Ասում են՝ ռուսական և իրանական ռազմական ոլորտի մասնագետները իրաքյան բանակի հրամանատարության հետ միասին «Իսլամական Պետության» (ԻՊ) դեմ համատեղ գործողությունների համակարգման շտաբ են հիմնել: Իրաքյան մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ռուս և իրանցի մասնագետները փորձելու են օժանդակել իրաքյան բանակային ստորաբաժանումներին՝ իսլամականների դեմ առավել արդյունավետ կերպով պայքարելու խնդրում: Ասում են նաև, որ Բաղդադում ներկայում գործում են «ՌԴ և դաշնակից պետությունների 60 մասնագետներ»:
Ընդհանուր առմամբ, Մոսկվայի և Թեհրանի կողմից սիրիական և իրաքյան գործող իշխանություններին աջակցելու հանգամանքն օբյեկտիվ իրականություն է՝ պայմանավորված վերոնշյալ երկրների տարաբնույթ շահերով: Մինչդեռ այստեղ, այուամենայնիվ, ամենաուշագրավն այն է, որ որքան էլ միջազգային ռազմական կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է մեկուսացնել միջազգային և մերձավորարևելյան գործընթացներում վերոնշյալ առանցքային դերակատարներին, այդուհանդերձ, դեռևս թեկուզ ռազմատեխնիկական, մասնագիտական (Իրանի պարագայում նաև մի շարք հատուկ գործողությունների իրականացում, ինչի մասին չի բարձրաձայնվում) աջակցության տեսքով ռուսական և իրանական կողմերի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին իրականացվելու է՝ միջազգային կոալիցիայից մեկուսի: 
Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս. եթե միջազգային կոալիցիայի աջակցությունն ուղղված է հիմնականում Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի դեմ մարտնչող քրդական զորամիավորումներին, ապա Ռուսաստանի և Իրանի պարագայում՝ ահաբեկչական կառույցի թիրախ դարձած պետությունների գործող ալաուիական և շիայական վարչակարգերին. իսկ սա խոսում է ԻՊ-ին որոշակի կերպով մեկուսացնելուց հետո Իրաքում և Սիրիայում ազդեցության հնարավոր սահմանագծերի անցկացման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել