Այսօրվա մերձավորարևելյան արյունոտ պտուղներ տվող ծառը ԱՄՆ-ն դեռ 2003-2004թթ. է տնկել: Երբ 2003 թվականին ԱՄՆ բանակը և նրա կոալիցիոն գործընկերները գրավեցին Իրաքը, Սադդամ Հուսեյնի կառուցած դաժան, բայց կայուն հասարակարգը փլուզվեց, և ամեն տեսակ ծայրահեղական մտքեր ու հոսանքներ գլուխ բարձրացրեցին, որոնք Սադդամի օրոք չէին համարձակվի երազել անգամ, որ կարող են ահաբեկչական կազմակերպություն հիմնել: Այդ պարարտ հողը բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների շարքում նաև աճեցրեց Իրաքի Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը, որը մեզ Հայտնի ԻՊ-ն է անվանափոխված: Երբ Իրաքն օկուպացվեց, պետական ապարատը դադարեց գործել, բազմաթիվ թալանված թանգարանային նմուշներից, բանկերից, դեղատներից բացի՝ նաև թալանվել էին բանակային, ոստիկանական, հետախուզության զինապահեստները, որի արդյունքում բնակչության մոտ մեծ չափերի սպառազինություն հայտնվեց: Ոչ բոլոր իրաքցիներն էին ձեռք բերած զենքն ինքնապաշտպանության համար պահում. ահաբեկչիներն ու ավազակները խրախճանք սկսեցին ապրել Իրաքում: Չմոռանանք նաև շիաների և սուննիների ապստամբությունները ամերիկացիների դեմ: Երբ Իրաքն օկուպացվեց, օկուպանտները հրաման արձակեցին, որ ցրեն Սադդամի բանակը: Ի հեճուկս ընդունված պրակտկայի՝ Սադդամի բանակը չզինաթափվեց, նոր ցրվեց. այն ուղղակի ցրվեց: Արդյունքը եղավ այն, որ տասնյակ հազարավոր մարտունակ, փորձառու զինվորականներ՝ զենքը ձեռքին, մնացին անգործ: Այդ նույն ժամանակ զինվորականներից շատերն իրենց ընտանիքը պահելու նպատակով սկսեցին զրահատեխնիկա վաճառել քրդերին, որի արդյունքում քրդերն Իրաքում ունեն կանոնավորին մոտ բանակ: Մի խոսքով Այսօրվա ԻՊ-ի մեջ խտացվել են դեռևս 2000-ականների սկզբում Իրաքում առաջացած բացասական երևույթների մարմնացումները՝ ազատություն ստացած զինված ավազակները, զինված ահաբեկիչները, պրոֆեսիոնալ նախկին զինվորականները, որոնք սուննի լինելու համար հեռացվել էին արդեն շիականացած բանակից և այլն:



