88-ին սկսված «համազգային շարժումից» մինչև այսօրվա «համազգային ճահիճը» բացառապես հայերի մասնակցությամբ է արվել: Իշխանություն, ընդդիմություն, մամուլ, ժողովուրդ՝ բացարձակապես հայերից է բաղկացած եղել: Ոչ մի օտարերկրացիներ, այլմոլորակայիններ մասնակից չեն եղել այս ամենին ու մեր համազգային ոգևորությունն այսօրվա դժոխքի չեն վերածել:
Սա նշանակում է, որ մենք ինքներս մեր ձեռքերով քանդել ենք մեր տունը, այսինքն՝ այս փաստը ոչ ոք չի կարող հերքել, առավել ևս հակառակն ապացուցող փաստարկներ բերել: Հիմա՝ այսքան բանից հետո, եթե աշխարհում ոչ ոք մեզանից բացի չի խառնվել մեր «եփած ճաշին» և ոչ էլ տեղյակ են կամ հետաքրքրված են մեզանով, ապա ամենապարզ տրամաբանությամբ արդյո՞ք մենք ազգովի ինքներս մեզ, միայն մեզ չպե՞տք է մեղադրեինք այս փորձանքի մեջն ընկնելու համար:
Մեղադրում ենք, ինչու չէ, լա՜վ էլ մեղադրում ենք, սակայն իրար, մեկմեկու: Հատվածաբար, թե անհատական, բոլորը բոլորին մեղադրում են, սակայն երբե՛ք սեփական անձին կամ յուրայինների հատվածին: Իսկ ի՞նչ եք կարծում, եթե այսպես շարունակվի, ու ոչ ոք չընդունի ԻՐ ՍԽԱԼԸ, և այնուհետև ԱԶԳԸ չընդունի իր ՄԵՂՔԸ, ապա արդյո՞ք մեր ու մեր սարերի արանքում որևէ բան կփոխվի մեր կյանքում:
Այսօր չորսբոլորը ի՞նչն են շատ՝ «փրկիչները»: Խոսում են ու ճզում, «ազգափրկիչ ծրագրեր» բստրում, սակայն ոչ ոք չի ասում, լա՜վ, էս մենք ի՞նչ արեցինք, էս ի՞նչ բերեցինք մեր երկրի գլխին: Էս ի՞նչ արեցի ԵՍ, էս ի՞նչ արեցինք ԲՈԼՈՐՍ: Էս ի՞նչ կրակը գցեցինք մեր զավակներին: Մինչդեռ փրկության առաջին քայլը պետք է սկսվի սրանից՝ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ: Եթե մենք սա անելու ուժը մեր մեջ չգտանք, ապա ոչ ոք թող երբևիցե չմտածի, թե այս մահճից դուրս գալու ուժը կունենանք...