Panorama.am-ը գրում է․
ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում այսօր բացվեց «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրերի և դուստրերի լուսանկարները: Բացի այդ, միջոցառման ընթացքում ցուցադրվեց սելեկտիվ աբորտների մասին տեսաֆիլմ, որի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:
Միջոցառման բացմանը ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խնդիր է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև հասարակության համար:
«Այստեղ սոցիալական, հոգեբանական, մտածելակերպի, ինչպես նաև մենթալիտետի խնդիր ունենք: Խնդրի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով ֆլեշմոբին` Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնակիցները մեկ անգամ ևս փորձեցին հանրությանը ցույց տալ, որ աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է և այս փաստը պետք է բոլորն ընդունեն:
Փոխնախարարը տեղեկացրեց նաև, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։ Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



