Արդեն երկրորդ անգամ է՝ Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն իր ելույթներում անդրադառնում է այսպես կոչված եվրոպամետներին և որակում վերջիններիս բողոքներն իբրև ջղաձգություն: Քանի որ երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենաեվրոպամետ կազմակերպություններից մեկը՝ Հայաստանի եվրոպական շարժումը, հարկ եմ համարում անդրադառնալ այս հայտարարություններին.
1. Սեպտեմբերի 3-ի Նախագահ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո Հայաստանի եվրոպական շարժումը երբեք հանդես չի եկել Հայաստանի եվրասիական միության ինտեգրվելու դեմ, ավելին, տարուց ավել է՝ կազմակերպությունը փաստացի չի գործում և համարում է, որ ներկա իրողությունների համատեքստում նախագահի կայացված որոշումը ճիշտ էր։
2. Որոշ գործիչների կողմից կազմակերպած ցույցերը, որոնց, ըստ առաջին նախագահի, մասնակցել են երկու երեք տասնյակ մարդիկ, ունեցել են հակառակ ազդեցություն և ի հեճուկս այդ գործիչների ծրագրերի՝ եվրոպական ինտեգրման համար խաղացել են վարկաբեկող դեր։
3. Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2005 թվականին, երբ դեռ նույնիսկ խոսք չկար եվրոպական հարևանության քաղաքականության մասին, էլ ուր մնաց ասոցացման համաձայնագիր և այլ… ի տարբերություն հարգարժան Տեր-Պետրոսյանի՝ մենք չենք առաջնորդվել քաղաքական իրականության (reality) պրագմատիկ սկզբունքներով, այլ հիմնադրել ենք կազմակերպությունը՝ հաշվի առնելով բացառապես Հայաստանի ազգային շահը։ 
4. Մինչև 2011 թվականը եվրոպական ինտեգրացիան Հայաստանի համար իսկապես այլընտրանք չի ունեցել, մոտակա տարածաշրջաններում չի եղել տնտեսական ինտեգրացիոն որևէ համակարգ, որի մեջ Հայաստանը կարող էր ինտեգրվել՝ զարգացնելով սեփական տնտեսությունը։
5. Նախագահը խոսեց նաև ինքնիշխանության կորստի մասին: Միանշանակ համաձայն եմ, որ ցանկացած միջազգային կազմակերպության, կոնվենցիայի կամ կոալիցիայի միանալիս պետությունը զիջում է ինքնիշխանության մի մասը, սակայն պետք է հավելել, որ պատվիրակելով որոշումների կայացումը վերազգային մարմինների՝ պետությունները կորցնում են ինքնիշխանության մի հատված, միևնույն ժամանակ ձեռք են բերում անդամ մյուս պետությունների վրա ազդելու լուրջ հնարավորություններ: Այլ կերպ ասած՝ անդամ յուրաքանչյուր պետություն ձեռք է բերում մյուսի զիջած ինքնիշխանության որոշ հատված: Մեր պարագայում Հայաստանը, լինելով փոքր պետություն, ստանում է հնարավորություն կառավարել կամ մասնակցել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի կառավարմանը կոնկրետ քաղաքական դաշտերում: 
6. Եվրասիական միությունը և Եվրոպական միությունը դեռևս կհասցնեն համագործակցել, ինտեգրվել և ինչու՞ ոչ միաձուլվել (դրա մասին դեռևս 2007-ին գրել և խոսել է Վլադիմիր Պուտինը), մեծագույն սխալ կլինի Եվրոպական միության կամ եվրոպական միության կողմնակիցների հանդեպ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածելը։
7. Հայաստանը որևէ ջանք չպետք է խնայի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները բարելավելու և համագործակցություն խթանելու համար: Ավելին, գիտելիքները, զարգացման մոտեցումները, որոնք մենք ստացել ենք ԵՄ հետ համագործակցության արդյունքում, կարող են ի նպաստ լինել Եվրասիական միության զարգացման համար: Եվրասիական միությունում ինտեգրացիոն գործընթացներում ոչ մի պետություն չունի այնքան փորձ, որքան Հայաստանը, և դա պետք է օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել