-Ո՞վ է Սոսը։
-Մարզիկ, աշխարհի և եվրոպայի չեմպիոն, հիմա նաև մարզիչ Դուքենդո կարատեի ֆեդերացիայում, վարպետական աստիճանը՝ սև գոտի 3 դան, ասեմ՝ նաև դերասան եմ:
-Ունե՞ք դերասանական կրթություն։
-Ոչ, չունեմ դերասանական կրթություն, բայց դերասանական տաղանդ ունեմ։
-Արդյունքն էլ համարում եք Սոսոյի կերպա՞րը։
-Այո, իսկ ինչու չէ, կարծում եք՝ հե՞շտ է խաղալ այդ տեսակ կերպարում: Ասեմ, որ ի սկզբանե այդ կերպարում ես չպետք է խաղայի, մենք «Վրիժառու» ֆիլմի քաստինգի ժամանակ հրավիրել էինք ձեր մատնանշած թատերական կրթություն ունեցող 60-ից ավելի մարդկանց, պետք է հիասթափեցնեմ, ասելով, որ թե՛ ավարտած, թե՛ ուսանող դերասաններից և ոչ մեկը չկարողացավ մտնել կերպարի մեջ, և արդյունքում Գոռ Վարդանյանն ինձ վստահեց այդ դերը:
-Այստեղից հետևություն, որ դուք կերտել եք կերպար, որը ձեզ հոգեհարազա՞տ է։
-Ոչ, այստեղից հետևություն, որ դերասան ծնվում են, այլ ոչ թե դառնում:
Լավ դերասանը նա է, ով կարողանում է մտնել ցանկացած կերպարի մեջ, որը կապ չունի իր էության հետ:
Ինքս իմ կրթությամբ, թե մարդկային հատկանիշներով մանկավարժ եմ, և ինձ վստահված է կրթել և դաստիարակել բազմաթիվ երեխաների, որի համար շնորհակալ եմ ծնողներին՝ այդ պատասխանատվությունն ինձ վստահելու համար:

-Արդյոք դուք չունե՞ք վախ, որ ձեզ տրված ծնողական վստահությունը մի օր բացասական հետևանքներ կթողի, չե՞ք վախենում ձեր կերտած կերպարների ռիսկային լինելուց։
-Իհարկե, ոչ, եթե դուք երբևէ դիտել եք ֆիլմերից որևէ մեկը, պիտի նկատած լինեիք, որ ֆիլմում ոչ մի բացասական կերպար անպատիժ չի մնում: Դերը մնում է դեր, և դա իրականության հետ կապ չունի, պետք չէ ֆիլմի կերպարներով ապրել, ֆիլմը ֆիլմ է դիտելու և ինչ-որ բան սովորելու համար: Կավելացնեմ նաև, որ յուրաքանչյուր մարդու հետ վատ բան լինում է այն ժամանակ, երբ նա ունենում է ինֆորմացիայի պակաս:
-«Ստվերները Դրախտում» ֆիլմում ունե՞ք մասնակցություն, և ո՞րն է այն։
Այո, դերակատարում ունեմ, բավականին բարդ դեր եմ խաղացել, չեմ կարծում, որ Սոսոյի կերպարին կզիջի իր տպավորիչ լինելով: Կերպարների հետ կապված չունեմ որևէ կոմպլեքս, և եթե օրերից մի օր Գոռ Վարդանյանն ինձ առաջարկի խաղալ փողոցային թափառականի դեր, վստահ եմ՝ հանդիսատեսը նույն կերպ կսիրի ու կընդունի:
Արմինե Ասատրյան



