Հանրահավաքի ընթացքի և հնչեցված կարծիքների մասին որքան մտածում եմ՝ հարցերը շատանում են: Եվ այսպես՝
1. «Եթե շարունակեն չկատարել ժողովրդի պահանջները, մենք կպարտադրենք իշխանափոխություն» Գագիկ Ծառուկյան։
2.«Մենք անկասկած իշխանափոխություն ենք անելու» Լևոն Տեր Պետրոսյան։
3.«Մինչև ապրիլի 24-ը պետք է կազմակերպել ԱԺ և նախագահի արտահերթ ընտրություններ» Րաֆֆի Հովհաննիսյան (Րաֆֆին ի դեպ, միակն էր, որ այս ընթացքում առաջին անգամ խոսեց նաև կառավարության հրաժարականի պահանաջի մասին)։
ՀԱՐՑ 1.
Պարոնայք, «մի՛ խանգարեք», ի մի բերելով՝ հարցնեմ՝ ո՞րն է ընդհանուրի, այս դեպքում՝ «շարժման», եռյակի (թե՞ քառյակի) պահանջը վերևում թվարկված երեք կետերից: Նաև այն ընդհանուրը` եռյակը, «շարժում» է թե՞ քառյակ: Ուզում եմ հասկանամ՝ քառյակը, շարժումը կա՞, թե՞ դա սոսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկությունն է, որը հնչեցրել էր առաջին հանրահավաքի ժամանակ: Դրան միանալու մասին ո՛չ ԲՀԿ-ն է հայտարարել, ո՛չ էլ Ժառանգությունը, իսկ ՀԺԿ մասին խոսելն էլ անիմաստ է: Հա, ի դեպ, երեկ ասվում էր եռյակ, փաստորեն, քառյակ չստացվե՞ց:
Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ քաղաքականության մեջ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է», և ուրեմն «ընդդիմադրի ընդդիմադիրը՝ իշխանության բարեկամն է»: Սերժի իշխանությանը նման բնորոշումներ է տալիս նաև Ալիևը, և՞:
ՀԱՐՑ 2.
Այս տրամաբանությամբ մտածեմ, որ Ալիևն էլ ձեր բարեկա՞մն է: ***Նվաստս, երեկ ձեր թեթև ձեռքով դարձավ «մարգինալ ուժի ներկայացուցիչ», բայց միանգամից ասեմ՝ Սերժին դեմ եմ: Իշխանափոխությանը՝ ԿՈՂՄ եմ: Իսկական իշխանափոխությանը, այնպիսին, որի մեջ տեղ չունեն երեք նախագահներից և ՈՉ ՄԵԿԸ ու նրանց շրջապատը:
ՀԱՐՑ 3.
Այսինքն, Վարդան Ոսկանյանի ասած, հասկանամ, որ դուք իսկապես պաշտոններ չե՞ք ուզում և չեք հավակնելու՞:
Մեզանում ձևավորվել է ավանդույթ, երբ հարթակում կանգնողին թվում է, թե ինքը ինչ ասում է, ենթակա է ԱՆԲԵԿԱՆԵԼԻ կատարման: Չեմ ընդունում: Հետո՞: ՀՀ պատմության ընթացքում եղած 3 նախագահներն էլ ունեն ընդդիմախոսներ, շատ դեպքերում՝ կոշտ:
ՀԱՐՑ 4.
Ի՞նչ երաշխիք, որ ներկա սահմանադրության պարագայում 4-րդը լավն է լինելու:
Հ.Գ. Վերջում կարելի է անեկդոտ պատմել: Նոր մշակույթ է ձևավորվում: Բայց ուրախանալու առիթ չկա: Կա իրողություն. նրանք, ովքեր այսօր իշխանություն թե հարթակում կանգնածներ են, այսպես թե այնպես, իրար հետ կապ ունեն և այսօրվա վիճակի պատասխանատուներն են: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությանը հաջորդել են նրանք, ովքեր իր իշխանության ժամանակ դերակատար են եղել և ասպարեզ են եկել իր շնորհիվ: Հերթական արարքի ժամանակ նոր մարդկանց ասպարեզ բերելուց ո՞րն է երաշխիքը, որ հետո լավ է լինելու, եթե հիմա ինքն իրեն հաջորդողներին «գամում է անարգանքի սյունին»: Կամ նա, ում այսօր փորձ է արվում վերապահել գլխավոր դերակատարում, ինչու՞ է ապավինել ինչ-որ մեկի աջակցությանը, եթե այն, ինչ հիմա արվում է միայն իր ռեսուրսների հաշվին է... Վերջում՝ խնդրանք: Դուք ասելիք և անելիք ունե՞ք՝ արեք և ասեք, բայց այլոց ՄԻ ՊԻՏԱԿԱՎՈՐԵՔ... Ջեզ այդ իրավունքը ոչ մեկը չի տվել, Ձեզ էլ կարելի է և ասվելու են բաներ, որոնց համար հայտնվելու եք նույն հարթությունում, ինչ-որ ներկայիս իշխանությունն է:
Մարգինալ մը կուսակցության ներկայացուցիչ, որը բարեբախտություն ունեցավ խուսափել «թանգարանային ակումբի անդամի» տիտղոսից...