Magaghat.am-ը գրում է.
ՀՀ վաստակավոր արտիստուհի, Պարի և հոգու թատրոնի հիմնադիր Սոֆի ԴԵՎՈՅԱՆԻ ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված շքեղ համերգին եթերով «ներկա եղան» ամբողջ հանրապետությունն ու սփյուռքը: Նրա կենսագրական ու կերպարային «թեականները» փորձեցինք պեղել Պտղնիի շոգ օրերից մեկում: Մեզ, իհարկե, սպասում էր ոչ թե տապը, այլ առանձնատան կանաչազարդ այգին:
– Տիկին Սոֆի, արտաքին տպավորությամբ կարելի է ենթադրել, որ դուք կանացի երջանկության խորհրդանիշ եք: Իրոք այդպիսի՞ն եք, թե հանրային ճիշտ կերպար եք մշակել:
– Իրոք, շատ երջանիկ եմ, որովհետև զգում եմ, որ իմ կեսն ապրում է ինձ համար, այն ամենը, ինչ անում է` ինձ համար է: Դա կնոջ անգնահատելի հարստությունն է:
– Բայց եղել է շրջան, երբ երեխայի հետ մնացել եք միայնակ:
– Երբևիցե չէի պատկերացնի, թե սիրտս երկրորդ անգամ կբաբախի, սակայն դա տեղի ունեցավ: Հիմա ես միայն մի բանի մասին եմ մտածում, որ այս տոնը հնարավորինս երկար տևի:
– Նաև զոհաբերությունների գնո՞վ:
– Զոհաբերությունը պարտադիր է: Շատ կանայք պահանջկոտ են, երազում են, որ ամուսիններն իրենց անկողինը զարդարեն ծաղիկներով, առավոտյան սուրճ մատուցեն, բայց չեն մտածում, որ իրենք` տղամարդիկ էլ դա կուզենային: Սիրո ակնկալիք ունեցողը նախ ինքը պիտի այն ընծայի:
– Եվ զգացմունքներդ չթաքցնե՞ս: Դուք անգամ եթերից եք ձեր ամուսնուն սեր խոստովանում:
– Ես սիրում եմ անկեղծությունը: Ինչպես բեմը և էկրանը արհեստականություն չեն հանդուրժում, ընտանիքը ևս չի հանդուրժում:
– Դուք մեր իրականության մեջ ոչ միայն երկրորդ երջանկության, այլև հարս-սկեսուր հարաբերությունների մշակույթ եք հիմնել: Ամեն ինչ ջինջ ու խաղաղ է նաև երգչուհի Զառա Բաբայանի հետ շփումներո՞ւմ:
– Նա ուրույն անձնավորություն է, ես իրեն շատ սիրում եմ, հարգում: Մեր միջև տարաձայնություններ չկան, և ես երբեք թույլ չեմ տա, որ լինեն:
– Ուզում եք հաստատել, որ հայկական ընտանիքում որոշիչը մեծի պահվա՞ծքն է:
– Ամեն ինչ գալիս է մեծից. եթե միասին եք ապրում` մեծն ամեն ինչ պետք է անի, որպեսզի տանը խաղաղություն տիրի, սեր լինի և ջահել հարսն էլ ունենա իր իրավունքները: Ընդհանրապես` մարդու հոգին պետք է խաղաղ լինի: Եթե քո ներսում պատերազմ է, խեղաթյուրում է, լաբիրինթոս, դա ազդում է ամեն ինչի վրա:
– Երջանիկ ընտանիք, հաջող բիզնես, բայց ոչ ոք չի մոռացել, որ այդ ամենը հիմնադրել է Պարի պետական անսամբլի նախկին մենապարուհին` այն էլ կյանքի ոչ լավագույն շրջանում:
– Պարի պետականից ես հեռացա 1990 թվականին. մի օր հանկարծակի որոշեցի, որ այնտեղ այլևս անելիք չունեմ: Մայրս ինձ անընդհատ հորդորում էր չհուսահատվել, ինչ-որ գործ նախաձեռնել, և ես որոշեցի սեփական թատրոն ստեղծել: Ծրագրերս իրագործելու համար վաճառեցի մատանիս, կտրտեցի տան վարագույրները, գորգերը ու դրանցից զգեստներ կարեցի: Գիտե՞ք քանի անգամ եմ բնակարանս գրավ դրել: Մայրս ասում էր` դու մի օր կմնաս անտուն: Բայց ես կարողացա հիմնել մի թատրոն, որը համարում եմ ստեղծագործական կյանքիս գլխավոր ձեռքբերումը:
– Այդուհանդերձ արվեստասերները գնահատում են ձեռքերի ճախրանքով մենապարերը: Դա ձե՞ր գյուտն էր:
– Երևանի պարարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո ես միանգամից ընդունվեցի Պարի պետական անսամբլ: Առաջին իսկ ելույթիս ժամանակ տապալեցի այն ամենը, ինչ սովորել էի: Հաջորդ օրը Ազատ Ղարիբյանը կանչեց և ասաց. «Քո սխալում այնպիսի մի դրական բան եմ հայտնաբերել, որ հասկացել եմ` դու պետք է մենապարուհի լինես՚:
– Այդ «սխալը» ձեր ձեռքե՞րն էին:
– Իրավացի եք, բայց ես էլ հայտնագործեցի իր ձեռքերը: Տարիներ առաջ կատարումս արտոնագրել եմ, և հպարտությամբ կարող եմ ասել, որ արել եմ մի բան, որն աշխարհում նախադեպ չունի: Մթության մեջ ձեռքերի պարը հուզում, ալեկոծում է մարդկանց. չկա դեմք, չկա տարածք, չկա զգեստ, ոչինչ չկա` ձեռքերից բացի:
– Արտոնագրումը երևի խոչընդոտ չէ, քանի որ շատերն են ձեզ կրկնօրինակում:
– Լավը թող սովորեն, ընկալեն, ես դրան դեմ չեմ, միայն թե լինեն բարի, ապրեն առանց նախանձի:
– Հասե՞լ եք այն գագաթին, որ երբևէ նախանշել եք:
– Ես համարում եմ, որ դեռ ոչինչ չեմ արել:
– Շինծու համեստություն չէ՞:
– Դա միայն մի բան է նշանակում, որ բազմաթիվ չիրագործված ծրագրեր ու նպատակներ ունեմ: Այժմ պատրաստում եմ ազգագրական պարերի մի նախագիծ, որը համոզված եմ` իմ ամենահետաքրքիր գործերից է լինելու:
– Մանավանդ մինչ այժմ զուտ ազգագրական պարին կենտրոնական տեղ չեք տվել:
– Համերգային ծրագրերում գոնե մեկ ազգագրական պար անպայման ներառել եմ: Այսօր շատերը կան, ովքեր զբաղվում են ազգային պարարվեստով և ես ողջունում եմ նրանց, սակայն ինքս ունեմ իմ պատկերացումները, որոնք ոչ ոք չի կարող փոխել: Ես սիրում եմ համադրել ազգայինն ու ժամանակակիցը` մոդեռնը: Միայն սինթեզով կարող ես երիտասարդությանը գրավել: Ինչո՞ւ կարելի է Մոցարտին, Բախին, Ալբիոնիին ժամանակի շնչով ներկայացնել, իսկ օրինակ Կոմիտասին` ոչ: Ասում են` Կոմիտասին չի կարելի ձեռք տալ: Բայց ես իմ Կոմիտասն ունեմ, որը միգուցե կօգնի, որ երիտասարդը դրանով հայտնագործի իսկական Կոմիտասին:
– Մի քանի տարի առաջ ներկա եմ եղել ձեր մշակութային կենտրոնի հաշվետու համերգին. պարզապես ապշած էի` տեսնելով բեմի ու դահլիճի ոգեշնչումը: Այդ մթնոլորտն այժմ պահպանվո՞ւմ է:
– Մթնոլորտը ոչ միայն պահպանվում է, այլև նոր բովանդակություն է ձեռք բերել` պարել սովորելու են գալիս բոլոր տարիքի մարդիկ: Նրանք ցանկանում են աշխատանքից հետո լիցքաթափվել, միմյանց հետ շփվել, զրուցել, պարզապես ժպտալ:
– Ոչ միայն պարելու տենչով եք մարդկանց վարակում, այլև ժպտա՞լ եք սովորեցնում: Ընդհանրապես ժպիտն ի՞նչ է, կանացի զե՞նք, թե հաղորդակցության միջոց:
– Կարծում եմ այնպիսի զենք է, որին չես կարող չենթարկվել: Երբ մեկը քեզ ժպտում է` դու նրան անպայման պետք է ժպիտով պատասխանես, որովհետև դրանից կյանքը լուսավորվում է:
– Հայ կանայք քիչ են ժպտում, հատկապես տղամարդկանց:
– Նրանք պարզապես վախենում են դուրս գալ իրենց կաղապարից:
– Տիկին Սոֆի, բամբասանքի դեմ ո՞րն է ինքնապաշտպանության ձեր զրահը:
– Ոչ թատրոնում, ոչ կյանքում, ոչ իմ միջավայրում բամբասանք լսելու սովորություն չունեմ: Ես չեմ ուզում պղտորել իմ ներքին աշխարհը, եթե մի ազատ րոպե ունեմ` կարդում եմ, հետաքրքրվում շոկոլադի բիզնեսով, գնում եմ ակումբ` ընկերներիս հետ շփվելու: Բամբասանքով զբաղվում են պարապ մարդիկ, դրանով են լցնում իրենց կյանքը:
– Բայց կան բամբասանքներ, որոնց անպայման պետք է պատասխանել: Օրինակ` տարիներ առաջ թերթերից մեկը գրեց, թե պարախմբի տղաներին բանակից ազատում եք, հետո նրանք փախչում են արտասահման: Այսինքն խթանում եք դասալքությունը: Անգամ տեղեկություն տարածվեց, թե ձեզ ձերբակալել են:
– Նման բան չի եղել: Ես ուղղակի դիմել եմ, որպեսզի մի քանի շատ շնորհալի տղաներ այնպիսի տեղ ծառայեն, որտեղ կարողանան պարել: Շնորհակալ եմ, որ ինձ ընդառաջեցին:
– Բայց արդեն բամբասանք չէ, որ Հայոց լեզվի մասին ՀՀ օրենքը հաճախ եք խախտում:
– Այդ հարցում շատ վատ մարդ եմ, կեսը հայերեն, կեսը ռուսերեն եմ խոսում: Դա նրանից է, որ մանկությանս տասը տարին անցել է Օրենբուրգի մարզում, չէ՞ որ հայրս զինվորական էր: 4-րդ դասարանում էի, որ տեղափոխվեցինք Երևան, ու այդպես էլ հայերենս մնաց թերի: Բայց ես մեր լեզուն շատ եմ սիրում, հատկապես հայկական պոեզիան, անգամ հեռուստատեսությամբ Սևակ և Քուչակ եմ ասմունքել:
– Հայի կենսագրություն է՝ ըմբռնելի ու ներելի, և քանի որ ձեր մասնագիտության մեջ գլխավորը պարի լեզուն լավ իմանալն է, ընդունեցեք մեր և ընթերցողների ջերմ շնորհավորանքը:
– Զգացված եմ: