Մեր քարոզչության մեջ ինչ-որ մի օղակ սխալ է աշխատում։ Սխալ է աշխատում նաև հասարակական ընկալումը՝ կապված ռազմահայրենասիրական տարբեր դրվագների, հայրենասիրության ու հերոսության մասով։ Մի քիչ նուրբ թեմայի եմ ուզում անդրադառնալ՝ կապված նշված աղավաղման հետ։
Այսօր մի միտք կարդացի, որ պետք չէ հերոսացնել ու մեդիա ֆիգուր կերտել Հակոբ Ինջիղուլյանից, պետք չէ արձաններ կանգնեցնել ու հերոսացնել Գուրգեն Մարգարյանին... ոմանց համար սա կարող է կոպիտ թվալ, բայց որոշակի տրամաբանություն կա։
Օրինակ՝ Գուրգեն Մարգարյանի դեպքում։ Այո՛, այս տղան մարմնավորում է թուրքի նենգության հետևանքները ու այո, նրա վրեժը դեռ պետք է լուծել, բայց երբ մարդուն արձան ես կանգնեցնում ու ասում ես, որ հերոս է, պետք է նաև հստակ հասկանալ, թե ինչ հերոսության մասին է խոսքը։ Ոչ մի կերպ չնսեմացնելով Գուրգենի արժանիքները ու, քավ լիցի, խիստ հարգելով նրա հիշատակը՝ ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք Ռամիլ Սաֆարովի՝ թուրքական տականքության ու նենգության զոհ գնալու մեջ հերոսականություն կա։
Ինջիղուլյանի մասին չխոսեմ էլ. օդանավակայանում մի հատ էլ մուննաթ էր անում, թե «ինչ արել եմ, կյանքս փրկելու համար եմ առել»։ Աստված իրա հետ, գուցե իր ու ոմանց համար սա ընդունելի պատասխան է, բայց ինձ համար ընդունելի չէ ու առավել ևս ընդունելի չէ, երբ Ինջիղուլյանի ֆիգուրն ու արարքը շարունակում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել, առավել ևս, որ կան տղերք, ում կյանքը ոչ իմ, ոչ էլ Ինջիղուլյանի կյանքից էժան չի, բայց իրենք ոչ միայն չեն ասում «ինչ արել եմ, կյանքիս համար եմ արել», այլև ուրանալով վախը՝ մահվան հանդեպ իրական հերոսություն են գործել։
Օրինակ, Ինջիղուլյանի անունը բոլորս ենք հիշում։ Արարքն էլ։ Պատմությունն էլ։ Իսկ այս նկարում վիրակապերի մեջ կորած այս տղային քանի՞սս ենք հիշում։ Վստահ եմ, որ շատ ավելի քչերը։ Ու անգամ երբ ես ստորև հիշեցնեմ, թե կոնկրետ ինչ պատմության մեջ էր ընկել նա ու ինչու է նա վիրակապերով, դուք պատմությունը կհիշեք, բայց անունը՝ դժվար թե, մինչդեռ այ նա՛ հերոս է, այ նա՛ արժանի է ուշադրության էլ, գովասանքի էլ, պատկառանքի էլ։ Ու նա ոչ մի անգամ, այն էլ մուննաթով չասեց. «Ինչ արել եմ՝ լավ եմ արել, կյանքս փրկելու համար եմ արել»։
Շարքային Նորայր Միքայելի Քարամյանն է, ով օգոստոսյան միկրոպատերազմի առաջին խոշոր դիվերսիոն ակցիայից տուժածներից է։ Հիշո՞ւմ եք, երբ մեր չորս զինվորները պատահաբար դուրս էին եկել 4 ադրբեջանցի հատուկ ջոկատայինի դեմ ու միակ զինված հայ զինվորը փախել էր, իսկ մյուս երեքից երկուսին սպանել էին տեղում։ Վերջինը՝ Նորայրը, ում ուզեցել էին գերի վերցնել, անզեն ու ուրանալով մահը, ձեռնամարտի մեջ էր մտել ադրբեջանցի հատուկջոկատայինների մեջ, 11 դանակի հարված էր ստացել, երկու հրազենային վնասվածք, բայց մինչև վերջ կռիվ էր տվել ու րոպեներ էր շահել իր արյան ու առողջության գնով, բայց այդ րոպեները հերիք էին եղել, որ օգնությունը վրա հասնի ու նա գերության մեջ չհայտնվի, գլուխն էլ միշտ ու ամեն տեղ կարողանա բարձր պահի։
Հիմա հասկանո՞ւմ եք, որ իրոք մի բան այն չէ մեզանից շատերի գիտակցության մեջ ու, իրոք, ինչ-որ մի օղակ մեր քարոզչությունում սխալ է աշխատում, եթե բոլորը հիշում են Ինջիղուլյանին, բայց կենդանի հերոս Քամալյանին՝ ոչ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=559950544138714&set=np.35700046.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել