Հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կայացել է արցախյան թթվի առաջին փառատոնը, որը կազմակերպվել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հադրութի շրջվարչակազմի նախաձեռնությամբ։
Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի համար ներկայացվել էին Դրախտիկի 28 մենատնտեսների և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի: Ինչպես նաև ներկայացված էին արցախյան խոհանոցի ավանդական ուտեստները:

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժևորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է: Այն նաև մշակութային ժառանգության, մասնավորապես, ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի և ենթաբարբառների պահպանման և հանրահռչակման նպատակ ունի:

«Փորձը ցույց է տվել, որ նմանատիպ միջոցառումներն ընդունված ու սպասված են ժողովրդի կողմից և մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև օտարերկրացիների շրջանում։ Բացի թթվի փառատոնը՝ արդեն թոնրահացի, գինու փառատոններ ենք նշել Արցախում։ Առաջիկայում նախատեսում ենք նշել նաև ավանդական կորկոտի փառատոն»,- մանրամասնել է Ն. Աղաբալյանը՝ հավելելով, որ նշված փառատոնները ամենամյա բնույթ են կրելու։

Փառատոնին ներկայացվել են նաև արցախյան մշակութային արժեքների, ավանդական արհեստների և կենցաղի ցուցադրություններ: Ազգային նվագարաններով ու ժողովրդական երգ ու պարի, երաժշտության կատարմամբ հանդես են եկել Հադրութի «Դիզակ» համույթը, մշակութային համույթներ Ստեփանակերտից:

Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Արցախի տարբեր շրջաններից, Հայաստանից և արտերկրից։




