Ով ինչ ուզում է թող ասի, բայց Լևոն Տեր-Պերոսյանի նման հռետոր և ռազմավար չկա Հայաստանում:
Սակայն ես չեմ դադարում դեժավյու ապրել, երբ նա ելույթ է ունենում:
Դրան հատկապես նպաստում է «մինչև վերջ» արտահայտությունը:
Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի կարդացած տեքստի մեջ այդ «մինչև վերջը» այլ կերպ է հնչում, բայց երբ ետ ենք նայում, ապա ինձ համար դա հնչում է «քանի դեռ չեն ուղարկել տուն»:
Ընդհանրապես, մարդկանց պետք է դատել ըստ գործերի, այլ ոչ թե ելույթների:
97-ին էլ նա կարող էր գործը հասցնել մինչև վերջ, բայց, չունենալով երաշխիքներ, գերադասեց գնալ տուն և երկիրը թողնել ալբանացի օձ ու ղումարբազ թմրամոլ մարդասպաններին:
Ինձ հետաքրքիր չէ, թե 99-ի հոկտեմբերի 24-ին ինչ և ում է նա անեկդոտ պատմել, բայց մեկ բան հայտնի է, որ հոկտեմբերի 27-ին հաջորդող օրերին, երբ նրան դիմել են և նա կարող էր այլ խորհուրդ տար ու ազատեր մեզ, իր իսկ բնութագրմամբ, թաթար-մոնղոլական զույգից, նա գերադասել է թողնել նույնը: Ինչո՞ւ նա չարեց դա: Նա չունե՞ր երաշխիքներ:
Նույնը կրկնվեց նաև 2008-ին: Բազմաթիվ մեղադրանքներ, սպառնալիքներ, իշխանափոխության կոչեր և մինչև վերջ գնալու հայտարարություն: Իսկ ինչ եղավ վերջում, բոլորիս է հայտնի: Նրան հիշեցրեցին, որ նա չունի երաշխիքներ և ավելի լավ է տուն գնա, քանի մի փորձանքի չի հանդիպել: Որն էլ նա արեց: Միայն կարող եմ ասել, որ մի լավ գործ արեց, պատռեց բոլոր քաղաքական ծաղրածուների դիմակները: Մաքրեց դաշտը՝ բաժանելով երկու ճամբարի:
Այսօր նա նորից վերադարձել է նույն 2008-ին խոստացած, բայց չիրականացրած խոստումներով:
Կարծում եմ, որ նա վերադարձել է, քանի որ քաղաքական դաշտը նորից բազմաբևեռ է դարձել:
Իհարկե, նա չէր կարող միայնակ, իր նախկին թիմակիցների հետ լինել հարթակին: Հավանականությունը այդ դեպքում մեծ էր, որ նրա հանրահավաքները կարող էին սակավամարդ լինել: Նրան պետք էր լիներ նոր թիմ, լինեին նոր մարդիկ և նրա կողքին` հարթակին, նոր դեմքեր էին պետք:
Պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանից և Գագիկ Ծառուկյանից լավ թեկնածուներ քաղաքական դաշտում դժվար էլ գտներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական դեմքն է, ով 2013 թվականին հաղթել է Սերժ Սարգսյանին և երբևիցե ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է:
Գագիկ Ծառուկյանը հանրապետության ամենահարուստ մարդկանցից մեկն է և նրա ղեկավարած կուսակցությունը ԱԺ-ում երկրորդն է:
Ռուսները մի լավ խոսք ունեն «Против лома нет приема, если нет другого лома»:
Եթե ես ինչ-որ բան բաց եմ եմ թողել, ապա կուղղեք ինձ, բայց հարթակի հավաքվածները չեն խոսում Սերժ Սարգսյանի ո՛չ լեգիտիմությունից և ո՛չ էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելու փաստից: Ավելին ասեմ: Նրանք խոսում են իշխանափոխությունից և նոր ընտրություններից: Սա նշանակում է մեկ բան, որ Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ է:
Եռյակում երևի պայմանավորվել են, որ կհասնեն իշխանափոխության և հետո, ելնելով ընտրությունների արդյունքներից, կբաժանե՞ն իշխանությունը: Ի սկզբանե պարզ է դառնում, որ սա փակուղի տանող ճանապարհ է: Հարց է առաջանում: Երբ իշխանությունները հրաժարական տվեցին, այդ դեպքում ո՞վ է ղեկավարելու երկիրը և որոշումներ կայացնելու: Հասկանալի է դառնում, որ եթե որոշում կայացնող մնա ՀՀԿ-ն, ապա նրանք նորից կկայացնեն այն, ինչը որ կայացրել են միշտ:
Մնում է մեկ տարբերակ, որ հարթակը Րաֆֆի Հովհաննիսյանին հայտարարի ընտրված նախագահ և նրա շուրջ նոր իշխանություն ձևավորի, որն էլ իշխանափոխությունից հետո կստանձնի իշխանությունը: Գագիկ Ծառուկյանին ավելի լավ կլինի, եթե վստահեն կառավարությունը: Իսկ Ստեփան Դեմիրճյանին էլ կարող են վստահել ԱԺ նախագահի պաշտոնը, եթե պապին հրաժարվի:
Բայց ոնց տեսնում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի մտադրություն չունի: Նա երևի որոշել է մնալ միակ ընդդիմադիր ուժը դաշտում:
Ի՞նչ պետք է նա անի դրան հասնելու համար:
Նախևառաջ նա այսօրվա ելույթով հասկացնել տվեց մեծ եղբորը, որ սա միայն և միայն ներքին խնդիր է: Երկրորդը: Նա կփորձի իր անձրևանոցի տակ հավաքել ամբողջ ընդդիմադիր դաշտը և կհեղինակազրկի բոլորին: Իր հռետորությամբ, հաստատելով իր առավելությունը, իր շուքի տակ «կկորցնի» մյուսներին:
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ: Վերջին պահին նահանջելը ռազմավարակա՞ն քայլ է, թե՞ վախկոտություն: Միգուցե և ես սխալվում եմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի մտքին կա քաղաքական դաշտում թողնել երկու հիմնական խաղացողների:
Լավ չի լինի հատկապես Գագիկ Ծառուկյանի համար, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին վճոռորոշ պահին նորից որոշի տուն գնալ: Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը այդ դեպքի համար պետք է ունենան նախապես մշակված լուծման իրենց տարբերակը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել