Ադրբեջանաբնակ թյուրքերի աչքը վախեցած է Հայաստանի տարածքային ձեռքբերումներից, որը, ըստ իրենց, «Ռուսաստանի հետ միակ երկիրն է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, որն ունի տարածքային ձեռքբերում»: Ըստ հարցումների՝ ադրբեջանաբնակների 40.10%-ին անհանգստացնում է հենց տվյալ փաստը: Այս ինդիկատորը լավագույնս ցույց է տալիս ալիևյան տոտալ քարոզչության անարդյունավետությունը, քանի որ բնակչության կեսն անհանգստանում է «օրավուր մեռնող Հայաստանից»:
Սա նշանակում է, որ տոտալիտարիզմն ստեղծում է իլյուզիվ արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են դեգրադացնել հասարակական իմունիտետը: Դրանք որոշակի ժամանակահատվածում ստեղծելով կարճաժամկետ էֆեկտներ՝ ագրեսիվ վարքաբանություն, թշնամիներ գտնելու հակումներ, մեղավորներ փնտրելու տրամադրություններ, հասարակությանը կտրում են իրական արժեքներից և նրա մեջ մտցնում վախի ու տագնապի զգացողություն, որովհետև ժամանակի ընթացքում միայն մեկ՝ վերևից պարտադրված արժեհամակարգով սնուցվող մարդն սկսում է խուճապային կոլեկտիվ ենթագիտակցական ձեռք բերել: Դրա պատճառը պարզ է. տոտալ քարոզչական սկզբունքով ձևավորած տրամադրությունը, չգտնելով իրացման դաշտ, սկսում է գործել ինքն իր դեմ:
Եթե 25 տարվա նման քարոզչությունից հետո մարդիկ վախենում են «մեռնող» Հայաստանից, ուրեմն կամ այդ քարոզչությունը ամբողջովին սնվել է քաղաքական միֆերով ու ստերեոտիպերով, կամ էլ տեղի է ունեցել քարոզչական պրոֆիցիտ՝ չափաբաժնի ոչ ճիշտ մատուցում: Երբ միֆը պայթում է, առաջանում է վակուում, և հասարակությանը դնում ապագայի նկատմամբ անորոշության, անհանգստությունների և խուճապի մեջ, որովհետև համախմբման և նպատակների սահմանման այլ արժեքներ չեն ստեղծվել:
Ինչպես նշում է քաղաքագետ-հոգեբան Հաննա Արենդտը, «տոտալիտարիզմի պարադոքսը կայանում է նրանում, որ վերջում այն շուռ է գալիս իր ստեղծողների դեմ»: