«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն այսօր ուշագրավ մի հայտարարություն է արել: Աշոտ Սարգսյանը կարծում է, որ գործը կարող է բացահայտվել, եթե երկրում իրականացվի իշխանափոխություն: Իսկ իրական իշխանափոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ մի քանի օր առաջ ինքնասպան կամ հանկարծամահ լինեն երեք հոգի՝ Նաիրի, Կարեն Հունանյաններն ու Էդիկ Գրիգորյանը: Ցանկացած իշխանություն պետք է մտահոգվի այս հայտարարությունից, որովհետև փաստաբանի ասածից ստացվում է՝ մարդիկ իշխանություն չեն հանձնում՝ «արյունոտ ձեռքեր» ունենալու պատճառով: Ես չեմ մեղադրում փաստաբանին՝ նման հայտարարություն անելու համար, որովհետև եթե ոճիրն առնվազն կազմակերպիչների մասով բացահայտված չէ, կասկածի առաջին թիրախը դառնում է իշխանությունը, որի ձեռքին են համապատասխան լծակները: Իհարկե, իշխանությունները կարող են արդարանալ, փսփսալ, թե «արտաքին» հետք կա, մի հզոր ուժ, որը կանգնած է «Հոկտենբերի 27»-ի թիկունքին, ու մենք լռում ենք, որովհետև անզոր ենք: Ես մի քանի նման մասնավոր նվնվոց լսել եմ ու միշտ ասել եմ՝ տղերք, եթե նման բան կա, թող կանչեն տուժողների հարազատներին՝ Արամին, Ստեփանին, այդ մասին ասեն, խոսեն, զրուցեն, փորձեն ելքեր գտնել: Սակայն եթե ոչ բացահայտումն է լինում, ոչ նման զրույցը, ապա հասարակությունը, փաստաբանը, մարդիկ կարող են կասկածել, կարող են մեղադրել: Իշխանությունն արդարանալու փոխարեն քայլեր պետք է անի, որպեսզի փարատի կասկածները: Իրական քայլեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել