսական է համարում:
Պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման համար կտրամադրվի ծախսերի 21.4 տոկոսը: 2015-ին ևս կշարունակվի ֆինանսական աջակցությունը ԼՂՀ-ին: 45.5 մլրդ դրամ միջպետական վարկը կգնա Ղարաբաղ: Գործարար միջավայրի բարելավում, արտահանման խթանում, հենքային ոլորտների զարգացում: Սրանք կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումներն են: Փոքր բիզնեսին հարկային բեռից ազատելու քաղաքականությունը գործադիրը 2015-ին էլ կշարունակի:
Որքան քիչ ստուգող, այնքան լավ: Երկակի ստանդարտների բացառման ու պետություն-տնտեսվարող հարաբերությունները կանոնակարգման նպատակով տեսչական բարեփոխումները եկող տարի էլ կշարունակվեն: Ուշադրությունից չի վրիպի նաեւ ստվերի դեմ պայքարը:
Գյուղը եւս կառավարության ուշադրության կենտրոնում է: Ոլորտի սուբսիդավորումը կավելանա` հասնելով 6 տոկոսի: 1 տրիլիոն 184.5 մլրդի եկամուտներ` 95.5 տոկոսը հարկերից, 4.1 տոկոս տնտեսական աճի ակնկալիք: Թեեւ բյուջեում չոր թվեր են, Հովիկ Աբրահամյանը վստահ է` նախագծի քննարկման ժամանակ քաղաքական բանավեճից խուսափել չի հաջողվի: Երկրում ընթացող քաղաքական գործընթացներին գնահատական տալ չի ուզում, պարզապես պատգամավորներին հորդորում է զերծ մնալ պոպուլիզմից ու ապագա հարցադրումներում չմոռանալ, որ ծախսելու ենք այնքան, որքան ունենք:
Վարչապետից հետո ամբիոնի մոտ ֆինանսների փոխնախարարն է թղթապանակով: Մանրամասն ծախսերն է ներկայացնում: Դեսպանություններին հատկացվելիք գումարն ավելացել է մեկ միլիարդ դրամով: Դանիայում եւ Իրաքում բարերարները դադարեցրել են դեսպանատների շենքերի պահպանման ծախսերը հոգալ: Բյուջեին դա 347 միլիոն կարժենա: Հանրապետական Սամվել Ֆարմանյանին պատճառն է հետաքրքրում: Եվս մեկ հարց պատգամավորից` այսպես կոչված ատկատների մասով: Ֆինանսների փոխնախարարի պատասխանը մասնագիտական է:
Պատգամավորը խոստացավ հետեւողական լինել այս հարցում ու նկատեց` պետբյուջեից 1 դրամ գողացողի ձեռքը պետք է կտրել, որ բյուջեի նկատմամբ անհագուրդ ախորժակ ունեցողներն իմանան` իրենց ժամանակն անցել է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին էլ հետաքրքրում է` ինչպես է բյուջեում արտացոլվել ԵԱՏՄ անդամակցությունը: Սա չի նշանակում, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա ԵԱՏՄ անդամակցության ազդեցության հաշվարկները կառավարությունը չի անում: Միջանկյալ արդյունքներն արդեն կան եւ ամենաուշը մեկ ամսվա ընթացքում կներկայացվեն հանրությանը:
Տեսանյութը՝ այստեղ