Դու և նա. առողջ և բարեկազմ` միասինCosmo.am-ը գրում է․

Դու մտահոգվում ես, որ հազիվ ես տեղավորվում ջինսիդ մեջ և պետք է ազատվես ավելորդ կիլոգրամներից, և ընկերդ էլ, նիհարելու փոխարեն, հավելյալ մի քանի կիլոգրամ է հավաքել: Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ ես անում քո ու սիրելիիդ քաշը չափի մեջ պահելու համար:

Իհարկե, ընդհանուր առմամբ, դուք պետք է հետևեք ձեր ապրելակերպին ու առողջությանը համատեղ ուժերով, և դրական արդյունքը կախված է երկուսիդ ջանքերից: Սակայն դու կարող ես կատարել առաջին քայլը` վերցնել նախաձեռնությունը քո ձեռքը և ձեր ապրելակերպի ու սննդակարգի մեջ մտցնել այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք օգտակար կլինեն երկուսիդ հավասարապես ու կամրապնդեն ձեր միությունը:

Համատեղ ակտիվություն

Դահուկային սպորտով զբաղվելը, սահադաշտ այցելելը կամ պարի դասերի հաճախելը ռեստորանում ընթրելուց կամ կինոդահլիճում ֆիլմ դիտելուց ոչ պակաս հետաքրքիր տարբերակներ են: Շաբաթական 2-3 անգամ ժամադրվեք մարզասրահում, որտեղ կարող եք միասին մարզվել: Գրազ եկեք, թե ով կկարողանա 5 րոպեում ավելի շատ կքանստում անել կամ ավելի արագ լողալ: Երբ եղանակը տաքանա, դուրս եկեք զբոսանքի, միասին վազեք կամ թենիս խաղացեք: Այս ամենը հետզհետե վերածեք սովորության: Եվ հիշեք ամենակարևորը` անկախ ձեր գործունեության տեսակից՝ համատեղ զբաղմունքը պետք է երկուսիդ էլ դուր գա և հաճույք պատճառի:

Սնվեք «խելացի»

Երբ միասին դուրս եք գալիս, նախապատվությունը տվեք թարմ և առողջ սնունդ առաջարկող ռեստորաններին: Երկուսդ էլ սկսեք թեթև թարմ աղցանի մեծ չափաբաժնից: Աշխատեք խուսափել հացից. փոխարինեք այն ևս մեկ աղցանով: Տաք ուտեստ պատվիրելիս ընտրեք ցածր պրոտեինով սնունդ, օրինակ` հնդկահավ, ձուկ, հավ: Կարմիր միս կարելի է համտեսել շաբաթական մեկ անգամ: Ցածր պրոտեինով սնունդը պետք է լինի ոչ թե տապակած, այլ եփած, շոգեխաշած կամ գրիլի վրա պատրաստված: Ածխաջրերով հարուստ խավարտի ամբողջական չափաբաժնի փոխարեն վերցրեք կեսը, օրինակ` կես չափաբաժին կարտոֆիլ, բրինձ կամ հնդկաձավար: Աղանդերը փոխարինեք ռոմանտիկ զբոսանքով: Մի քանի ժամ անց, խմեք թարմ քամած հյութ կամ մեղրով և դարչինով տաք թեյ:

Բավական արդյունավետ տարբերակ է տանը սնվելը. այստեղ դուք նույնպես կարող եք հետևել վերը նշված կանոններին: Առհասարակ, խորհուրդ կտայի հիմնականում սնվել տանը և շաբաթական միայն մի քանի անգամ ընթրել դրսում: Այդ դեպքում դուք կարող եք հեշտությամբ վերահսկել` ինչ և ինչպես պատրաստել:

Ի լրումն վերը նշված կետերի, աշխատեք հնարավորինս խուսափել շաքարից, քաղցր ըմպելիքից, հացից, կարագից և աղից: Աղանդերը թույլատրելի է շաբաթական մեկ անգամ ամբողջությամբ կամ երկու անգամ` եթե դուք այն կիսեք: Ամեն ինչ համատեղ անելը դարձրեք սովորություն: Փորձեք և կհամոզվեք, որ դա ոչ միայն կօգնի մնալ բարեկազմ, այլև առավել կամրապնդի ձեր կապը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել